ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցում մաքսիմալ պետք է զերծ լինի քաղաքական գործընթացների ազդեցությունից: Իսկ հարցին, թե կարողանո՞ւմ է անկախ գործելով ճիշտ որոշումներ կայացնել ու լինել ադեկվատ, նա խուսափեց պատասխանել, ասաց նախընտրում է այսօր այդ հարցերին չանդրադառնալ.«Կցանկանայի անդրադառնալ գործընթացներին եւ ոչ թե դեպքերին»:
Հարցին՝ Հայաստանում կա՞ր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, ասաց. «Ցանկացած երկրում ցանկացած Սահմանադրություն կարող է բարեփոխվել: Մենք 2005-ին էական բարեփոխումներ արեցինք մեր Սահմանադրությունում, ցավոք, այն մինչեւ վերջ չընկալվեց: Կուսակցությունները չհասկացան, որ իշխանության գալու հիմնական միջոցը ոչ թե նախագահական, այլ խորհրդարանական ընտրություններն են: Այն նախագահը, որը խորհրդարանում չի ունենա մեծամասնություն, կունենա չափազանց սահմանափակ լիազորություններ եւ էական ազդեցություն երկրի քաղաքական կյանքի վրա չի ունենա այս գործող սահմանադրության պայմաններում»:
Նա ներկայացրեց կառավարության ձեւավորման կարգը՝ հիշեցնելով, որ նոր կառավարության ձեւավորումը նախատեսվում է երկու դեպքում՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո. «2005-ին կատարված փոփոխությունների շրջանակում ճիշտ կլիներ, որ տրամաբանությունը փոխվեր, ու կառավարության հրաժարականն ու նոր կառավարության ձեւավորումն արվեր միայն խորհրդարանական ընտրություններից հետո: Որովհետեւ նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում ուժերի հարաբերակցություն չի փոխվում, անիմաստ է նոր կառավարություն ձեւավորել, որովհետեւ այդ կառավարությանը կարող է վստահության քվե տալ խորհրդարանն ու միայն խորհրդարանը կարող է լուծարել: Մեր Սահմանադրությունը հիմա նախագահին իրավունք չի տալիս կառավարություն լուծարել, այսպիսի խնդիրներ կան գործող Սահմանադրությունում, որոնք կարելի է բարելավել ու դրանից միայն դրական բան կստացվի»:
Պարոն Թորոսյանը նաեւ ասաց, որ գործող Սահմանադրությունն ավելի խորհրդարանական է քան նախագահական՝ կրկին պնդելով, որ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են երկրի ներքին կյանքի վրա ազդելու տեսանկյունից:
Կարդացեք նաև
Նա չհամաձայնեց, որ հիմա գործող խորհրդարանական մեծամասնական համակարգը ավտորիտար համակարգի նման է, ու ստացվում է՝ ավտորիտար ռեժիմն է գերիշխող. «Ինչ ասում էի, ոչ մի ավտորիտար բան էդտեղ չկար, կա՞ մի երկիր, որտեղ փոքրամասնությունն է որոշումներ կայացնում: Այլ բան է, որ ողջամիտ մեծամասնությունը միշտ հաշվի է առնում ՝ինչ է ասում փոքրամասնությունը»:
Դիտարկմանը, թե Հայաստանում խորհրդարանական մեծամասնությունը հաշվի չի առնում փոքրամասնության ասածները, պարոն Թորոսյանն ասաց. «Մենք հիմա աստիճանաբար գլորվում ենք այն հարթություն, որին չեմ ցանկանանում այսօր անդրադառնալ»:
Հարցին, թե ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն դառնալու ոչ տեսական հնարավորություն ունի՞, ասաց. «Այո, միշտ էլ հնարավորություն կա, դրա համար պետք է լավ ընկալել՝ ինչ է կուսակցություն, կուսակցության մեխանիզմները կիրառել, կուսակցության անելիքները լավ հասկանալ, ոչ միայն խոսել թերությունների մասին, այլեւ տեսնել սեփական թերությունները: Հետխորհրդային երկրներում կուսակցություններ հիշեցնում են կոմունիստական կուսակցություններին: Ռուսաստանի վարչապետ Չեռնոմիրդինը ասում էր՝ ամեն անգամ ուզում ենք կուսակցություն ստեղծել, միշտ ստացվում է կոմունիստական: Երբ կուսակցությունները կայանան, ցանկացած փոփոխություն մեր երկրում հնարավոր կդառնա: Հարցադրումն այսօր սա է ՝ դուք այդքան կառավարել եք, հիմա էլ մենք պետք է կառավարենք: Բայց պետք է հնչի նաեւ պատասխանը՝ ինչպես ու ինչու, երբ այս հարցի պատասխանը ընդդիմությունը ճիշտ ձեւակերպի, կգա իշխանության, որովհետեւ հասարակությանը չպետք է թերագնահատել»:
Նա հիշեցրեց նախորդ նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին արձանագրված մեծաթիվ ձայները, պնդելով, որ դրանք ոչ թե «Ժառանգության» կամ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն էին, այլ՝ հասարակության կարծիքի արդյունք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ