Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Ամիրխանյանին անասունների շղթայով ծառից կապել են

Նոյեմբեր 03,2014 18:05

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված, Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի 42-ամյա բնակիչ Վահագն Ամիրխանյանը նոր մանրամասներ պատմեց Ղարաբաղում իր զրկանքների մասին:

2008թ. հոկտեմբերի 15-ին երեկոյան «Մարիամ» ՍՊԸ տնօրեն Գրիշա Սարգսյանը իր տան բակում անասունները կապելու շղթայով թզենուց շղթայել է Վահագնին: Գ. Սարգսյանը նրան նման պատժի է ենթարկվել այն պատճառով, որ երեկոյան անասունները դաշտից տուն վերադառնալու ժամանակ հորթերը խառնվել են կովերին, Վահագնը դա չի կարողացել կանխել: Գրիշան Վահագնի ձախ ձեռքը կապել է թզենուն, շղթան 2 պնդօղակներով ամրացրել: Վահագնի խոսքերով՝ մոտ 5 ժամ կապված մնալուց հետո, անձրեւոտ գիշերը, երբ ինքը մնացել էր առանց հսկողության, աջ ձեռքով կարողացել է իրեն ազատել:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին (ի դեպ, այդ օրը Լեւոն Հայրապետյանի հովանավորությամբ Ղարաբաղում 700 զույգ ամուսնացան) Վահագնը շղթան ձեռքին գնացել է ոստիկանության Մարտակերտի բաժին: Ոստիկանություն են կանչել Գրիշա Սարգսյանին, ով պնդօղակների բանալիով Վահագնի ձեռքը ազատել է շղթայից: Վ. Ամիրխանյանի վկայությամբ՝ այդ առթիվ ոստիկանությունում քրեական գործ չեն հարուցել:

Վահագն Ամիրխանյանի թրաֆիքինգի պատմությունը սկսել է հետաքրքրել Հայաստանի եւ Ղարաբաղի իրավապահներին: Նոյեմբերի 3-ի «Առավոտի» խմբագրությունից իմանալով մեր բջջային հեռախոսահամարը ՝ մեզ զանգահարեց ՀՀ ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի մի աշխատակից, որը ցանկացավ իմանալ Վահագն Ամիրխանյանի գտնվելու վայրը, նաեւ հայտնեց, որ առաջիկայում ինքը կժամանի Դովեղ եւ կհանդիպի Վահագնին:

Դրանից հետո, մի քանի ժամ անց մեզ զանգահարեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի դատախազ Նարեկ Հարությունյանը: Նա մեր հոդվածում ներկայացված դեպքերը արտառոց համարեց եւ ասաց, որ պետք է դրանք ճշտել: Նա հարցրեց, թե Վահագն Ամիրխանյանը կարո՞ղ ներկայանալ Մարտակերտի դատախազություն:

Վ. Ամիրխանյանը մեզ հայտնեց եւ դա մենք փոխանցեցինք Ն. Հարությունյանին,որ Վահագնը ,որպես ՀՀ քաղաքացի, գերադասում է, որ իր գործով զբաղվեն Հայաստանի իրավապահները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930