Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը դժվարանում է ասել, թե ինչու է Հայաստանի ընդդիմությունը շարունակում քննադատել սահմանադրական բարեփոխումները:
«Ես չեմ կարող խոսել հայաստանյան ընդդիմության փոխարեն: Վենետիկի հանձնաժողովը իր հավանությունն է տվել բարեփոխումների հայեցակարգին, սակայն, դեռ բարեփոխումները չկան, դեռ նոր պետք է լինեն, դեռ նոր պետք է գրվեն տեքստերը, հոդվածները և միայն դրանից հետո կարելի կլինի ասել՝ դրանք հաջո՞ղ բարեփոխումներ են, թե՞ հաջող բարեփոխումներ չէին»,- մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով համաժողովի շրջանակներում Երեւան այցելած Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը:
Aravot.am-ի հարցին, թե ինչով է բացատրում ընդդիմության ընդդիմանալը սահմանադրական բարեփոխումներին ու ինչքանով են նրանց մտավախությունները հիմնավորված, պարոն Մարկերտն ասաց. «Բնական է, որ ընդդիմությունը կասկածանքով է վերաբերում կառավարության գործունեությանը և հատկապես Հայաստանում ամենաշատն է ընդդիմությունը կասկածանքով վերաբերվում, երևի բավական հիմնավոր պատճառներով:
Սակայն Վենետիկի հանձնաժողովը՝ որպես դրսի դիտարկող, ավելի շատ հակված է կարդալու տեքստերը, այլ ոչ այն՝ ինչ թաքնված է տեքստերի հետևում: Պետք է ասել, որ նախկինում ընդդիմության հիմնական ուժերը միշտ կողմնակից էին խորհրդարանական տիպի հանրապետությանը, հիմա, երբ նման առաջարկություն կա, հանկարծակի ընդդիմադիր ուժերը դարձել են ընդդիմադիր այս գաղափարի նկատմամբ»:
Լրագրողներից մեկի հարցին, թե կարո՞ղ եք նշել մի քանի կետեր, որոնք էական առաջընըթաց են ապահովելու, Վենետիկի հանձնաժողովի քարտուղարն ասաց. «Հիմնական դրական միտումն այն է, որ ներկայիս Սահմանադրությունը չափից դուրս իշխանություն է կենտրոնացնում նախագահի ձեռքերում, իսկ տվյալ փոփոխությունները կբերեն իշխանության ավելի ցրմանը` տարբեր գործող անձանց միջև:
Երկրորդը` հիմնական ձգտումն է ուժեղացնել օրենքի գերակայությունը երկրում, և մասնավորապես, կարծում եմ, որ փորձ է արվում ուժեղացնել անկախ դատական համակարգի դերը` ինչպես նաև Սահմանադրական դատարանի դերը»:
Մեկ այլ հարցին՝ հնարավո՞ր է հանձնաժողովականների տեսակետի փոփոխություն, երբ ծանոթանան փոփոխությունների բուն բովանդակությանը, նա պատասխանեց. «Տեքստերը դեռ նախագծի չեն վերածվել: Քանի որ հայեցակարգը լավն է, հույս ունենանք, որ տեքստերը նույնպես կլինեն լավը, չնայած մենք շատ քննադատաբար ենք մոտենալու տեքստերին և շատ մանրամասն ուսումնասիրելու ենք»:
Նա նաեւ ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը ոչ թե իրերը դիտարկում է այսօրվա Հայաստանի ընթացիկ իրավիճակից ելնելով, այլ իրենց հայացքներն ավելի շատ երկարաժամկետ գնահատականի բնույթ ունեն. «Մեր կարծիքով միջնաժամկետ և երկարաժամկետ առումով դա կունենա դրական հետևանքներ»:
Aravot.am-ի հարցին, թե նոր Սահմանադրության հայեցակարգը ինչքանո՞վ է նպաստում իշխանությունների վերարտադրմանը, նա շարունակեց. «Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը հայեցակարգը չէ, կախված է նրանից, թե ժողովուրդը ում կտա իր ձայնը ընտրությունների ժամանակ, արդյոք ընտրությունները կլինեն արդարացի և թափանցիկ և այստեղ ավելի շատ խոսքը գնում է, որ հայեցակարգով պետք է իշխանությունը տարանջատվի և ավելի հավասարաչափ բաշխվի, ոչ թե ներկայիս կենտրոնացված ձևով»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպե՞լ են, լսե՞լ են նրանց քննադատությունը, Վենետիկի հանձնաժողովականը շարունակեց. «Պետք է ասել, որ ներկա փուլում ես աշխատել եմ իմ հանդիպումները սահմանափակել սահմանադրական հանձնաժողովի հետ հանդիպումներով, որովհետև սա քաղաքական մարմին չէ, այլ փորձագիտական մարմին է, և քանի դեռ չի դարձել այս հայեցակարգը նախագիծ, դա դեռ քաղաքական վիճակում չէ, երբ դա դառնա նախագիծ, այն ժամանակ կսկսվեն հանդիպումները քաղաքական կուսակցությունների և գործիչների հետ;
Aravot.am-ի հարցին, թե մինչեւ դրական եզրակացության տալը հատկապես ո՞ր կետերն են հորդորել Հայաստանին վերանայել կամ փոխել, նա պատմեց, որ Երևանում, երբ առաջին քննարկումները եղան մեր հանձնաժողովի անդամների հետ բավական շատ քննադատություններ են արվել. «Տեքստը փոփոխվող, զարգացող տեքստ է և վերջին հանդիպումը, որ եղավ Փարիզում, շատ ավելի լավ գնահատականի արժանացավ, որովհետև մեր քննադատական նկատողությունների ճնշող մեծամասնությունը հաշվի էր առնված»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ