«Մենք կատաղի պայքար ենք մղում աղջիկ երեխաների դեմ»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը` խոսելով սելեկտիվ աբորտների` սեռերի հարաբերակցության փոփոխության վրա ունեցած ազդեցության մասին:
Տիկին Աճեմյանը մտահոգություն հայտնեց, թե հենց կանայք են շատ դեպքերում մեղավոր այս խնդրում ու նշեց. «Պարզվում է, որ երիտասարդ կանայք առաջին հղիության դեպքում անգամ հենց իրենք են ցանկանում տղա ունենալ: Այնինչ պետք է հասկանանք, որ զինվորները մեզ համար կարևոր են, բայց ապագա մայրերն էլ են մեզ համար կարևոր»:
Տիկին Աճեմյանը նշեց, թե սեռերի հարաբերակցությունն այն աստիճան մտահոգիչ է, որ «Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում 16 հոգանոց դասարանում բոլոր աշակերտները տղաներ են»:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` «խնդիրը պատուհասել է մեզ, դա տեխնիկայի առաջընթացի հետևանքն է, քանի որ մենք էլ մի քանի տարի առաջ կարծում էինք, որ տղա երեխաների ծնունդների աճը պայմանավորված է նրանով, որ մենք պատերազմի մեջ ենք»:
Կարդացեք նաև
Տիկին Աճեմյանը նկատում է, որ այս խնդրում «կա կարծրատիպ և գիտակցություն, որի դեմ մենք պետք է պայքարենք»:
Նշենք, որ խնդիրը որոշվել է լուծել օրենսդրական նախաձեռնությամբ: Այժմ շրջանառության մեջ է գտնվում սելեկտիվ աբորտների դեմ ուղղված օրինագիծը, որով առաջարկվում էր մինչեւ հղիության 30-րդ շաբաթը երեխայի սեռի մասին ծնողներին տեղեկությունների տրամադրման վրա արգելանք դնել: Թե ի՞նչ կտա օրենքը խնդրի լուծմանը, տիկին Աճեմյանը պատասխանեց. «Օրենքը կարող է օգնել նրանով, որ եթե ընտանիքն իմանում է, որ օրենքով երեխայի սեռով պայմանավորված աբորտը անթույլատրելի է, ապա դա ինչ-որ առումով խնդիրը կլուծի: Բայց, միևնույն է, մենք հասարակությունում մեծ աշխատանք պիտի տանենք»:
Երեւանի պատվավոր քաղաքացի, բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով` սեռերի հարաբերակցության խաթարման միակ պատճառը սելեկտիվ աբորտները չեն: Նա ասաց. «Իհարկե, սելեկտիվ աբորտներն այստեղ խնդիր են: 114/100-ի հարաբերակցությունը ամենաբարձրն է Հայաստանում: Միայն Կյուրասայա կոչվող երկրում է այդ հարաբերակցությունը մեզնից բարձր: Բայց սրա պատճառները միայն սելեկտիվ աբորտները չեն: Պատճառներից է նաև արտագաղթը, սթրեսային մթնոլորտը: Պատերազմական տարիներին մեզ մոտ մեծամասամբ արտագաղթում են տղամարդիկ, այստեղ երևում է ազդեցությունը: Մենք մտել ենք վտանգավոր փուլ այս առումով: Սրանք շատ վտանգավոր ցուցանիշներ են: Բայց մինչև մենք արտագաղթը, տղամարդկանց դուրս գալը չկանխենք, այս երևույթը լիովին չենք կարող վերացնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ