Ինչպես արդեն տեղեկացրել էինք` երեկ Կապանում ջրատարի վթարի հետեւանքով մոտակա շենքի բնակիչները բազմաթիվ վնասներ են կրել: Ջրի շիթի ուժեղ հարվածից ապակիներ էին ջարդվել, տները` ողողվել ջրով, գույքը վնասվել, բնակիչները տեղափոխվել են այլ բնակարաններ: Այսօր դեպքի վայր են այցելել նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին, որից հետո խնդրի վերաբերյալ Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացվել:
Խորհրդակցությունից հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ վթարի հետեւանքով վնասներ կրած 15 բնակարանների տերերն առաջիկա երկու օրվա ընթացքում գումար կստանան` նորոգման աշխատանքներ իրականացնելու համար: «Իսկապես էդ 15 ընտանիքների համար շատ դժվար ա, բայց այսօր արդեն խնդիրը վերջնական լուծում ստացավ: 15-ն էլ իրենց գումարները կստանան, կվերանորոգեն իրենց բնակարանները, ես հանդիպեցի ու ասացի իրենց, որ երևի իրենց բնակարաններից էլ մի քանի անգամ լավ բնակարաններ կունենան:
Երեկ առավոտյան անմիջապես տեղեկացվել է վարչապետին, իր հանձնարարականը կա և վաղը գումարները կփոխանցվեն և ըստ քառակուսի մետրերի ամեն մարդ իր բնակարանի չափով գումարը կստանա, տանիքը, շքամուտքը, բակը ամբողջությամբ կնորոգվեն, խաղահրապարակն էլ հետը»,- նշեց մարզպետը: Այժմ անվտանգությունից ելնելով` խոնավ տներում հոսանք օգտագործել չի թույլատրվում, նախքան էլեկտրականության եւ գազամատակարարման վերականգնումը` բնակիչներին վառելափայտ եւ վառարաններ են տրամադրվելու` տները տաքացնելու եւ հնարավորինս շուտ չորացնելու համար:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լիսկա – Կապանի «քաղաքապետ» Հայրապետյան Աշոտ – «Հայջրմուղկոյուղի». խեղճ կապանցիներ այս եռյակի ճանկերում:
Այսինքն՝ Կապանում ոչ մի տեղ մարդու կյանքը ապահով չէ. նույնիսկ տանդ նստած ջուրն ու քարը կարող են հասնել 5-րդ հարկ ու քեզ վնասել/սպանել: Իսկ Կապանի ոչ-պրոֆեսիոնալ քաղաքապետը/քաղաքապետարանը այս «Հայջրմուղկոյուղի» կոչված ՎԱՏ ու անպատասխանատու «ձեռնարկության» հետ 25 ՏԱՐՈՎ պայմանագիր է կնքել,որ ի՞նչ անի. որ քաղաքացիներին տառապեցնի՞:
Փոխհատուցումը բավարար չէ. պիտի նաև ԴԱՏԻ ՏԱԼ այդ ՎԱՏ ԱՇԽԱՏՈՂ «Հայջրմուղկոյուղուն» ու Կապանի ՎԱՏ ԱՇԽԱՏՈՂ քաղաքապետարանին: