Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ որեւէ բանից՝ կոնսերվատորիան արձանագրեց հերթական հաջողությունը

Նոյեմբեր 03,2014 15:00

Օրերս Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայում 2 համերգով ներկայացան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը հայտնեց, որ վերջին 30-40 տարիների ընթացքում Թբիլիսիի կոնսերվատորիայում կայացած երեկոն հայ ուսանողների առաջին ելույթն էր: Հիշեցրեց նաեւ, որ ընթացիկ տարվա գարնանը վրաց ուսանող կոմպոզիտորներին ընդունել էր Երեւանի կոնսերվատորիան, եւ այստեղ նրանք ունկնդրել են իրենց իսկ ստեղծագործությունները հայ ուսանողների մեկնաբանմամբ: Ասաց նաեւ, որ թբիլիսյան համերգային առաջին օրը ներկայացել են մեր կոնսերվատորիայի կատարողական ամբիոնների ուսանողները (դաշնակահարներ, լարայիններ, փողայիններ, վոկալիստներ), իսկ երկրորդ օրը հայ ուսանող կոմպոզիտորների երկերը հնչել են տեղի կոնսերվատորիայի կատարողական ամբիոնների ուսանողների մատուցմամբ:

Պարոն Շահինյանը նշեց, որ թավջութակահար, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Թալալյանը Թբիլիսիի կոնսերվատորիայում վարել է նաեւ վարպետության դաս: Ռեկտորն ասաց նաեւ, որ իրենց ուղեկցել են Թբիլիսիի հայկական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք են մատուցել արվեստի ու մշակույթի հայ մեծերի հիշատակին:

«Թբիլիսիում կնքեցինք մշակութային բուհերի համար այնքան անհրաժեշտ երկկողմ պայմանագիր՝ առաջիկայում ուսանողների փոխանակման, երկու կոնսերվատորիաների դասախոսների փոխայցելությունների, վարպետության դասերի անցկացման մասին: Մեր ուսանողներից շատերը, որոնք արդեն հանդես են եկել եվրոպական մի շարք երկրներում, էլ ավելի տպավորվեցին այս ուղեւորությունից»,- հավաստիացրեց ռեկտորը՝ շեշտելով, որ նման միջոցառումները կարեւոր ու անհրաժեշտ գործոն են ոչ միայն միջբուհական, այլեւ ընդհանրապես երկու երկրների երաժշտական կյանքում:

Երաժշտական բարձրագույն բուհի ռեկտորից հետաքրքրվեցինք վերջին օրերին Երեւանի կոնսերվատորիայի դասախոսների ցածր աշխատավարձերի մասին հրապարակումներով: Պարոն Շահինյանը նախ նշեց, որ այդ խնդիրը 20-25 տարվա պատմություն ունի. «Մրցակցություն է պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Ուսանողն է ընտրում դասախոս, այլ ոչ հակառակը: Խոսքն, իհարկե, մասնագիտական առարկա դասավանդող դասախոսների մասին է: Մեզ մոտ դասախոսների 10-15 տոկոսն է ապահովված լրիվ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, որը կազմում է տարեկան 720 ժամ: Այո, ունենք դասախոսներ, որոնց ծանրաբեռնվածությունը հասնում է մինչեւ 80 դասաժամի: Ավելի պարզ ներկայացնեմ. կան պրոֆեսորներ, որոնք աշխատում են օրական 8 ժամ, եւ կան այնպիսիք, որոնք այդքան աշխատում են ողջ ամսվա ընթացքում:

Բնական է, որ առաջինները պետք է ավելի բարձր վարձատրվեն: Ընդ որում, կոնսերվատորիան իր բյուջեի 85-87 տոկոսը տրամադրում է միայն աշխատավարձերին: Եթե լիներ ցանկալին, այն է՝ դասախոսների քանակը համապատասխաներ ուսանողների թվին, ապա պրոֆեսորի նվազագույն աշխատավարձը կկազմեր 150 հազար դրամ»: Հավելեց նաեւ, որ կոնսերվատորիայի ինքնակառավարման բարձրագույն մարմինը՝ գիտական խորհուրդը, պետք է լսի այդ հարցն ու համապատասխան որոշում կայացնի: Հարցին, թե ինչո՞ւ երկու տասնամյակից ավելի գիտխորհուրդը չի անդրադառնում խնդրին, պարոն Շահինյանը պատասխանեց. «Մեզ մոտ մշտապես կարեւորվել է մարդկային գործոնը: Պահանջարկ ունեցող դասախոսներն աշխատում են լրիվ ծանրաբեռնվածությամբ ե՛ւ կոնսերվատորիայում, ե՛ւ երաժշտական այլ հաստատություններում, ինչպես նաեւ ծավալում համերգային գործունեություն: Այնպես չէ, որ մենք հենց նոր ենք իմանում այս խնդրի մասին: Գնա՞լ կտրուկ քայլերի, թե՞ ոչ՝ գիտխորհրդի որոշելիքն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930