Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Սաֆարյան. Հովիկ Աբրահամյանը կապ չունի

Նոյեմբեր 03,2014 17:30

Ինչո՞ւ են որոշել Արարատի մարզին հանրակրթական դպրոցներում սոցիալապես անապահով երեխաների համար սննդի հատկացման և դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար ավելի շատ գումար փոխանցել, քան մյուս մարզերին միասին վերցրած: Այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց` դա Հովիկ Աբրահամյանի հետ կապ ունի՞: «Արարատի մարզը երկու փոխհատուցման դեպքում էլ առաջին տեղում է, այն դեպքում, երբ Արարատի մարզն իր աշակերտների թվով յոթերորդն է Հայաստանում: Եթե ձեր կառավարությունը գնում է հավասարեցման քաղաքականությամբ, ապա ինչո՞ւ Արարատի մարզում սոցիալապես անապահով ընտանիքների դասագրքերի վարձավճարների փոխհատուցումը 10,5 մլն դրամ է կազմում, որը 10 մարզերի մեջ առաջին տեղում է: Հովիկ Աբրահամյանի գործոնն այստեղ կա՞, թե՞ ոչ»,-հարցրեց պատգամավորը`հավելելով. «Սնունդ ստանալու է երեք մարզ՝ Արարատ, Սյունիք, Վայոց ձոր, ընդ որում՝ միայն Արարատի մարզի դպրոցական սննդի համար հատկացված է 330 մլն դրամ, այն դեպքում, երբ մնացած բոլոր մարզերի գումարը միասին կազմում է 250 մլն դրամ: Սա ի՞նչ քաղաքականություն է, թվերը կարևոր չեն»:

Փոխնախարարը չհասկացավ պատգամավորի հարցը, մասնավորաբար, այն, թե ի՞նչ է ուզում ասել նա` հավասարաչափ ասելով: «Ես կարող եմ ասել, որ կան ծրագրեր, որոնք իրականացվում են հավասար չէ, բայց հավասարաչափ: Օրինակ, ֆինանսավորում ենք աշակերտի թվի սկզբունքով և մարզերի միջև տարբերություն չկա»,-ասաց Պավել Սաֆարյանը`պնդելով, որ պատգամավորի բերած թվերն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա, թե ինչո՞ւ «պիլոտային» այդ ծրագրով երեք մարզերն ընտրվեցին, սննդի ծրագիրը «երկար պատմություն» ունի ու պնդեց, որ քանակապես հավասարաչափ է տրվել:

Արամ Մանուկյանը խնդրեց փոխնախարարին՝ առանց որևէ հեգնանքի պատասխանել և կրկին մեջբերեց թվերը. «Արարատի մարզում հավասարաչափի մասին խոսք լինել չի կարող, քանի որ այն մարզերի մեջ ոչ ամենից անապահովն է, ոչ էլ քանակական առումով ամենից շատ աշակերտն ունի: Հստակ է հարցս՝ Հովիկ Աբրահամյանի գործոնը կա՞, թե՞ չկա: Ասեք չկա ու պրծեք»:

Պավել Սաֆարյանը պատասխանեց` «չկա» ու հավելեց, որ հարցին լուրջ է վերաբերվում: «Ես ասացի, որ Արարատի շրջանում գումարների տարբերությունը պայմանավորված է աշակերտների թվով: Արարատի մարզում 14 062 աշակերտի թվով է պլանավորված, Սյունքիում՝ 6097 և Վայոց ձորում՝ 2583: Այս ծրագիրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ որևէ առնչություն չունի»,-շարունակեց նա:

Արամ Մանուկյանն արձագանքեց. «Շատ լավ, դիտարկենք, որպես ամենաանապահով սոցիալական մարզը, Շիրակը հանած»: «Ոչ, պարոն Մանուկյան, սա պիլոտային ծրագիր է և ընդգրկելու է նաև մյուս մարզերը՝ ուղղակի հաջորդականությունն այսպես է նախատեսված»,-պատասխանեց փոխնախարարը`հավելելով, որ դասագրքերի մասով բոլոր մարզերի 5-12-րդ դասարանների աշակերտների թվաքանակը կփոխանցի և պատգամավորը կտեսնի, որ Արարատի մարզում աշակերտների թիվն ավելի շատ է:

Արամ Մանուկյանը տեղից ասաց, թե փոխնախարարը ներկայացնում է ծրագրով նախատեսված աշակերտների թիվը, մինչդեռ ինքը բերում է ընդհանուր աշակերտների թիվը, իսկ այդ ընդհանուր թվով Արարատը առաջին տեղում չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930