Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսի, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանի եւ կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանի հետ:
Հյուրերը տեղեկացրել են, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի
25-ամյակի նախաշեմին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը տարբեր երկրների
խորհրդարանների, այդ թվում ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ երեխաների
իրավունքների պաշտպանությանն առնչվող միջոցառումների շարք է ձեռնարկել:
Հանդիպմանը քննարկվել են այդ միջոցառումների անցկացման ձեւաչափին ու օրակարգին
առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը կարեւորել
է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը
երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Տիկին Նաղդալյանը նշել է, որ
երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը մշտապես ՀՀ Ազգային ժողովի
ուշադրության կենտրոնում է: Նա համոզմունք է հայտնել, որ երեխաների
հիմնախնդիրներին վերաբերող համատեղ միջոցառումներն ու ծրագրերը շարունակական
կլինեն եւ կարեւորել է առաջիկայում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ
կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող քննարկման կազմակերպումը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշել է, որ
ինքը համոզվել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող
օրենսդրությունը Հայաստանի խորհրդարանի ուշադրության կենտրոնում է եւ այդ
համատեքստում կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի
միջեւ համագործակցության ակտիվացումը: Նա նշել է, որ իրենք համագործակցում են
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հետ երեխաների իրավունքների պաշտպանությանն
առնչվող օրենսդրական հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ նախադպրոցական եւ միջին
մասնագիտական, երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական
բարեփոխումներին:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն