Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական տվյալների պաշտպանությո՞ւն, թե՞ տեղեկատվության ազատություն՝ ո՞ր կողմը թեքել նժարը

Նոյեմբեր 03,2014 15:30

Մենք մեր անձնական տվյալները, այսինքն՝ այն բոլոր տեղեկությունները, որոնցով հնարավոր է նույնականացնել անձին՝ անուն, ազգանուն, հեռախոս, հասցե, աշխատավայր, բանկային քարտի համար, ավտոմեքենայի պետհամարանիշ, ընտանեկան դրություն, երեխաների, ընտանիքի մյուս անդամների վերաբերյալ տեղեկություններ, պարբերաբար հայտնում ենք այս կամ այն պետական, տեղական ինքնակառավարման կամ այլ մարմինների (օրինակ՝ այլ երկրների հյուպատոսություններին)՝ կոնկրետ նպատակով, սակայն ի՞նչ երաշխիք ունենք, որ այդ տվյալները կօգտագործվեն միայն եւ միայն այդ նպատակով, որից հետո չեն պահվի եւ չեն օգտագործվի կրկին՝ առանց մեր իմացության եւ համաձայնության:

333

Մի կողմից՝ մենք չենք ուզում, որ մեր անձնական տվյալները հասանելի դառնան հանրությանը: Հենց օրերս նման մի արտառոց դեպք եղավ՝ մի նորահայտ կայք, հիմնվելով, հավանաբար, բջջային օպերատորներից ստացված տվյալների վրա, հրապարակեց բազմահազար մարդկանց հեռախոսահամարներ, հասցեներ եւ այլ անձնական տվյալներ: Բավական էր գրել հեռախոսահամարը, եւ կայքում հայտնվում էր այդ հեռախոսահամարի տիրոջ անուն, ազգանուն, հայրանունը, հասցեն: Անձնական տվյալների գաղտնիության ոտնահարման դասական օրինակ:

Կամ՝ օրեր առաջ եղավ նմանատիպ դեպք: Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այսինչ հասցեում գտնվող այսինչ անձին պատկանող բնակարանի վրա կատարված հարձակման մասին: Կայքերը ավելի հեռուն գնացին՝ կոնկրետ տեղեկացնելով, թե ով է այնտեղ բնակվողը: Հանրությունն իմացավ՝ ա) թե կոնկրետ ում վրա է մահափորձ իրականացվել, բ) ինչ հասցեով է բնակվում տվյալ մարդը: Այսինքն՝ այդ մարդու անձնական տվյալների մի փունջ պետական մարմնի՝ ոստիկանության կողմից տարածվեց ի լուր աշխարհի: Ի՞նչ երաշխիք, որ այս տեղեկատվությունը չեն օգտագործի այլ հանցագործներ: Եվ եթե նույնիսկ նման վտանգ չկա՝ ինչո՞ւ է մարդու անձնական տվյալը, որով հեշտությամբ կարող են նույնականացնել նրան, պետական մարմինը տարածում:

Ճիշտ հակառակ դեպքին անցյալ տարի առնչվեցինք Գերմանիայում, որտեղ գործում է անձնական տվյալների պաշտպանության թերեւս ամենախիստ օրենքը: Մեր ընկերոջ պայուսակը գողացան հենց հյուրանոցի նախասրահում: Սակայն հյուրանոցի ադմինիստրացիան եւ ժամանած ոստիկանությունը ոչ մի գնով չհամաձայնեցին հենց այդ պահին դիտել նախասրահի տեսախցիկի ֆիքսած կադրերը՝ data protection, data protection՝ մի գլուխ կրկնում էին նրանք: Պարզվեց, որ ըստ օրենքի՝ նախ ոստիկանությունը պետք է թույլտվություն ստանա հյուրանոցների ցանցից, որն էլ իր հերթին պետք է դիմի տեսախցիկները տեղադրած ընկերությանը, որից հետո միայն կոնկրետ ոստիկանը կարող է դիտել կոնկրետ կադրեր՝ միայն ենթադրյալ գողին պատկերող հատվածները: Եվ այդ խուճուճ քայլերի ամբողջ իմաստը նախասրահում գտնվող մյուս բոլոր մարդկանց անձնական տվյալները պաշտպանելն էր: Բնական է, որ գողությունը չբացահայտվեց: Հանրային շահը՝ հանցագործին հնարավորինս արագ փնտրել-գտնելը, ստորադասվեց անձնական տվյալների պաշտպանությանը:

Տարբեր առիթներով եվրոպացի փորձագետների հետ այս թեմայով զրույցների ժամանակ նրանք ընդունել են, որ անձնական տվյալների պաշտպանությունը որոշակի հակասություն ունի հասարակական շահի եւ տեղեկատվության ազատության, թափանցիկության հետ: Եվ ամեն երկիր առայժմ ինքն է որոշում՝ իր համար տեղեկատվության ազատությո՞ւնն է ավելի կարեւոր, թե՞ մարդկանց անձնական կյանքի պաշտպանությունը: Ի դեպ, երկրորդ ուղին ընտրած Գերմանիայում հենց նույն data protection-ի խիստ բարձր մակարդակով էին բացատրում հասարակական վայրերում, այդ թվում՝ սրճարաններում եւ ռեստորաններում wi-fi-ի գրեթե իսպառ բացակայությունը, այդ երկրում սոցիալական ցանցերից օգտվողների անհամեմատ փոքր քանակը եւ այլ, երբեմն անհեթեթության հասնող «ոչ, չի կարելի»-ները:

Ի դեպ, մեկ տարի առաջ եվրոպական երկրների արդարադատության նախարարները, չնայած ունեցած հակասություններին, համաձայնվեցին, որ ԵՄ ողջ տարածքում պետք է գործի անձնական տվյալների պաշտպանության մասին միասնական օրենք: Առայժմ ԵՄ անդամ 28 երկրներն ունեն 28 տարբեր օրենքներ՝ անձնական տվյալների մասին, հետեւաբար այդ երկրներից յուրաքանչյուրում անձնական տվյալների պաշտպանությունը տարբեր մակարդակների վրա է գտնվում, եւ դա, ըստ էության, պետական սահմաններ չճանաչող Եվրամիությանը մի շարք փաստերի առաջ է կանգնեցնում:

Վերադառնանք, սակայն, Հայաստան:

Անձնական տվյալների անօրինական մշակումն ու կանխումն ապահովող մեխանիզմ առայժմ մեր երկրում չկա, քանի որ այդ ոլորտի իրավական կարգավորումն իրականացնող «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 12 տարի առաջ, արդեն բավականին հնացած է եւ չի պատասխանում մի շարք կարեւոր հարցերի: Իրավաբան Կարեն Մեժլումյանի խոսքերով՝ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը «խնդրահարույց է իր անհստակությամբ». «Գործող օրենքում տրված չէ հանրամատչելի տվյալների սահմանումը, ինչը պրակտիկայում խնդիրներ է առաջացնում։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ բազմաթիվ դատական վեճերի ենք մասնակցել պետական տարբեր մարմինների հետ, որոնք «անհատական տվյալի» պատճառաբանությամբ մերժել էին տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, այն դեպքում, երբ այդ տեղեկատվությունը օրենքի ուժով պետք է տեղադրված լիներ իրենց կայքերում։ Ինչպես գոնե իմ պրակտիկան է ցույց տալիս, այժմ գործող, չորոշակիացված, այդ պատճառով նվազ խիստ թվացող օրենքի մատնանշմամբ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումները բազմաթիվ են»։

Այժմ Ազգային ժողովում է գտնվում եւ նախատեսված է, որ արդեն 2015թ. հունվարի 1-ից պիտի ուժի մեջ մտնի արդարադատության նախարարության հեղինակած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որը փորձում է փակել այն բոլոր «բացերը», որ կային նախորդ օրենքում, համապատասխանեցնել ոլորտի իրավակարգավորումը ներկայումս աշխարհում ընթացող միտումներին, եվրոպական չափանիշներին:

Եվրոպական չափանիշների մեջ համեմատաբար նոր է «մոռացված լինելու իրավունքը», որի վերաբերյալ Եվրապառլամենտում է գտնվում օրենքի նախագիծը՝ կոչված օրենսդրորեն ամրագրելու այս տարի մայիսին Եվրոպական դատարանի ընդունած նախադեպային որոշումը՝ մարդու՝ «մոռացված լինելու» իրավունք ունենալու մասին («Առավոտ», 20.05.2014թ.):

Մեր նոր օրենքի նախագծում սա էլ է հաշվի առնված՝ հոդված 10-ի 7-րդ եւ 8-րդ կետերում:

Ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում առայժմ չկա որեւէ լիազոր մարմին, որը կհսկի անձնական տվյալների մշակման եւ օգտագործման օրինականությունը, կտա անձնական տվյալների հետ կատարվող գործողությունների օրինականության վերաբերյալ եզրահանգում եւ կկարողանա կանխել այդ ոլորտում ապօրինությունները: Առայժմ մարդիկ, ովքեր կասկածում են, որ իրենց անձնական տվյալները ենթարկվում են անօրինական մշակման, կարող են դիմել ոստիկանությանը, որը, ինչպես տեսաք վերը բերված օրինակում, ինքն է երբեմն իր ունեցած տեղեկությունները՝ մարդկանց անձնական տվյալների վերաբերյալ, օգտագործում ոչ նպատակային:

Նոր օրենքի նախագծում ներառված է արդարադատության նախարարության համակարգում Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծման դրույթը, որի վրա էլ հենց կդրվեն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանումն ու շտկումը: Այս մարմինն, ըստ էության, ստանձնելու է ոլորտի «օմբուդսմենի» դերը, որը, սակայն, օժտված է բավականին լուրջ, այդ թվում՝ «պատժիչ» իրավասություններով:

Իրավաբան Կարեն Մեժլումյանը այս ինստիտուտի ստեղծումը շատ է կարեւորում: Իր հերթին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «անթույլատրելի է համարում այդ մարմնի ստորադասությունը գործադիրից» եւ առաջարկում է՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության եւ տեղեկատվության ազատության իրավունքների փոխկապակցվածությունը, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի փոխարեն սահմանել Տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության հանձնակատարի ինստիտուտ, որն իրավազոր կլինի անձնական տվյալների պաշտպանության եւ տեղեկատվության ազատության հարցերով վեճերի լուծման համար՝ որպես պետության եւ հասարակության միջեւ միջնորդ:
Նկատենք, որ թեեւ այդ ոլորտները մեկ ինստիտուտում միավորելը ոչ նպատակահարմար է թվում՝ շահերի ակնհայտ բախման պատճառով, սակայն նման նախադեպ կա: Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, ով ներկայացրել է օրենքի նախագիծը Ազգային ժողովում, մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ որոշ երկրներ հենց այդպես էլ վարվել են: Մեր հարցին՝ ընդունելի՞ է համարում ԻԱԿ-ի առաջարկը, նա պատասխանեց. «ՀՀ կառավարությունը նշված գործառույթը չի նախատեսել նախագծին հավանություն տալու ժամանակ, ուստի այս փուլում դժվար կլինի միանշանակ պատասխանել հարցին»։ Նա նկատեց, որ ոլորտը նոր է մեզ համար, եւ դրանով է նաեւ պայմանավորված արդարադատության նախարարության կազմում Լիազոր մարմնի ընդգրկումը. «Կարեւորը, որ Լիազոր մարմինն անկախության էլեմենտներ ունենա, առայժմ նոր է, կգործի, կաշխատի, որից հետո հետագայում կերեւա՝ անհրաժե՞շտ է առանձին մեծ կառույց ունենալ, թե՞ ոչ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930