Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի պատգամավորին եւ մտավորականին թույլ չտվեցին ներկա գտնվել Զարուհի Փոստանջյանի հեղինակած Արցախի վերաբերյալ օրինագծի քննարկմանը (Տեսանյութ) 

Նոյեմբեր 03,2014 12:40

Երեկ՝ նոյեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստը, որի օրակարգում նաեւ ընդգրկված էր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Նկատենք, որ թեեւ նիստը տեղի էր ունենում Արցախում, Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրինագծի քննարկումը անցկացվեց դռնփակ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նիստի հենց սկզբից պնդեց, որ ցանկանում է, որ այն լինի դռնփակ՝ պատճառաբանելով, որ սուր հարցեր կան քննարկելու, իսկ հանձնաժողովի անդամները, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, կողմ քվեարկելով դռնփակ նիստի առաջարկին՝ որոշեցին, որ նիստը պետք է տեղի ունենա դռնփակ: Զարուհի Փոստանջյանը պահանջեց հիմնավորել, թե որն է փակ նիստի պատճառը, սակայն իր հարցին պատասխան չտրվեց հանձնաժողովի անդամների կողմից:

Zaruhi PostanjyanՆշենք նաեւ, որ նիստին էին հրավիրված արցախցի մտավորական Հրաչյա Արզումանյանը եւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, որոնց նույնպես թույլ չտրվեց ներկա գտնվել օրինագծի քննարկմանը:

Aravot.am-ը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նա վերաբերում այն հանգամանքին, որ նիստը անց է կացվում Արցախում, եւ միեւնույն ժամանակ դռնփակ, ինչին պրն Բադասյանը պատասխանեց, որ դա իրենց իրավունքն է, սակայն երբ հարցը վերաբերում է Արցախի եւ Հայաստանի սահմանների հետ կապված անվտանգության հարցերին, ապա կարելի է քննարկումը կատարել բաց. «Եթե օրակարգը իջեցվել է, ուրեմն օրակարգը պետք է բաց քննարկվի: Ողջունում եմ, որ այս հարցի քննարկումը տեղի է ունենում Արցախում, այն պետք է անցկացվի մի քանի փուլերով եւ այդ քննարկումները պետք է պատասխանեն բոլոր հարցերին: Բայց ես այստեղ տեսնում եմ իջեցված պրոբլեմ եւ տեսա ժխտողական կեցվածք՝ անկախ հարցի բուն էությունից»:

Պրն Բադասյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է, որ ամեն մի պատգամավոր ոչ թե իր կարծիքն է արտահայտում, այլ ժխտողական ձեւով փորձում է իր վրա դրված հանձնարարությունը կատարել. «Նման հարցը մատների արանքով նայելը ճիշտ չէ»:

LXH AJ

Պրն Բադասյանի խոսքով՝ ինչ է՞ եղել, թող այս նախագծով եւս մեկ անգամ ամրագրվի Արցախի Անկախությունը. «Չես ընդունում, որովհետեւ պարուրվա՞ծ ես այդ միջազգային սաբոտաժներով»:

Զարուհի Փոստանջյանն էլ դռնփակ նիստի ավարտից հետո մեզ հետ զրույցում նշեց, որ փակ նիստի ընթացքում ոչ մի հիմնավորում չհնչեց, թե ինչու Ազգային Ժողովի կողմից նման օրինագիծ չպետք է ընդունվի. «Խնդիրը այն էր, որպեսզի հորդորեին ինձ հետ վերցնել այս օրինագիծը, մինչդեռ ես շարունակեցի պնդել, որ օրինագիծը պետք է քննարկվի եւ ներկայացվի Ազգային Ժողովում»:

Մանրամասն՝  տեսանյութում

Տիկին Փոստանջյանի խոսքով՝ օրինագծում առաջարկվող բոլոր կետերը հանձնաժողովի անդամների համար խնդիրներ էին հարուցում. «Սակայն ես պնդեցի, որպեսզի քննարկում լինի, այնուհետեւ քվեարկություն: Հիմնական դերակատարը Ալեքսանդր Արզումանյանն էր, նրա վրա էր դրված այդ պարտականությունը, որպեսզի ելույթով հանդես գա: Բավականին տգեղ մթնոլորտում տեղի ունեցավ հանձնաժողովի նիստը եւ նույնիսկ հանձնաժողի անդամներից մի քանիսը փորձում էին բարոյականության դասեր տալ ինձ եւ հիմնավորում էին, որ այսպիսի օրինագիծ ներկայացնելը անբարոյականություն է: Մինչդեռ սա աշխարհասփյուռ հայության կարծիքն է»:

Տիկին Փոստանջյանի կարծիքով՝ եթե քննարկումը դռնփակ էր, ապա այն կարող էր տեղի ունենալ Երեւանում եւ աշխատանքային օրով:

Զարուհի Փոստանջյանը մեզ տեղեկացրեց, որ քննարկումից հետո քվեարկության ժամանակ օրինագծին դեմ էր քվեարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, իսկ հանձնաժողովի մյուս անդամները ընդհանրապես չէին քվեարկել:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930