Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Նոյեմբեր 03,2014 17:51

Մենք, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների և փորձագետների հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության» շրջանակներում, 2010 թվականի դեկտեմբերի 8-ին Թբիլիսիում ստորագրեցինք մի հայտարարություն, որով կոչ էինք անում հակամարտող կողմերի ղեկավարություններին՝

Helsinki-3.11.2014

–            վերջ տալ հակամարտության թեժացմանն ուղղված ռազմատենչ հռետորաբանությանը և քաղաքական ու տեղեկատվական ակցիաներին,

–         անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման ու զինված միջադեպերի կանխման նպատակով և ապահովել շփման գծից դիպուկահարների անհապաղ հետ քաշումը,

–            հակամարտության կարգավորման հիմնարար նորմերին` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և իրավահավասարություն), ավելացնել «վեճերի խաղաղ կարգավորում» սկզբունքը,

–         ձեռնամուխ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզի» մշակմանը:

Ցավոք, նախկինում «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության» կոչերն այդպես էլ հաշվի չեն առնվել և հրադադարի 20-րդ տարին մեր ժողովուրդները դիմավորեցին ոչ թե խաղաղ կարգավորման ճանապարհին, բարի դրացիական հարաբերությունների վերականգնման գործնական խնդիրների լուծման, համագործակցության և տարածաշրջանային ինտեգրման, այլ՝ պաշտոնական բանակցությունների գործընթացում ձևավորված փակուղային իրավիճակի, զորքերի շփման գծում լարվածության աճի և լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մեծացման պայմաններում, որոնք կապված են նաև հետխորհրդային տարածքում սկսված գործընթացների հետ։

Հակամարտությունը արդեն իսկ հանգեցրել է մեծ աղետի՝ տասնյակ հազարավոր մարդկանց մահեր, հարյուր հազարավոր վիրավորներ և հաշմանդամներ, միլիոնից ավելի հարազատ օջախներից զրկվածներ, իսկ երկու ժողովուրդների միջև հակամարտության կարգավորման առաջընթացի բացակայությունը մեծ հիմնախնդիրներ է առաջացրել սոցիալ-տնտեսական բարեկեցության ստեղծման փորձերի, ուժեղ քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության սկզբունքի վրա հիմնված ժողովրդավար պետականության և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխիքների համար։

Ստեղծված ստատուս քվոն չի կարող շարունակվել, «իրավիճակի սառեցում» տեղի չի ունենում. համարյա ամենօրյա կրակոցներից մարդիկ են զոհվում, ընդլայնվում է ռազմական բախումների տարածքը, հակամարտության կողմերի միջև աճում է սպառազինությունների մրցավազքը, պետական և քաղաքացիական մակարդակներում հռետորաբանությունն ավելի արմատական է դառնում։ Ստատուս քվոյի պահպանման հետագա փորձերը անտարակույս կդառնան նոր վտանգավոր միտումների անբաժան մաս, որոնք սպառնում են ոչ միայն համաեվրոպական անվտանգությանը, այլև՝ մեր երկրների անկախությանն ու ինքնիշխանությանը։

Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում, ինչպես ցույց տվեց շփման գծում բռնության աննախադեպ ալիքն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, նույնիսկ հակամարտության կողմերից մեկի թույլ տված աննշան սխալները կարող են օգտագործվել մեզ նոր պատերազմ պարտադրելու համար։

Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի նախաձեռնությունը, որը շարադրված է 2014 թվականի մայիսի 7-ի «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» զեկույցում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների 2014 թվականի մայիսի 12-ի հայտարարությունը։ Այդ հավասարակշռված մոտեցման մեջ են պարփակված և՜ հակամարտության կողմերի, և՜ ԵԱՀԿ Մինսկի խմբի անցյալ ու ներկա համանախագահների երկարամյա բանակցությունների աշխատանքի ու փորձի արդյունքները։ Գտնում ենք, որ երեք սկզբունքները և նշված վեց բաղադրիչներն իրենցից ներկայացնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղության համաձայնագրի և «ճանապարհային քարտեզի» գործուն հիմքերը։

Կարծում ենք, որ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը մեր հասարակությանների համար պետք դառնա բաց և թափանցիկ։ Այս համատեքստում կոչ ենք անում հրավիրել միջազգային համաժողովներ ղարաբաղյան հակամարտության կողմերի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ՝ խաղաղ կարգավորման գործընթացի աջակցման և դրա գործնական կիրառման նպատակով։

Մենք սատարում ենք Խաղաղության համաձայնագրի իրագործման ընթացքում միջազգային ուժերի օգտագործման գաղափարը և շեշտում ենք, որ միջազգային ուժերի կազմում չեն կարող մտնել ոչ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրները, ոչ էլ հակամարտության կողմերին հարևան պետությունները։ Այդ համաձայնեցված սկզբունքների գործնական իրականացման համար միջազգային միջնորդությունը պետք է ազատ լինի որևէ աշխարհաքաղաքական կոնյուկտուրային նկատառումից ինչպիսին են ազդեցության ոլորտների համար պայքարը և տարածաշրջանում գերիշխանությունը։

Հրատապ կոչով դիմում ենք ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների ղեկավարներին, ինչպես նաև մյուս երկրներին՝ դադարեցնել բոլոր տեսակի հարձակողական զենքերի մատակարարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարածաշրջանում: Ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը միայն հնարավոր է հակամարտող կողմերի՝ փոխադարձ զիջումերի գնալու պատրաստակամության, առավելապաշտական պահանջներից ու նախապայմաններից հրաժարման, մեր ժողովուրդների ընդհանուր ազգային շահերի գիտակցման, ինչպես նաև՝ միջազգային միջնորդների կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անկեղծ ցանկության պարագայում։

Դիմում ենք կողմերի քաղաքական ղեկավարություններին, անկախ խաղաղ կարգավորման առանձին դրույթների սկզբունքների տարբեր մեկնաբանություններից, անվերապահորեն ձեռնամուխ լինել ղարաբաղյան Խաղաղության համաձայնագրի մշակմանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի ս.թ. մայիսի 7-ի նախաձեռնության և ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ս.թ. մայիսի 12-ի հայտարարության հիման վրա։

Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերի քաղաքացիական հասարակություններին, բոլոր քաղաքական և հասարակական ուժերին դառնալ խաղաղ կարգավորման ակտիվ մասնակից, սկսել անհրաժեշտ փոխզիջումների փնտրտուքը, հրաժարվել առավելապաշտական պահանջներից և ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվության իրենց մասնաբաժինը։

 

Դավիթ Շահնազարյան

Արտակարգ և լիազոր դեսպան

1992-95թթ. Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան

 

Էլդար Նամազով

Ադրբեջանի Հանրապետության Նախագահի օգնական և քարտուղարության ղեկավար

 

3-ը նոյեմբերի, 2014թ.

Հելսինկի, Ֆինլանդիա

Հայտարարությունը սատարել են՝

Արզու Աբդուլաևա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Ադրբեջան, նախագահ, Օլոֆ Պալմեի խաղաղության մրցանակակիր, ԵՄ և ԱՄՆ կառավարության Մարշալի մրցանակակիր

Կարեն Օհանջանյան, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող

Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Հայաստան, նախագահ

Ալի Աբասով, պրոֆեսոր, քաղաքական վերլուծաբան

Զարդուշտ Ալիզադե, փիլիսոփայության դոկտոր, քաղաքական վերլուծաբան

Աղասի Ենոքյան, Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոն, տնօրեն

Լեյլա Ալիևա, Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոն, քաղաքական վերլուծաբան

Հայկակ Արշամյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, պատմաբան, վերլուծաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930