Մոտոցիկլետով շուրջերկրյա ճանապարհորդության դուրս եկած հոլանդացի զույգը խոչընդոտների էր հանդիպել Հայաստանում, բայց հայերը նրանց դժվարության մեջ չեն թողել:
Պիետեր Գրիմնիկն ու Մենդի Բրանդերն իրենց ամբողջ ունեցվածքը վաճառել են հանուն արկածախնդիր ուղևորության, գրում է «Դեյլի Մեյլ»-ը:
Այս տարվա մարտին, դուրս գալով իրենց հայրենի քաղաք Ամստերդամից, նրանք Արևելյան Եվրոպայով անցել են Ասիա ու այժմ հասել են Նեպալ: Ճանապարհորդությունը զույգը իրենց բլոգում փաստագրում է լուսանկարներով և տեքստով:
Հայաստանում նրանց համար եղանակն էր դժվարություններ ստեղծել, սակայն նրանց ձեռք էին մեկնել տեղացիները:
Կարդացեք նաև
«Հայաստանում ուժեղ ձյան պատճառով կանգ էինք առել ու մի հիանալի ընտանիք թույլ տվեց մեզ մի քանի օր մնալ իրենց տանը», – պատմում են նրանք, – «Մենք շատ զգացված էինք: Ու չնայած այդ մարդիկ շատ աղքատ են, բայց ընդունում են ձեզ, ինչպես իրենց ընտանիքի անդամներին»:
Իրենց բլոգում Պիետերն ու Մենդին գրառել են Երևանին մոտ գյուղերից մեկում բնակվող 2-ամյա Լեյլայի և 4-ամյա Ռեզոյի մասին, որոնք ծնվել են Ամստերդամում, իսկ հիմա իրենց մորաքրոջ հետ շատ վատ պայմաններում ապրում են Հայաստանում: Նրանց մայրն ինքնասպանություն է գործել: Այժմ երեխաների հայրը փորձում է նրանց վերադարձնել Նիդերլանդներ. գործը դատարանում է: Հոլանդացի զույգը կոչ են անում օգնել ընտանիքին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ