Այսօր Գյումրու թիվ 23 դպրոցում, որը նախկինում ռուսական թեքում ուներ, տեղի ունեցավ ռուսական երգի փառատոն: Այն կրում էր «Երգը բարեկամության կամուրջ է» խորագիրը:
Թե ո՞րն էր նման կարգի փառատոնի անցկացման նպատակը, այս հարցի շուրջ բավական ուշագրավ մեկնաբանություն էր գրված կանոնակարգում: «Աջակցել ռուսաց լեզվի մասսայականցմանը, Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգեւոր արժեքներին, աջակցել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի մասին ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը, Ռուսաստանի`որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ վերաբերյալ գիտելիքների տարածմանը»: Հետաքրքիրն այն է, որ այդ նույն փառատոնի շրջանակներում նախատեսվում է նաև շարադրություն «Ռուսաստանը և ռուսաց լեզուն իմ կյանքում» թեմայով:
Փառատոնը կազմակերպել էին «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնը», ՀՀ կրթության ու գիտության, ինչպես նաև մշակույթի նախարարությունները` ՌԴ «Русский мир» հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ: Փառատոնին հնչեցին ռուսական տարբեր` հայրենասիրական, էստրադային ու մանկական երգեր` տարբեր դպրոցների երեխաների կատարմամբ:
Մենք «Ռուսաստանի հայերի միության» և «Համաշխարհային հայկական կոնգրեսի» փոխնախագահ, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Վլադիմիր Աղայանից հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ է որոշվել մասսայականացնել ռուսաց լեզուն Հայաստանում: «Ոչ մեկը նման որոշում չի ընդունել, և մեզ չի պարտադրել: «Ռուսաստանի հայերի միությունը»` որպես համառուսաստանյան հասարակական կազմակերպություն, ուսումնասիրեց ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի վիճակը Հայաստանում այսօր` հետսովետական ժամանակահատվածում, և պետք է ասեմ, որ և ռուսաց լեզուն և մշակույթը բավականին զիջել են իրենց տեղը, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ ԱՊՀ բոլոր երկրներում: Եվ դա ինչ- որ տեղ նաև օրինաչափ է. ե՛ւ ԱՊՀ երկրներում, ե՛ւ մեզանում տեղի է ունենում վերակողմնորոշում դեպի արևմտյան մշակութային արժեքներ, եվրոպական լեզուներ: Բնական է, որ Հայաստանն էլ դուրս չի մնում այդ ընդհանուր խաղից, բայց մենք չենք ուզում, որ այդ վերակողմնորոշումը տեղի ունենա ռուսաց լեզվի հաշվին, ռուսաց մշակույթի հաշվին: Այստեղ կարող եք ասել` իսկ ինչո՞ւ, որովհետև մենք ապրել և ապրում ենք ռուսալեզու հարթության վրա: Եվ եթե մեր երիտասարդությունը որպես օտար լեզու պետք է սովորի մեկ կամ երկու լեզու, եթե երկու, ապա դրանցից մեկը պետք լինի ռուսերենը: Էդպես ենք գտնում, որ տիրապետի ռուսերենին, հիմա էլ մտնում ենք Եվրասիական տնտեսական միություն, բնական է, որ մենք գնում ենք ռուսալեզու հարթության վրա, իսկ այդ հարթության վրա ազգամիջյան հաղորդակցության լեզուն ռուսերեն լեզուն է: Բոլորս պետք է շահագրգիռ լինենք, որ մեր երիտասարդությունը, մատաղ սերունդը տիրապետի ռուսերենին»:
Այն հարցին, թե Մաքսային միությանն ընդառա՞ջ պետք է խորացնեն ռուսերենի իմացությունը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ թե՛ ընտանիքներում, թե՛ երիտասարդության շրջանակներում պետք է փոխվի վերաբերմունքը ռուսերենի նկատամամբ: «Էսօր մեր երիտասարդությունը բավական զիջում է, կարող եմ մեկ օրինակ բերել. եթե Մոսկվա եք մեկնում, ինքնաթիռում երեք հարցից բաղկացած քարտը լրացնելու համար սկսում են դիմել միջին սերնդի ներկայացուցիչներին, չեն կարողանում լրացնել: Մի մոռացեք, որ անկախ փորձագետների տվյալներով, այսօր Ռուսաստանում բնակվում է 2,5 միլիոն հայ, այդ թիվը հասնում է մինչև 3,5 կես միլիոնի, ավելի շատ, քան Հայաստանում: Եթե նույնիսկ վերցենք 2,5 միլիոն, դա նշանակում է, որ Հայաստանում յուրաքաչյուր 3-րդ, 4-րդ ընտանիք կամա թե ակամա կապված է Ռուսաստանի հետ: Բայց ոչ հայոց լեզվի հաշվին, հայոց լեզուն կա, և դա մեր սրբությունն է , հայոց լեզուն պետական լեզու է, առաջ ռուսաց լեզուն գրեթե երկրորդ մայրենի լեզու էր, մենք կողմ ենք, որ այդ օտար լեզուներից մեկը, եթե պիտի անգլերենը լինի, լինի նաև ռուսերենը, և մարդիկ տիրապետեն », – ասաց Վլադիմիր Աղայանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ռուսը՝ հայի թիվ 1 թշնամին:
Ты еще не получил гражданство Нидерландов, Вараз? Или уже получил с условием, что до конца жизни будешь гадости писать ?