Հարցով զբաղվում է քննչական կոմիտեն:
Օրերս «Նոյյան տապանում» կայացած ասուլիսում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի) տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը, ում բնակարանը խուզարկվել էր հայտնի վիրտուալ սկանդալի շրջանակներում, անդրադարձել էր նաեւ Պոլիտեխնիկի քոլեջին եւ ասել, թե այնտեղ մարդկանց խանգարում են աշխատել: Այդ ասուլիսի տեսագրությունն առկա է «Նոյյան տապան» գործակալության կայքում :
Ավելի ուշ պարզեցինք, որ պոլիտեխնիկի քոլեջի ավարտական կուրս տեղափոխվող երկու ջավախքցի ուսանող՝ Գուրգեն Վարդանյանը եւ Սարգիս Խզմալյանը, բացակայելով Հայաստանից՝ գարնանային քննաշրջանում, բացառությամբ մեկ առարկայի, դրական գնահատականներ են ստացել: Միայն «էլեկտրական սարքավորումների տեղակայում եւ սպասարկում» առարկայի դասախոս Արմեն Կիրակոսյանը չի գնահատել փաստացի հանրապետությունում չգտնվող ուսանողներին:
Լուրը հասել էր բուհի ղեկավարությանը, եւ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հրամանով համապատասխան հանձնաժողով էր ստեղծվել՝ քոլեջի ուսանողներ Գուրգեն Վարդանյանի եւ Սարգիս Խզմալյանի հետ կապված միջադեպն ուսումնասիրելու նպատակով: Ընդ որում, այդ հանձնաժողովի նախագահն է Խոյեցյանի քեռին՝ պոլիտեխնիկի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը, որը հայտնի է նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ հրապարակումներով, եւ ըստ պոլիտեխնիկցիների, վերջին շրջանում Հովհաննես Թոքմաջյանի պաշտոնանակության մասին լուրեր տարածողներից մեկն է:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացանք պոլիտեխնիկից, Խաչատրյանի նախագահությամբ կազմված հանձնաժողովին չէր հաջողվել պարզել իրավիճակը, ավելին՝ մեղադրանքի սլաքն ուղղվել էր դեպի այն դասախոսը, որը չի գնահատել բացակայող ուսանողներին:
«էլեկտրական սարքավորումների տեղակայում եւ սպասարկում» առարկայի դասախոս Արեն Կիրակոսյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանություններ անել: Aravot.am-ին նա հեռախոսով ասաց, որ հարցերն ուղղենք ռեկտորի պաշտոնակատար Թոքմաջյանին:
Հավելենք, որ բուհի ղեկավարությունը, տեսնելով, որ սպառել է հարցը ներքին միջոցներով լուծելու բոլոր ուղիները, ստիպված դիմել է քննչական կոմիտե:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի Գոհար Հակոբյան, որպես բուհի նախկին շրջանավարտ, ուշիուշով հետևում եմ Պոլիտեխի նորությունների ընթացքին: Իմ տեղեկությամբ միշտ աչքի եք ընկել անաչառությամբ, բայց հատկապես իմ բուհին վերաբերող նյութերում, մի կողմ եք դրել դա և ջանք չեք խնայում ռեկտորին գովերգելու: Դա անզեն աչքով էլ է երևում, չհերքե՛ք: Մի թույլ տվեք, որ ստվեր գցվի Ձեր լրագրողական աշխատանքի վրա: Ամենայն բարիք Ձեզ:
Հարգելի Լիլիթ, ցավում եմ, որ Ձեր տպավորությունը՝ իմ նյութերի հետ կապված, փոխվել է: Ամեն դեպքում, ես նյութերը պատրաստելիս աշխատում եմ լինել հավասարակշռված: Եթե նկատեցիք, այստեղ եւս փորձել եմ մեկնաբանություն ստանալ պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանից, իսկ դասախոս Կիրակոսյանը չի պատասխանել իմ հեռախոսազանգերին: Ես անպայման իրենից եւս մեկնաբանություն կստանամ, որպեսզի Ձեզ մոտ առաջացած թյուր տպավորությունն անցնի: Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատարին պաշտպանելու խնդիր չունեմ, պարզապես, ինքը դասվում է այն ռեկտորների թվին, որոնք բաց են եւ ցանկացած պահի պատրաստ են լրագրողին մեկնաբանություններ տրամադրել: Ի դեպ, Հովհաննես Թոքմաջյանից բացի, բաց են աշխատում ԵՊՀ, Գեղարվեստի ակադեմիայի, Ագրարային համալսարանի, Մանկավարժական համալսարանի, Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորները: Այս անձանցից որեւէ մեկը իմ ազգականը չէ: Եվ նորմալ եմ վերաբերվում այն բանին, որ հրապարակումը կարող է ոմանց դուր գալ, ոմանց՝ ոչ: Դա կարող է կապ ունենալ նախասիրության, ճաշակի կամ գուցե դժգոհողի (գոհի) մտերիմ մարդու անունը որեւէ հոդվածում նշված լինելու հետ: Հարգանքով՝ Գոհար
Հ.Գ. Ի վերջո, ես չեմ մեղավորը, որ պոլիտեխնիկի քոլեջի ուսանողներին գնահատել են, չնայած նրանք հանրապետությունում չեն եղել:
Տիկին Հակոբյան շնորհակալ ենք օբյեկտիվ նյութի համար:Արմեն Կիրակոսյաինին ճանաչում ենք որպես անաչառ դասախոս, հուսով ենք ամեն ինչ շուտով կպարզվի և ՞նախկին շրջանավարտ՞ Լիլիթը կամաչի իր գնահատականի համար, եթե իհարկե Լիլիթը կեղծ անվան տակ հանդես չի գալիս: