Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը՝ Մալաթիայի հիվանդանոցի աղմկահարույց դեպքի մասին

Նոյեմբեր 03,2014 13:25

«Ցավոտ դեպք է եղել, արատներով երեխա է ծնվել: Դա արտառոց իրավիճակ է, անշուշտ: Համապատասխան քննարկում է լինելու այս շաբաթ նախարարությունում: Առհասարակ բոլոր մայրական եւ մանկական խնդիրները այդ խորհրդում պետք է քննարկվեն: Դրանից հետո մենք կարող ենք տալ համապատասխան բացատրություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսպիսի գնահատական տվեց «Մալաթիա» բուժկենտրոնում առանց ձեռքերի եւ ոտնաթաթի լույս աշխարհ եկած նորածնի աղմկահարույց դեպքի մասին:

Հարցին՝ դա ինչի՞ արդյունք էր՝ նախարարը պատասխանեց. «Արատները, առհասարակ, տարբեր պատճառաբանություն ունեն, եւ միանշանակ այստեղ ասել, թե ինչի հետ է կապված այդ արատով ծնունդը, ես չեմ կարող մեկնաբանել: Բայց դա բաց քննարկում է լինելու եւ կարող եք մասնակցել ու ծանոթանալ»:

Մեր հարցին՝ եթե հայտնի չէ, ինչո՞ւ է այդ դեպքում բժիշկն արդեն հեռացվել աշխատանքից՝ Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Վարչական մեթոդները, որոնք կիրառել է համապատասխան հիվանդանոցը, պետք է ներկայացնի իր գործողությունների վերաբերյալ հիմնավորումները, եւ կատարածի եւ չկատարածի վերաբերյալ»:

Դիտարկմանը, որ այն բժիշկները, որոնք հեռացվում են աշխատանքից իրենց սխալի պատճառով, հետո հայտնվում են մարզային հիվանդանոցներում՝ նախարարը պատասխանեց. «Յուրաքանչյուր զանցանք եւ հանցանք պետք է ունենա իր իրավական գնահատականը: Եթե այդ գնահատականը կա, եւ բժիշկը ենթարկվել է վարչական կամ այլ տույժի, այդ տույժը նա պետք է իրականացնի օրենքի շրջանակներում՝ անկախ նրանից՝ դա կլինի աշխատանքից հեռացում, ազատազրկում, թե որոշ ժամանակով կասեցնել նրա գործունեությունը: Այդ ամենը իր տույժի շրջանակներում նա պետք է կրի: Եթե ժամկետները սպառվել են, այն մարդը, որը չի զրկվել բժշկական գործունեություն ծավալելու իրավունքից, չպետք է զրկել նման հնարավորությունից իր աշխատանքը իրականացնել մարզում, թե որեւէ այլ մարզում»:

Նախարարն ասաց, որ ինքն անձամբ չի այցելել այդ նորածնին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930