Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարեգին Նժդեհի արձանը ՀՀԿ-ի՞, թե՞ ժողովրդի համար է

Նոյեմբեր 03,2014 15:11
levon toqmajyan

Վերջերս որոշում է կայացվել Գարեգին Նժդեհի արձանը տեղադրել Հանրապետության փողոցում՝ իր անվան հրապարակում տեղադրելու փոխարեն: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Լևոն Թոքմաջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ արձանը Հանրապետության փողոցում կանգնեցնելը նույնպես վատ տարբերակ չէ. «Ինչքանով հասկացա, քանի որ Գարեգին Նժդեհը նաև Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունն է ներկայացնում և նրան ընտրել են որպես իրենց կուսակցության համախոհ, որոշել են արձանը դնել Հանրապետական փողոցում: Կարող է և այնտեղ տեղադրվել, ի՞նչ կա: Ինձ ավելի շատ անհանգստացնում է քանդակի արժեքը, Նժդեհը՝ որպես բոցաշունչ հայրենասերի մի տիպար»:

Լրագրողների ուղղմանը, թե փողոցը կոչվում է Հանրապետության, այլ ոչ թե Հանրապետական, ու այն ոչ մի կապ չունի ՀՀԿ-ի հետ, Լևոն Թոքմաջյանը կրկին սկսեց խոսել Նժդեհի արձանի ճիշտ լուծումների մասին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ կարևոր չէ՝ որտեղ կկանգնեցվի արձանը: Իսկ երբ հարցրին՝ ի վերջո արձանը ժողովրդի՞, թե՞ ՀՀԿ-ի համար է, քանդակագործը կրկին ոչինչ չպատասխանեց:

Լևոն Թոքմաջյանն այցելել է Գագիկ Ստեփանյանի արվեստանոց, որտեղ տեսել է Գարեգին Նժդեհի արձանի էսքիզային տարբերակը: Արձանը կլինի չորսից չորսուկես մետր բարձրությամբ ՝ երեսով կանգնեցված դեպի փողոցը: Պարզվեց, որ սկզբնական տարբերակում Նժդեհի ձեռքին սուր է եղել, սակայն «վերևներից» որոշել են սուրը վերացնել. հիմա Նժդեհն ավելի պաթետիկ տեսք ունի՝ մի ձեռքը ծալված, մյուսը՝ առաջ բերված, քանի որ նա, ինչպես մեկնաբանեց քանդակագործը, նաև փիլիսոփա է: Հիմա արձանն ավելի շատ հռետորի, այլ ոչ թե զորավարի տպավորություն է թողնում. «Մենք առաջարկեցինք այնպես անել, որ դերասանական այդ ժեստը դուրս գա արձանի միջից, արձանն ավելի դինամիկ լինի»,-հավելեց նա:

Անդրադառնալով գեղարվեստական խորհրդի ներսում կատարվելիք աշխատանքին, որի անդամ է նաև քանդակագործը, նա նշեց. «Մենք՝ գեղարվեստական խորհրդի անդամներս, հաճախ ենք դիտում այն աշխատանքները, որոնք տեղադրվում են կամ պետք է տեղադրվեն քաղաքում, բայց այստեղ մի «բայց» կա. գեղ. խորհուրդը զուտ խորհրդակցական կազմակերպություն է, և մենք պարտադրելու և ինչ-որ բան փոխելու իրավունք չունենք: Որոշումները կայացվում են մեզնից ավելի «վերևներում»: Մենք ուղղակի որպես արվեստագետ խորհուրդներ ենք տալիս այնքանով, ինչքանով տվյալ արվեստագետը կընդունի մեր խորհուրդը»:

Մեր հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ինչո՞ւմն է կայանում գեղարվեստական խորհրդի աշխատանքը, եթե նրանք անզոր են որևէ բան փոխել կամ արգելել, Լևոն Թոքմաջյանն ուղղակի ժպտաց:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդա says:

    Դեռ սովետը չի մեռել ոմանց մեջ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930