Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր հատվածներում թափանցիկ արկղեր տեղադրելով՝ փորձում է երեւանցիներին ավելի լավ Երեւանի կառուցմանը մասնակից դարձնել: Երեւանցիներն էլ՝ ամենքն իր երեւակայության չափով, ձեռքի տակ եղածով մասնակցում են: Դատելով երեւանցիների ակտիվությունից ու քաղաքապետարանի թափանցիկ տուփերում ներդրումից՝ մարդիկ լուրջ չեն ընդունում քաղաքապետարանին:
«Առավոտը» նախկինում եւս տպագրել է քաղաքապետարանի դատարկ տուփերի լուսանկարները: Այս անգամ Շենգավիթ համայնքում վերջերս տեղադրված տուփն առանձնանում է մեջը լցված աղբով. երեւանցիներն իրենց մայրաքաղաքի կառուցմանը մասնակցում են 10 դրամներով, ծխախոտի ու քաղցր ձողիկների դատարկ տուփերով, օգտագործած անձեռոցիկներով:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
01.11.2014