«Մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ-ում նշեց, որ առողջապահության համակարգի հետ կապված աշխատանքները չեն ստացվում, թեեւ կարմիր թելի նման մնում է ժամկետանց դեղերի խնդիրը: Ինչո՞ւ են ժամկետանց դեղերը մնում հիվանդանոցներում, եթե մնում են, դրանք, բնականաբար, օգտագործվում են, եւ նոր ստացված դեղերը կարող են այլ ճանապարհով օգտագործվել: Ինչո՞ւ դրանք հետ չեն վերադարձվում»,-այսօր ԱԺ-ում առողջապահության ոլորտում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին այսպիսի հարց ուղղեց:
Արմեն Մուրադյանը հերքեց, որ օմբուդսմենի հետ աշխատանքները չեն ստացվում. «Աշխատում ենք, կա անհամաձայնություն՝ որոշակի հարցերի շուրջ: Անհամաձայնությունը բխում է նրանից, թե առարկայակա՞ն է հարցը, թե՞ չէ. «ժամկետանց դեղերը դրվագ է, չեմ կարծում, որ այն կարող է դառնալ համակարգային խնդիր: Եթե տարաձայնություններ կան, իրավական դաշտի տարաձայնություններ են: Հիվանդների մեկուսացման հետ կապված խնդիր կար, օրինակ, ջրծաղիկով հիվանդի: Երկրորդը, երբ հոգեբուժարանում փաստաթղթերի չեն թույլ տալիս ծանոթանալ, նկարահանումներ իրականացնել հոգեբուժարանում այն մարդկանց, որոնք բացարձակ ցանկություն չունեն երեւալ: Սրանք իրավական խնդիրներ են, որեւէ լուրջ տարաձայնություններ չեմ տեսնում: Ես գոհ եմ աշխատանքի բնույթից: Ես միայն շնորհակալ եմ նրանց՝ այդպիսի նախանձախնդիր մոտեցման համար:
Հեղինե Բիշարյանը նաեւ փոխանցեց «Հաղթանակ» թաղամասի բնակիչների դժգոհությունը «4-րդ գյուղում բժշկական ամբուլատորիա չկա: 8000 -ից ավելի բնակչություն ունեցող մեծ թաղամասի նման տեղ է: Խնդրում ենք դա հաշվի առնել, իրենք պատրաստ են տեղական միջոցներով էլ օգնել»: Նախարարն ասաց, որ այդ խնդրով կզբաղվեն, բայց համապատասխան չափորոշիչներ են գործում:
Նիստին ներկա Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խնդրին տեղում արձագանքեց. «Չարբախում, Սիլիկյան թաղամասում կան փոքր ամբուլատոր կենտրոններ: Հաղթանակ թաղամասն ունի 19-րդ պոլիկլինիկան: Բնակիչն ազատ է ընտրության մեջ: «Հաղթանակի» բնակիչների կողմից որեւէ առաջարկ չի եղել առանձին ամբուլատորիա բացելու: Մեր պոլիկլինիկական բազան հնարավորություն տալիս է նաեւ այնտեղ առանձին ամբուլատորիա բացելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ