Երեկ առավոտյան Կապանի Բաղաբերդ թաղամասում ջրատար խողովակի վթարի հետեւանքով թաղամասում ստեղծված ավերածությունների հետքերը Կապանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների աշխատակիցները շարունակում են վերացնել: Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի փոխանցմամբ` մանկապարտեզի ջարդված ապակիները փոխարինվել են նորերով, լուծվում է վնասված գույքի հարցը, նորոգման աշխատանքներ են տարվել բազմաբնակարան շենքի վնասված տանիքում, երկու ընտանիքի ժամանակավոր վերաբնակեցման խնդիրներն է լուծվել, մյուսները նպատակահարմար են գտել տեղափոխվել բարեկամների տներ, մինչեւ բնակարանի խոնավությունն անցնի եւ նորոգման հարցերը լուծվեն:
«Կապանի քաղաքապետարանը կոմունալ ծառայության, վթարավերանորոգման ծառայության միջոցով առաջին անհրաժեշտության խնդիրներն է լուծում, մարդկանց վերաբնակեցման հարցն է լուծվել: Երկու ընտանիքի տեղավորել ենք «Լեռնագործ» հյուրանոցում` ապահովելով գիշերակացի ու սննդի հարցերը: Սյունիքի մարզպետը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ընկերության տնօրեն Պատրիկ Լորենին հրավիրել էր Կապան, նաեւ քաղաքապետի մասնակցությամբ եղել են տեղում եւ ուսումնասիրել ստեղծված իրավիճակը: Համապատասխան ակտ է կազմվել, մեր կողմից հրավիրված լիցենզավորված կազմակերպության աշխատակիցներն էլ գնահատում են արել: Աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ մինչեւ այդ մարդկանց հարցը վերջնական լուծում կստանա», -նշեց Կապանի փոխքաղաքապետը եւ տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետարանում խնդրի վերաբերյալ այսօր խորհրդակցություն էր հրավիրվել, որտեղ Պատրիկ Լորենի մասնակցությամբ քննարկվում էր խնդրի լուծման տարբերակները:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ընկերության «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանի փոխանցմամբ` վթարի պատճառը ջրատարի մաշվածությունն է եղել: «Կապանում այժմ փոխվում են բարձր ճնշումային ջրատարերը, իսկ այս հատվածում նոր ջրագիծ է կառուցվել, որը կփոխարինի հնին, մնում է միացումները տրվեն: Արտառոց իրավիճակից ելնելով` այդ աշխատանքները հնարավորինս կարագացվեն եւ նոր ջրագիծը կշահագործվի», – նշեց պարոն Գեւորգյանը եւ տեղեկացրեց, որ ընկերության կողմից փոխհատուցում կտրվի բնակիչներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին առավոտյան Կապան քաղաքում մարզկենտրոնը սնուցող Գեղիի ջրատարի վրա խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով ջրագծից դուրս ժայթքած ջրի շիթի ուժեղ հարվածից մոտակա շենքի բնակարանների ապակիները վնասվել էին, տները ջրով ողողվել, բնակիչներին բավականին վնասներ հասցվել: Մոտակայքում գտնվող մանկապարտեզի ապակիներն ու գույքն էլ էր վնասվել վթարի հետեւանքով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ