Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով այն լուրերը, որ կրթության եւ գիտության նախարարությունը «հատուկ քաղաքականություն» է որդեգրել մասնավոր բուհերի նկատմամբ, նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ նախարարությունը չի տարբերակում բուհերը պետականի, մասնավորի, միջպետականի և այլն. «Կրթության որակի տեսանկյունից բոլոր բուհերին ներկայացվում են նույն պահանջները, որոնք մենք չէ, որ հորինել ենք, այլ դրանք եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պահանջներն են, որոնք որակի ապահովմանն են վերաբերում ու երաշխավորում են տվյալ երկրի բուհերի դիպլոմների ճանաչման հարցը»:
Արդյո՞ք Հայաստանը ուզում է շարունակել մնալ մի երկիր, որ եղել ենք տարիներ առաջ, ուր արտադրվել են դիպլոմներ, որոնց որակը համարժեք և համապատասխան չի եղել այն կրթությանն ու գիտելիքին, որ տրվել են: Սա այն հարցն է, որն, ըստ նախարարի, բոլորս պետք է մեզ տանք: «Ես այդ տեսակետին չեմ, մենք չպետք է մնանք կամ դառնանք այդպիսի երկիր, որը եղել է 90-ականներին, 2000-ականներին, և սա առանց որևէ քաղաքական ակնարկի եմ ասում: Խոսքը եվրոպական նոր պահանջների մասին է»,- շեշտեց նա ու տեղեկացրեց, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի է ունենալու մի գագաթաժողով, որտեղ քննարկվելու և հաստատվելու է որակի ապահովման նոր ուղեցույց: Իսկ սա նշանակում է, որ բուհերը պետք է անցնեն հավատարմագրման ավելի խիստ գործընթացներ, ստանան հավատարմագիր, երաշխավորեն իրենց որակը և այդ հավաստագրերը ճանաչվեն Եվրոպայում. «Սա է ամենակարճ ճանապարհը, քանի որ այսօր շատ քիչ երկրներ կան, որոնք միջպետական համաձայնագրերով դիպլոմներ են ճանաչում: Կլինի դա մասնավոր, թե պետական բուհ, բայց նրանք պետք է բավարարեն ըստ այդմ առաջադրվելիք պահանջները»:
Արմեն Աշոտյանը նաև հայտարարեց, որ մինչ այժմ ոչ մի ոչ պետական բուհ չի անցել նոր հավատարմագրման մեխանիզմ, հին հավատարմագրերը, որ տրվել են մինչև բոլոնյան գործընթացը, իրենց բովանդակությունը կորցրել են: Անգամ պատկերավոր օրինակ բերեց. «Գիտեք, դա նման է մի իրավիճակի, երբ շատ լավ օծանելիք եք ունենում, բայց ժամանակի ընթացքում այն ցնդել է: Այ տենց դատարկ շշեր են, կներեք արտահայտությանս: Դրանք ուժի մեջ, վավեր փաստաթղթեր են, բայց կրթության տեսանկյունից նոր ֆլակոն, նոր սրվակ ունենալու պահանջ է դրված: Պետական բուհերը` 20 բուհ, նախապատրաստական ամբողջ փուլն անցել են, բայց ոչ մի վերջնական որոշում դեռ չկա` հավատարմագրման հանձնաժողովը մինչև տարեվերջ պետք է հավաքվի և որոշի, թե պետական բուհերից որոնք են ստանում ինստիտուցիոնալ հավատարմագրում, որոնք չեն ստանում հավատարմագրում, իսկ որոնք են ստանում պայմանական»:
Նախարարն ասաց, որ մասնավոր որոշ բուհեր էլ են այդ գործընթացի մեջ, բայց վերջնական որոշում այդ հանձնաժողովը դեռ չի կայացրել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ