«Չծխելը, ալկոհոլի սահմանափակումը, ֆիզիկական ակտիվության ավելացումը, բերում են առողջ ապրելակերպի, որն էլ նպաստում է սրտանոթային հիվանդությունների նվազեցմանը»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը: Խոսելով եղանակային փոփոխությունների ազդեցության, քրոնիկական հիվանդությունների եւ մասնավորապես` սրրտանոթային հիվանդություններից` ասաց, որ ցանկացած եղանակային փոփոխություն պետք է մեր օրգանիզմի վրա իր ազդեցությունը ունենա եւ մարդը բնության մի մասնիկը լինելով՝ հնարավոր չէ շրջանցել այդ երեւույթը:
«Եթե օրգանիզմը առողջ է եւ մարմնապես եւ հոգեպես, ապա այդ բոլոր վայրիվերումները չեն կարող լինել ախտաբանական: Օրգանիզմի ունակությունները, այս կամ այն պատճառով երբ խաթարվում է, այդ ժամանակ կարող է լինել ախտաբանական, որի ժամանակ գլուխ են բարձրացնում քրոնիկ հիվանդությունները` սրացումների տեսքով, կամ ի հայտ են գալիս նոր խնդիրներ»,-ասաց պարոն Զելվեյանը:
Բանախոսի ասելով բոլորը գիտեն, որ մահացության 50 %-ից ավելին կառուցվածքում սրտանոթային հիվանդություններն են. «Ամեն կերպ, երբ մենք կարողանում ենք կանխարգելել, կամ նվազեցնել երիտասարդ տարիքում սրտանոթային մահերը` կարեւոր են»:
Վերջին վերլուծությունները, ըստ սրտաբանի` ցույց են տվել, որ սրտանոթային հիվանդությունների առաջացման, կանխարգելման ամենաճիշտ ճանապարհը առողջ ապրելակերպն է. «Ֆինլանդիայում իրականացված հետազոտության արդյունքում 10 տարվա ընթացքում 65 տոկոսով նվազեց մինչեւ 65 տարիքային խմբում մահացությունը: Նվազեցման պատճառը սրտանոթային ռիսկի գործոնների կանխարգելման պետական ծրագրերի առկայությունն էր»:
Կարդացեք նաև
Այսօր Հայաստանում նմանատիպ լայնամասշտաբ ծրագրեր, ըստ Զելվեյանի` չկան:
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանն էլ աշնանային դեպրեսիաներից խուսափելու համար խորհուրդ տվեց, որպեսզի օրվա արեւոտ ժամերը բաց չթողնել, շատ զբոսնել, գույնի, լույսի պակասը լրացնել հագուստի եւ զգացողությունների մեջ. «Որքան մենք շատ զբաղված ենք, որքան շրջապատված ենք վառ տպավորությունով, այնքան ավելի հեշտ կխուսափենք «աշնանային դեպրեսիա» ասվածից:
Հոգեբանն ասաց, որ շատերն են խուսափում աշնանային տխրությունից, դեպրեսիայից, բայց դա մի վիճակ է, որը հնարավորություն է տալիս մարդուն վերանայել շատ հարցեր եւ փոփոխություններ անել իր առօրյա կյանքում եւ մտածելակերպում. «Կան մարդիկ, որ ավելի զգայուն են եւ կան մարդիկ, որ ավելի ամուր են եղանակային փոփոխությունների նկատմամբ, որը պայմանավորված է մարդու խառնվածքից, անձնային կառուցվածքից, զբաղվածությունից, հետաքրքրությունից: Աշնանային փոփոխությունը իր մեջ պարունակում է աշնանային տրամադրության անկման հավանականություն, որը կապված է լուսավոր ժամերի կրճատման հետ»,- ասաց Լիլիթ Բաղդասարյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ