Որ Հայաստանի բոլոր դպրոցները միանգամից արդիականանան, մեկ միլիարդ դրամ է անհրաժեշտ: Այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ այդ թիվը հրապարակեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին: «Կրթության և մշակույթի գումարները միշտ անբավարար են, ու որքան շատ լինեն այդ գումարներն, այդքան այդ ոլորտում հաջողությունները մեծ կլինեն»,- կարծիք հնչեցրեց պատգամավորը:
Պատգամավորն անդրադարձավ նաև Երևանի պետական կոնսերվատորիային՝ նշելով, որ այնտեղ պետք է կառավարման համակարգը փոխվի. «Անընդունելի եմ համարում, որ երկար տարիների պրոֆեսորը կարող է 60 հազար աշխատավարձ ստանալ կամ ավելացումով 80 հազար, շատ քիչ են վճարվում: Ռեկտորն էլ վերջերս ասել էր, որ վիրահատական միջամտության կարիք կա: Կարծում եմ, որ պետք է այնպիսի ռազմավարություն մշակվեր, որի ընթացքում կառավարման մեթոդները նորացվեին:
Դասական երաժշտությանն առհասարակ նուրբ պետք է մոտենալ ու խիրուրգիական միջամտությունը կարող էր ավելի վատ հետևանքների բերել»: «Ցանկացած բժշկական միջամտություն ողջունում եմ, դրանով եմ զբաղվել իմ նախարարի պաշտոնավարման հինգ ու կես տարիների ընթացքում: Այդ միջամտությունը կլինի ուլտրաձայնային, ճառագայթային, թե օմեոպատիկ, այս պահին տեխնիկայի հարց է»,-մասնագիտական տերմինալոգիայով արտահայտվեց կրթությամբ բժիշկը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը: Բուն խնդրի վերաբերյալ էլ ասաց. «Կոնսերվատորիայի մասին եթե խոսենք, պետք է արձանագրենք, որ բոլոր թերություններով հանդերձ այն Հայաստանի բարձրագույն կրթական համակարգին շարմ հաղորդող բուհ է, որի կադրերի որակն իրականում բարձր է»: Աշոտյանի կարծիքով, կոնսերվատորիայի դասախոսական կազմը շատ մեծ է, նման կազմով հնարավոր չէ հավակնել բարձր աշխատավարձի: «Մենք վարձատրում ենք մարդու աշխատանքը, ոչ թե նրա կոչումը, պաշտոնը»,- ասաց Արմեն Աշոտյանը ու հավելեց, որ կոչումների համար հավելավճարներ կան: Նախարարը կիսում է կուսակից պատգամավորի կարծիքը, որ կառավարման խնդիր կա, բայց կամք է անհրաժեշտ: Միաժամանակ նկատեց, որ եթե մի քանի դասախոս կրճատեն, ապա լրատվամիջոցները կրկին կգրեն, որ ջարդ է սկսել և այլն. «Կառավարման խորհրդից ակնկալում եմ, որ իրենք ավելի տոկուն ու խիզախ լինեն իրենց գործողությունների մեջ, և ես իրենց կողքին կանգնած եմ»:
Կարինե Աճեմյանի նյարդերը տեղի տվեցին. «Շատ հետաքրքիր է, որ կոնսերվատորիայի թեմայով դուք դեռ կարողանում եք հումոր անել, որովհետև իրականում շատ տխուր է իրավիճակը»: Պատգամավորն այն կարծիքին է, որ կտրուկ քայլերը վաղուց պետք է արվեին, քանի որ դասախոսը մեկ դասաժամի համար վարձատրվում է 750 դրամ: Ըստ Աճեմյանի՝ ժամանակն է թացը չորից տարբերել ու ապահովել նորմալ վարձատրությունը:
Արմեն Աշոտյանն ի պատասխան պատգամավորի դիտարկման հիշեց, թե մի գիտնական, ում անունը չբարձրաձայնեց, ժամանակին, երբ ինքն արդեն վեց տարի է նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, ասել է`երիտասարդ եք, եթե այդքան երկար պաշտոնավարել եք, ուրեմն հումորի զգացում ունեք եւ ամուր նյարդեր: Իսկ կոնսերվատորիայում կամ որեւէ այլ բուհում աշխատավարձերի բարձրացման մասին առաջարկում է միասին մտածել: Լուծման տարբերակներից մեկն էլ վարձերի բարձրացումն է, ինչին նախարարը դեմ է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ