Աշխարհում տեղի ունեցող արմատական փոփոխությունները, որոնք դրսևորվում են միջազգային-իրավական երաշխիքների արժեզրկմամբ ու անգործությամբ, Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայմամբ և հիբրիդային ուժային դերակատարների ի հայտ գալով ու նոր տիպի պատերազմներով, տեսանելի են Հայաստանին հարակից տարածաշրջաններում:
Այս իրավիճակում օտարին ծառայող քաղաքական գործակալների կառավարման ներքո հայտնված ներկայիս հայկական պետությունը (Արցախը ներառյալ), զրկված լինելով դե ֆակտո ինքնիշխանությունից, Ցեղասպանության 100-ամյակի շեմին հայտնվել է հետևյալ երկու կործանարար գործընթացներին կուլ գնալու մարտահրավերներին դեմ հանդիման, որոնք ընդամենը մեկ-երկու տարվա հեռանկարում կարող են մեր երկրի կյանքը վերածել մղձավանջի:
1. Մենք ներքաշվում ենք ռուս-թյուրքական հերթական սիրախաղից ծնվող եվրասիական վերպետական միավորման ձևավորման գործընթացի մեջ, ինչի պատճառով մի կողմից ենթարկվում ենք դեռևս առկա դե յուրե ինքնիշխանությունը կորցնելու, իսկ մյուս կողմից՝ Արցախը և նրան կից՝ Իրանի հետ ունեցած 100 կմ երկարությամբ ռազմավարական սահմանը կորցնելու վտանգներին:
Այս վերջինը տեղի կունենա, եթե ԵՏՄ անդամ դառնալու հետևանքով ՀՀ և Արցախի միջև մաքսակետ հայտնվի, դրանով իսկ՝ Արցախը նախ տնտեսապես տարանջատվի ու մեկուսանա մեզանից, իսկ այնուհետև հայտնվի օտար ռազմական ուժի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի, իրական տիրապետության տակ, որն էլ իր շահերի սպասարկման նպատակով այն կօգտագործի որպես մանրադրամ:
Կարդացեք նաև
Նման հեռանկարը միանգամայն հավանական է, քանի որ Ադրբեջանին ևս ԵՏՄ անդամ դարձնելու նպատակով Ռուսաստանը կարիք ունի նրա վրա բավարար ազդեցություն գործադրելու լծակ ձեռք բերել, որպիսին կարող է լինել միայն Արցախը: Այդ նպատակին հասնելու համար Արցախ զորք մտցնելու և այն Հայաստանից տարանջատելու առիթներ կարող են հրահրվել հենց մաքսակետի հետ կապված տարաբնույթ սադրանքներ կազմակերպելու միջոցով:
Փաստորեն՝ ԵՏՄ-ին անդամակցությունը հայկական կողմի համար ծուղակ է: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը ԵՏՄ-ին պետք է միանա այսպես կոչված միջազգայնորեն ճանաչված սահմաններով, ինչպես արվեց Հայաստանի պարագայում, ապա Արցախը Հայաստանից տարանջատելուց և նրա նկատմամբ տիրապետություն հաստատելուց հետո Ռուսաստանի կողմից այն որպես Ադրբեջանի մաս ճանաչելն ու վերջինիս նվիրելը դառնում է Արցախի հարցի «լուծման» ամենահավանական տարբերակը:
2. Ինքնիշխանության գահավիժող կորստի պայմաններում մենք ներքաշվում ենք նաև Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող աղետալի գործընթացում:
Սա տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ եվրասիական վերպետական միավորման գործընթացում ներքաշվելու հետևանքով մենք կորցնում ենք ինքնուրույն գործելու հնարավորությունը, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող Արցախի տարածքը և Իրանի հետ 100 կմ երկարությամբ սահմանը՝ էապես կորցնելով պաշտպանական կարողություններն ու թիկունքից խոցելի դառնալով:
Այս վտանգը խիստ հավանական է, քանի որ Թուրքիայի հետ գործակցող և տարածաշրջանում հիբրիդային ուժային լուրջ գործոնի վերածված ահաբեկչական խմբավորումները կարող են հայտնվել Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ ամենահավանական պարագայում՝ Նախիջևանի տարածքում, ինչպես նաև կուտակվել ներկայիս Ադրբեջանի տարածքում և այնտեղ ևս վերածվել ուժային գործոնի:
Արևմուտքը ներկայացնող պետությունների վարքագիծը խոսում է այն մասին, որ նրանց համար ԵՏՄ ձևավորման ու Մեծ Մերձավոր Արևելքի նշված երկու գործընթացների անցանկալի հետևանքների կասեցումը մոտ ապագայի խնդիր չէ:
Ի դեպ, մեզ համար աղետալի այս հեռանկարը հետզհետե տեսանելի է դառնում Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած հանդիպումների խորապատկերին: Դրանցից առավել ակնառուն վերջին՝ փարիզյան, հանդիպումն էր:
Այդ հանդիպման արդյունքներով արցախյան ազատագրված տարածքները Ադրբեջանին զիջելու պատրաստակամությամբ արձանագրվում են Հայաստանի և Ադրբեջանի «համընկնող» տարածաշրջանային շահերը: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը համաձայնել է հայկական պետությունը ներքաշել նաև մեզանից դեպի հարավ տեղի ունեցող աղետալի գործընթացի հորձանուտ:
Ակնհայտ է, որ սա հայկական պետության համար երկրորդ ծուղակն է, քանի որ սուբյեկտայնությունից և ինքնուրույն գործելու հնարավորությունից զրկված մեր երկիրը նման պայմաններում կդառնա տարածաշրջանում ուժային կենտրոնների մրցակցության գործիք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև թատերաբեմ:
Ըստ էության՝ հայաստանյան վարչախումբը փորձում է իրեն բնորոշ անձեռնհաս և դավաճանական գործելակերպով վերականգնել ԵՏՄ-ին անդամակցությամբ խախտվող աշխարհաքաղաքական հաշվեկշիռը՝ փորձելով երկու հակամարտող ուժային կենտրոններին զուգահեռաբար զիջումներ կատարել տարածքներ և ինքնիշխանության մասնաբաժիններ հանձնելու միջոցով՝ դրա փոխարեն մեր ժողովրդին հրամցնելով անվտանգության և բարեկեցության կեղծ երաշխիքներ:
Այս երկու կործանարար գործընթացների հորձանուտում հայտնվելուց խուսափելու և կրկին ցեղասպանության չենթարկվելու համար հայ ժողովուրդը պետք է տեր կանգնի իր երկրին և առաջին հերթին ապավինի իր ուժին:
Նախախորհրդարանն այս աղետալի հեռանկարի չեզոքացման և հայկական պետականության կայացման նպատակով մեր ժողովդին, առաջին հերթին՝ նրա արցախաբնակ հատվածին, կոչ է անում կոնկրետ քայլերով խափանել Արցախի տարանջատման գործողությունները, այդ թվում՝ Արցախում մաքսակետի տեղակայումը, վերականգնել մեր ինքնիշխանությունը, ապահովել Արցախի դե յուրե միավորումը Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև ազգ-բանակ ձևաչափով համախմբել ու կիրառելի դարձնել համազգային պաշտպանական ներուժը:
Նախախորհրդարան