Անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Ղազարյանի որոշմամբ վարույթ ընդունվեց քրեական գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Գյումրիի նախկին քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանի, նրա գրասենյակի, երրորդ անձ ճանաչված լրատվամիջոցների՝ «Պանորամա Էյ Էմ», «Առավոտ» օրաթերթ-ՍՊ ընկերության, եւ Անժելա Թովմասյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին:
Ի դեպ, ամեն անգամ ծանուցագիր ստանալիս, դատարանը նշում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Ձեր ներկայացուցչի կողմից դատաքննությանը չներկայանալն արգելք չէ գործի քննության համար, եւ վեճը կարող է լուծվել նրա բացակայությամբ, ներկայացված փաստաթղթերի հիման վրա»:
Քանի որ մեր վեճն ամբաստանյալի հետ է, «հավասար» պայմաններ ենք ստեղծել նրա հայցի քննությունը թե մեր , թե նրա բացակայությամբ լուծելու համար: Գտնում ենք նաեւ, որ մենք պատշաճ պատասխանող չենք այս վեճով:
Պատճառն այն է, որ մեր լրատվամիջոցը տպագրել է դատական քննության ժամանակ քրեական գործով տուժող ճանաչված կողմի գրասենյակի հայտարարությունը, եւ հասցեատերը հայտնի է՝ գրասենյակն է:
Կարդացեք նաև
Անցյալ տարվա հուլիսի 10-ին aravot.am-ում տպագրվել է «Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը» խորագրի ներքո վիճարկվող հայտարարությունը, որտեղ ըստ հայցվորի տեղ են գտել հետեւյալ արտահայտությունները.«Յուրաքանչյուր ողջախոհ մարդ հասկանում է, որ հանցագործի մոր նպատակն է՝զրպարտությամբ եւ հերյուրանքներով , իրավիճակը միտումնավոր շիկացնելով, եւ դատարանի դահլիճում բախումներ հրահրելով շեղել դատական պրոցեսի ընթացքը», «Այդ մորից կարող էր ծնվել այդպիսի սառնասիրտ հանցագործ», «Համոզված ենք, որ արդարադատության գերակայության պայմաններում նրան չի հաջողվի որդու արյունոտ ձեռքերը մաքրել ուրիշների անունը կեղտոտելու գնով»:
Չնայած հայցվորը երեք լրատվամիջոցներին էր երրորդ կողմ ճանաչել, սակայն հայցադիմումում ներողություն է պահանջվում նաեւ aysor.am կայքից էլ:
Ներողության տեքստը ամբաստանյալն ակնկալում է տեսնել նշյալ կայքերում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ