Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունը պետք է սկսվի ընդդիմափոխությունից»

Նոյեմբեր 03,2014 16:00

Արմեն Աղայանը դա է համարում նախապայմանը, որպեսզի իշխանափոխությունը հնարավոր դառնա եւ իմաստ ունենա

«Այս «պայքարին» դեռ երեւանցիները չեն միացել, ուր է թե՝ արցախցիները գան միանալու: Բոլոր դեպքերում սա Տեր-Պետրոսյանի 2007-08-ի հանրահավաքների համեմատ լուրջ առաջընթաց է: Այն ժամանակ բոլորս հիշում ենք, թե որքան հաճախ էին հռետորները անցնում ներքին թշնամանքի սահմանը: Գուցե կոչի հեղինակները լեւոնականների երեսով էին տալիս այդ ամոթալի փաստը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 24-ին կայացած եռյակի հանրահավաքում Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցներին ուղղված կոչին` միանալ այս պայքարին: Հարցին` այս ընթացքում շատ համեմատականներ եղան 1988-ի հրապարակի հետ, զուգահեռներ տեսնո՞ւմ եք, մեր զրուցակիցը պատասխանեց. «1988-ին ազգային խնդիր կար, հետո ԽՍՀՄ փլուզման գործընթացն էր սկսվել: Հազարավոր մարդիկ անկեղծ պայքարում էին հանուն Հայաստանի: Այս դեպքում ռեւանշիզմից ու իշխանատենչությունից բացի՝ ոչինչ չկա: Անգամ շարքային մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն անձամբ իրենց համար: Բացի այդ, ամբոխավարության դարն ավարտվել է: Իրական պայքարը հնարավոր է միայն զանգվածային եւ ներքուստ ժողովրդավար կազմակերպված կառույցների առկայությամբ»:
Մեր զրուցակիցը հանրահավաքներին չի մասնակցել, դատելով արձագանքներից՝ ասում է, որ դրանք իր վրա ոչ մի տպավորություն էլ չգործեցին. «Եղավ այն, ինչ պիտի լիներ: Ավելիի սպասելիք ունեցողները խաբված են եղել կազմակերպիչների կողմից:

Մերօրյա հանրահավաքները շատ են տարբերվում, օրինակ, 1988-ի հանրահավաքներից, երբ մարդիկ ոգեւորված էին, միամիտ եւ ինքնաբուխ: Այսօր մենք ամեն ինչ արդեն տեսել ենք, հոգնել ենք ամբոխավարությունից ու չենք վստահում քաղաքական կեղծավոր դեմքերին: Հանրահավաքները դարձել են կուսակցական միջոցառումներ, որոնց բազմամարդությունն արժեք չունի, քանի որ նախապես պլանավորվում է, դրա ապահովմանը մեծ թվով կազմակերպիչներ են ներգրավվում, ու մեծ գումարներ են ծախսվում: Ոչ ոք չի զարմանում Գագիկ Ծառուկյանի՝ հրապարակ լցնելու ունակության կամ լեւոնականների ճարտասանության վրա: Ու առնվազն ես դրանց համադրությունից չեմ տպավորվում: Այն եթե 10 անգամ ավելի բազմամարդ լիներ, հուժկու չէր լինի, եւ 88-ի ամենափոքր հանրահավաքի կես արժեքը չէր ունենա»:

Հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Որոշ խմբեր ասում են, թե իշխանափոխությունը սկսվելու է ընդդիմությունափոխությունից. դե, արեք տեսնենք՝ էդ ընթացքում Հայաստան կմնա՞, թե՞ չէ. այս մարգինալների թեման հայտարարում եմ փակված»: Նման դիրքորոշում քանիցս արտահայտել է Արմեն Աղայանը: «Առավոտի» դիտարկմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես պատրաստ եմ ամենայն պատասխանատվությամբ կրկնել խոսքս՝ իշխանափոխությունը պետք է սկսվի ընդդիմությունափոխությունից, որպեսզի իշխանափոխությունը հնարավոր դառնա, որպեսզի իշխանափոխությունը իմաստ ունենա: Իսկ Հայաստանը դատարկվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ապազգային կառավարման առաջին օրվանից, նրա դրածո հոգեզավակներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, ու կշարունակվի դատարկվել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ կուռք են սարքում ռեւանշիստներին, հավատում են, որ օլիգարխիայի դեմ կարելի է պայքարել օլիգարխի փողերով, անգամ նրա առաջնորդությամբ, ու ընդդիմություն են համարում վաղուց մարգինալ դարձած Տեր-Պետրոսյանին: Ինքնահավան ու ցինիկ գործիչների ժամանակները նույնպես անցել են:

Արդյունավետ եւ իմաստալից կարող է լինել միայն այն ընդդիմությունը, որը ձեւավորված կլինի ժողովրդական կազմակերպված շերտերի կողմից, օժտված կլինի ներքին ժողովրդավարությամբ, որի անդամները աշխատավարձ չեն ստանա ոչ որեւէ օլիգարխից, ոչ էլ սորոսներից: Իրենց անդամավճարներով կհոգան քաղաքական պայքարի ծախսերը, կմասնակցեն որոշումների կայացմանը եւ կընտրեն իրենց առաջնորդող գաղափարական գործիչների թիմը: Հայաստանին այդ ընթացքում ոչինչ չի պատահի: Իսկ եթե մենք հերթական հինգ կամ տասը տարին կորցնենք հին ու նոր կուռքեր աճեցնելու ու նրանցից հիասթափվելու վրա, ապա հնարավոր է, որ մեր երկիրը չդիմանա»:

Անդրադառնալով էլ ԵՏՄ-ին` Հայաստանի անդամակցության մասին առաջին նախագահի դիտարկումներին՝ Արմեն Աղայանն ասաց, թե տպավորություն էր, որ Տեր-Պետրոսյանը պայմանավորվածություն խախտեց` դարձյալ խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության անշրջելիության մասին, ինչը, բացառված չէ, հարուցեց եռանկյունու մյուս գագաթների զարմանքը: «Թե ինչու է նա համառորեն աջակցում Սերժ Սարգսյանի եվրասիական ստորաքարշությանը` տարբեր վարկածներ կան նրա շարժառիթները բացատրող: Բոլոր դեպքերում Հայաստանի ինքնիշխանությունը վերպետական կառույցներին զոհաբերելը հանցագործություն է, եւ Տեր-Պետրոսյանը նաեւ այս հարցում է Սերժ Սարգսյանին հանցակից»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930