«Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքը, որը ոչ միայն կենցաղային է, այլ ազգի համար կարեւոր նշանակություն ունի, քաղաքականացվում է»,- այսօր՝ նոյեմբերի 3-ին, «Անալիտիկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքերով՝ եթե կուսակցությունները մտահոգ են, կարող են գիտաժողով եւ մի շարք հանրային քննարկումներ կազմակերպել, որպեսզի հասկանան, թե այսօր հղի կինը ի՞նչ խնդիրներ ունի, դրա լուծման ճանապարհները որո՞նք են եւ ինչքա՞ն գումար է հարկավոր նրան, որ կարողանա այդ դժվարությունները հաղթահարել. «Նման բան չեն անում ու ելույթներ են ունենում, քննադատում են: Կարող է՝ օրենքը լավն է, մենք չենք հասկանում, թո՛ղ մասնագետները բացատրեն, ոչ թե չինովնիկը»:
Նա հավելեց, որ կողմնակից է նման օրինագծին եւ ուրախ կլինի, որ այդ օրինագծի շնորհիվ կրճատվի մանկական մահացությունը: Վերջում պարոն Ադիբեկյանը կոչ արեց բոլոր պաշտոնյաներին քննարկել այդ օրենքը մասնագիտական միջավայրում. «Հանե՛նք քաղաքական դաշտից եւ տեսնե՛նք, թե ի՞նչ է պետք, որ մայրերն առողջ ծնունդ ունենան, երեխան ծնվի առողջ, մահացության թիվն իջնի: Ռուսաստանում ծնելիության ամենաբարձր մակարդակը չեչենուհիների եւ հայուհիների մոտ է՝ 2.2 տոկոս: Պայմաններն են լավ, հայ կինն ուզում է երկու-երեք երեխա ունենալ, մեզ մոտ պայմաններն են կանգնած, եւ այդ պատճառով է, որ մենք 1.2 տոկոսի արանքում կանգնած ենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև