Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադանայում քչերը հիշեցին հայերի մասին

Նոյեմբեր 03,2014 14:15

«Առավոտը» շրջել է Ադանայում եւ մարդկանց հարցուփորձ արել հայերի մասին

«Առավոտը» տեղեկացրել էր, որ մասնակցում էր «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված ավտոբուսային երկշաբաթյա շրջագայությանը Թուրքիայի եւ Հայաստանի տարածքով, որի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողներն ու բլոգերները հնարավորություն ունեցան երկու երկրներով ճանապարհորդելու ընթացքում զրուցել միմյանց հետ ամենատարբեր թեմաներով՝ սկսած անձնական նախասիրություններից, վերջացրած Հայոց ցեղասպանության բարձրաձայնումն ու Թուրքիայի իշխանության կողմից դրա ճանաչումը:

Ուղեւորության հերթական եւ մեզ համար ամենանշանակալից կանգառն Ադանա քաղաքն էր: Սարոս գետի ստորին հոսանքի շրջանում գտնվող Դաշտային Կիլիկիայի նշանավոր այս քաղաքում քչերը հիշեցին հայերի մասին, չնայած նրան, որ 20-րդ դարի սկզբին Ադանայում ապրող 45000 բնակչից 12600-ը հայեր էին: 1909 թվականին էր, որ տեղի ունեցավ Ադանայի հայ բնակչության կոտորածը: Մեծ եղեռնի ժամանակ Ադանայում հայ չմնաց, բայց Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Կիլիկիան անցավ Ֆրանսիայի ձեռքը, հայերի մի մասը վերադարձավ: 1920 թվականի օգոստոսի 4-ին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի հայոց անկախությունը, որը սոսկ ձեւական բնույթ ուներ։ Շուտով Ֆրանսիական զինվորական իշխանությունները Ադանան եւ ամբողջ հայկական Կիլիկիան հանձնեցին քեմալական Թուրքիային: Ադանայի հայերի մեծ մասը գաղթեց Սիրիա եւ Լիբանան:

Ադանայում մենք՝ թուրք լրագրողի ուղեկցությամբ, քայլում էինք Սարոսի հայտնի բազմաչք կամրջի վրայով, շրջում Ադանայի հայկական Աղջկանց վարժարանի կողքով եւ մարդկանց հարցուփորձ անում այստեղ ապրած հայերից, Ադանայի ջարդերից: Մեզ հանդիպածները խուսափում էին խոսել: «Ես լսել եմ հայերի մասին, այո, այստեղ ապրել են նրանք: Բայց պատերազմ է եղել, մարդիկ իրար սպանել են եւ շատ հայեր թողել, գնացել են: Ավելին չգիտեմ»,- ասաց մի տարեց մարդ, որը զրույցի ամենասկզբից տեղեկացրեց, որ Դիարբեքիրից է: Հետաքրքրվեցինք՝ իսկ ընդհանրապես հայերի, 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ի՞նչ է լսել, տարեց մարդը նորից ձեւացրեց՝ այդ մասին ոչինչ չգիտի:

Adana1

Մեզ հանդիպած մեկ այլ տարեց, որն ասաց, թե Վանից է եկել Ադանա, նորից իմանալով, որ հայ լրագրող է իր առջեւ կանգնած, խուսափեց խոսել Ադանայում ապրած հայերի մասին: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գիտի Վանում ապրած հայերի մասին, նրա պատասխանը կարճ էր. «Հայրս է պատմել հայերի մասին, ասել է, որ Վանում հայեր են ապրել, ժողովրդի մեջ կռիվներ են եղել ինքնապաշտպանական, հայերը սպանել են թուրքերին»:

Մի երիտասարդից փորձեցինք հետաքրքրվել՝ ի՞նչ գիտի հայերի մասին, Ադանայի կոտորածի մասին, պատասխանը՝ «ոչինչ» էր: Հետո հետաքրքրվեցինք՝ դպրոցական դասագրքերում ի՞նչ են անցել հայ-թուրքական հարաբերությունների, երկու երկրների պատմական անցյալի մասին: «Ես այդքան էլ լավ չեմ սովորել, գուցե այդ մասին դասերը բաց եմ թողել»,- խուսափողաբար ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադանայի կոտորածները Օսմանյան կայսրության կողմից իրականացված ամենալայնամասշտաբ ջարդերի երկրորդ փուլն էին: Ըստ Ցեղասպանության թանգարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության՝ Ադանայի ջարդերին զոհ է գնացել ավելի քան 30.000 հայ: Հայ բնակչությանը հասցված վնասը կազմում էր շուրջ 20 մլն թուրքական լիրա. հրդեհվել էին 24 եկեղեցի, 16 դպրոց, 232 տուն, 30 հյուրանոց, 2 ֆաբրիկա, 1429 ամառանոց, 253 ագարակ, 523 խանութ, 23 ջրաղաց եւ շատ այլ շինություններ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝
Հուսեին Հայաթսեվերի
եւ Այկութ Գյունգյորի

«Առավոտ» օրաթերթ
01.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930