Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաղալիք գնելիս անվտանգության հավաստագիր պահանջեք

Նոյեմբեր 03,2014 14:45

Երեխաների համար պետք է խաղալիք գնել միայն այն խանութներից, որոնք ունեն դրանց անվտանգության հավաստագիր: «Առավոտի» հետ զրույցում սպառողներին այսպիսի խորհուրդ է տալիս սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը: Դեպք է արձանագրվել, որ երեխան չինական խաղալիքից թունավորվել է: Ավելի հաճախ էլ երեխաների մոտ խաղալիքներից ալերգիա, քոր է սկսվում, սակայն ծնողները բժշկի դռներն ընկած՝ չեն իմանում, թե պատճառը որն է: Այսօր երեւանյան խանութներում, շուկաներում հազարավոր տեսակի անհայտ ծագման խաղալիքներ են վաճառվում, սակայն դրանց նկատմամբ վերահսկողություն, ըստ էության, չկա: Մասնագետների վկայությամբ՝ որքան խաղալիքը մատչելի է, նրանից սպասվող վտանգն այնքան մեծ է, քանի որ տվյալ խաղալիքի արտադրության համար օգտագործված նյութերը էժանագին են ու թունավոր:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Կարինեն պատմեց, որ իր 4-ամյա երեխայի համար խաղալիք ընտրելիս սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել այն բանից հետո, երբ պարզել է, որ երեխայի մոտ ալերգիայի առաջացման պատճառը նվեր ստացած խաղալիքն է. «Սկզբում մտածում էինք, որ սննդից է ալերգիան: Բժիշկը դիետա նշանակեց, սակայն երեխայի մոտ որեւէ դրական արդյունք չէր նկատվում: Քանի գնում, այնքան ավելի էր ծանրանում վիճակը, մինչեւ որ պարզեցինք հիվանդության առաջացման իրական պատճառը»:

Մեզ հետ զրույցում Նարինե Սիմոնյանն էլ պատմեց, որ վերջերս նրա 3-ամյա տղան՝ Գոռը, խաղի ընթացքում խաղալիքի դետալներն առանձնացրել եւ քթի մեջ է մտցրել, ինչը հեռացրել են մասնագետի օգնությամբ:

«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ խաղալիքներից դժգոհություններ երբեմն-երբեմն ստանում են:

Վտանգավոր խաղալիքներից խուսափելու համար սպառողների պաշտպանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել չինական արտադրանքից եւ խաղալիք գնել միմիայն մասնագիտացված խանութներից, այն էլ՝ փաստաթղթի առկայության դեպքում միայն:

Ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն ասում է, որ մինչեւ 1 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքները պետք է զերծ լինեն «PBC» կոչվող նյութից, որը մեծ վտանգ է ներկայացնում երեխաների առողջությանը: Ալերգոլոգի խոսքով՝ պետք է խուսափել մանր մասնիկներից բաղկացած խաղալիքներից: «Երեխաները կարող են կուլ տալ դրանք կամ մտցնել ականջը, քիթը»,- բացատրեց մանկաբույժը՝ հավելելով, որ ալերգիկ հիվանդություններ ունեցող երեխաների ծնողները պետք է խուսափեն փափուկ խաղալիքներից, քանի որ դրանց վրա փոշու տզերի հավանականությունը ավելի մեծ է: Հոգեբան Մարիաննա Թոզալաքյանն էլ նշեց, որ խաղալիք ընտրելիս պետք է հաշվի առնել տարիքային համապատասխանությունը. «Մեկ տարեկան երեխաներին անհրաժեշտ են ոչ թե հայտնի մուլտֆիլմերի հերոսների պատկերներով հավաքածուներ, այլ խաղալիքներ, որոնք կբավարարեն նրանց հետաքրքրությունը»:

Հոգեբանը գտնում է, որ խաղալիք գնելիս հարկավոր է հաշվի առնել նաեւ երեխայի ցանկություններն ու առանձնահատկությունները. «Քիչ չեն դեպքերը, երբ ծնողները խաղալիք են գնում ոչ թե նրա համար, որ այն շատ է դուր եկել երեխային, այլ այն պարզ պատճառով, որ իրենք են հավանել այն»:

ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930