Հազարավոր ուսանողներ ունենք, որոնք մեկնում են աշխարհի տարբեր բուհեր սովորելու և պետությունը տարբեր չափաբաժիններով մասնակցում է նրանց ուսմանը, մինչդեռ գնացածների մոտ 60-70 տոկոսը չի վերադառնում Հայաստան: Որոշ վիճակագրական տվյալներով, հայ ուսանողները հատկապես ՌԴ են մեկնում սովորելու: Ի՞նչ երաշխիքներ կան, որ պետությունը կարողանա վերադարձնել այդ գումարները: Այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս մտահոգությունները հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Կրթության եւ գիտության ոլորտի հատկացումները ներկայացնող Պավել Սաֆարյանն ասաց`ճիշտ կլինի, որ հարցին պատասխանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, քանի որ ինքը տեխնիկական հարցերին ծանոթ չէ: Միայն հավելեց, որ պատգամավորի տեղեկություններն այն մասին, թե բյուջեն զգալի գումարներ է նախատեսում, որպեսզի ուսանողները սովորեն արտերկրում, ճիշտ չեն: Ռուբեն Հակոբյանը սակայն պնդեց, որ իր տեղեկություններով, պետությունը նույնիսկ մեկնող ուսանողների ինքնաթիռի տոմսերն է փոխհատուցում. «Սա մի ոլորտ է, որ պետք է ուսումնասիրվի, քանի որ երաշխավորված չէ, որ ուսանողները, ում վրա պետությունը փող է ծախսում, կվերադառնան, ու այդ գումարները, այսպես ասած, կվերադառնան Հայաստան»: Պավել Սաֆարյանն էլ ավելացրեց, որ այստեղ ավելի շատ ոչ թե ֆինանսական է խնդիրը, այլ ինչպե՞ս անել, որ մեր երեխաները վերադառնան հայրենիք:
Ի դեպ, Պավել Սաֆարյանն ասաց, որ գալիք տարի 4, 3 տոկոսով պետք է ավելացնեին կրթության ոլորտին հատկացված բյուջեն, բայց մոտ վեց տոկոս է ավելացվել: «Սրանով էլ է դրսեւորվում մեր վերաբերմունքը գիտության հանդեպ»,- եզրափակեց փոխնախարարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև