Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանը դիմել է գլխավոր դատախազին, շորթման վերաբերյալ տեսաձայնագրություն հանձնել ոստիկանությանը

Նոյեմբեր 03,2014 16:47
femida

«Օգտագործելով Յուրա Մկրտումյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հոր հետ իր կապը, մասնագիտությամբ հավաքարար, 60-անց Լյուսյա Հակոբյանն արդեն մեկ տարի է, իմ մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով ինձանից պահանջում է գումար: 2013թ.հոկտեմբերին պահանջում էր Երևանի Սայաթ-Նովա 23 շենքի թիվ 26 տարածքի վարձակալության գումարները, այնուհետև ընդունեց, որ ես իրեն պարտք չեմ, և առավել ևս իր մոտ կա ավելի 80 000 ՀՀ դրամ դեպոզիտ գումար, այսօր հնարել է նոր «շառ», թե իբր տարածքը ես իրենից ցանկացել եմ խլել , իրեն իբր պատճառել եմ 110 000 ՀՀ դրամ գումարի վնաս: Լյուսյա Հակոբյանը 30.09.2014 թ. դիմել էր «Կենտրոն » հեռուստաընկերություն, նկարահանվել է և «խայտառակ» արել ինձ, իբր ես չեմ վճարել տարածքի վարձերը, խաբել եմ իրեն, փաստաբանի արտոնագիրը անօրինական է և այլն, ստորացնելով իմ պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը»:

ՀՀ ոստիկանապետ , գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Պողոսյանին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար, արդարադատության առաջին դասի խորհրդական Գ. Հ. Հարությունյանին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիանա Բալյանը, որը պահանջում է հարուցել քրեական գործ:
Նա հայտնել է, որ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում է գտնվում իր դիմումը` Լյուսյա Հակոբյանի դեմ նրա կողմից շորթմամբ գումար հափշտակելու վերաբերյալ, որով նախապատրաստվում են նյութեր:

«Լ. Հակոբյանի կողմից շորթմամբ գումարներ են հափշտակվել քաղաքացիներ Աշոտ Մատինյանից, Ալբերտ Մատինյանից, Վիկտոր Բաղդագուլյանից, Արևիկ Խաչատրյանից և Վարդանանց 115 հասցեում գտնվող խանութի տնօրեն Գևորգից»,-գրել էր փաստաբանը, որը նաեւ հայտնել էր, որ շորթման վերաբերյալ տեսաձայնագրություն է ներկայացվել ոստիկանություն:

Ըստ Լ.Բալյանի, նշյալ քաղաքացիներին շանտաժի ենթարկելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել Երևանի Մարաշի և Արաբկիր Ոստիկանություններում: Քանի որ տարիներ շարունակ, սակայն «ոստիկանությունը հետևողական չի եղել և չի պատժել Լ. Հակոբյանին , նա ավելի առիթավորված, շնորհակալություն հայտնելով Վովա Գասպարյանին, շարունակ շանտաժի է ենթարկում քաղաքացիներին»:
Ի դեպ, այդ գործով ոստիկանություն են հրավիրվել և հարցաքննվել
Աշոտ Մատինյանը, Ալբերտ Մատինյանը, փաստաբաններ Վիկտոր Բաղդագուլյանը, Արևիկ Եղիազարյանը եւ այլք:

Լ.Բալյանն անցյալ տարվա մարտի 5-ից մինչև հոկտեմբերի 1-ը Երևանի Սայաթ-Նովա 23 շենքի, թիվ 26 տարածքի սեփականատեր Լուսյա Հակոբյանին վարձակալության դիմաց վճարել է վարձավճար` 695.000 ՀՀ դրամ:

Ըստ փաստաբանի.«Լ. Հակոբյանն իր հարկային պարտավորություններից խուսափելու նկատառումներով պայմանագիրը նոտարով չի հաստատել և կադաստրում չի գրանցել»: Պայմանագրի կնքումից մի քանի օր հետո փաստաբանին է զանգել տարածքի իրական տերը` սեփականատեր ներկայացած Յուրա «ձյաձյան»՝ Յուրի Մկրտումյանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հայրը, որը ցանկացել է հանդիպել և ծանոթանալ փաստաբանի հետ: «Նույն օրը նա Յուրա «ձյաձյայի» հետ եկավ օֆիս: Ծանոթացավ և ներկայացավ, որ ինքը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Մկրտումյան Արմանի հայրն է, նախկինում աշխատել է դատախազ, և ասաց, որ տարածքը մաքուր պահեմ: Ոնց հասկացա Լյուսյա Հակոբյանը գտնվում է մտերիմ հարաբերության մեջ Յ. Մկրտումյանի հետ: Այնուհետև Լուսյան ինձ խնդրեց, ասելով «Եթե հարկայինից գան, կասես իմ քրոջ աղջիկն ես, և քեզ անվճար եմ տվել տարածքը, ու ցուցում տվեց , որ փաստաբանական գրասենյակի վերաբերյալ ոչինչ չկպցնեմ դրսի պատին, որ հարկայինից չգան: Չնայած ես մի քանի օր հետո օֆիսի դրսի պատին փակցրեցի իմ փաստաբանական գրասենյակի անունը և հեռախոսիս համարը: Նշեմ նախ, որ տարածքը նկուղային էր, խոնավ, հակահիգիենիկ, որտեղ վխտում են խավարասերներ: Վարձակալությունից մի քանի օր հետո Լուսյայի մեղքով «Տուալետի» անսարքության պատճառով կեղտաջրերը լցվեցին տարածք: Կեղտաջրերի մեջ էին հայտնվել իմ գրասենյակային ամբողջ կահույքը, գորգն ու համակարգիչները: Կանչել եմ Լուսյային, որը բերեց մի բանվորի, որը քանդեց, զուգարանը աշխատեց, սակայն Լուսյան կռվեց հետը և չվճարեց 5000 ՀՀ դրամը, բանվորը զայրացավ և դիտավորյալ թափած թողեց հեռացավ»,-նշել էր փաստաբանը: Կեղտաջրերի, գրասենյակային տարածքի անմխիթար վիճակի պատճառով փաստաբանը ստիպված է եղել գույքը տեղափոխել դրսի սենյակ, ապա տեղափոխվել:

Մանրամասներն առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930