Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առավոտցիներ». «Հաճախ են այլ լրատվամիջոցների լրագրողներ անկեղծորեն խոստովանել, որ նախանձում են «Առավոտի» «սպայկային»

Նոյեմբեր 03,2014 14:00

«Առավոտում» աշխատանքային տարիներն է հիշում Լուսինե Մարգարյանը

«Առավոտ» եկել եմ ինքս, հիշում եմ՝ երբ մտնում էի գլխավոր խմբագրի աշխատասենյակ, աչքս առավ մի հայտարարության, որտեղ գրված էր. «Առավոտում» թափուր աշխատատեղեր չկան, խնդրում եմ ինձ այդ հարցով չդիմել»: Ես ներս մտա, բարեւեցի Արամ Աբրահամյանին ու սկսեցի. «Թեպետ, Ձեր խմբագրությունում թափուր աշխատատեղեր չկան, բայց ես շա՜տ եմ ուզում աշխատել «Առավոտում», խնդրում եմ ինձ ընդունել աշխատանքի»: Արամ Աբրահամյանը ժպտաց, ասաց, որ սկզբի համար լավ էր, ու ինձ ընդունեց աշխատանքի՝ ուրախությանս չափ ու սահման չկար: «Առավոտը» դեռ այն ժամանակվանից բրենդ էր, ու յուրաքանչյուր լրագրողի համար պատիվ էր աշխատել այդ թերթում»,- «Առավոտ» օրաթերթի խմբագրությունում աշխատանքի ընդունվելու օրն է հիշում Լուսինե Մարգարյանը:

Lusine-MargaryanAravot

«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ զրուցել ենք նրա հետ:

Ասում է՝ թեեւ այստեղ սկսել է աշխատել 1998 թվականից, սակայն օրաթերթի հետ կապված է եղել ավելի վաղ: «Երբ դեռ քննարկվում էր թերթի 16 էջանոց ֆորմատին անցնելու հարցը, ես այդ ժամանակ աշխատում էի ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար, կրթության ոլորտը լավ իմացող լրագրողի փնտրտուքներով Արամ Աբրահամյանը, Վասակ Դարբինյանը երբեմն այցելում էին նախարարության այն ժամանակվա աշխատակից, իմ լավ բարեկամ Սերգեյ Հարությունյանին, որը մշտապես իմ աշխատասենյակում էր լինում ու հյուրերին էլ, բնականաբար, իմ մոտ էր ընդունում: Այդպես ես ծանոթացա Արամ Աբրահամյանի, Վասակ Դարբինյանի հետ ու այդպես նրանք «Դպրոց» թերթից «խլեցին» Նաիրա Հովհաննիսյանին, ով, ի դեպ, «Առավոտ» գալուս օրերին ինձ հուշեց, որ, այնուամենայնիվ, «Առավոտում» թղթակցի կարիք կա,- պատմում է Լուսինե Մարգարյանը եւ դիմում Նաիրա Հովհաննիսյանին,- Նառ ջան, կներես, այսքան տարի հետո գաղտնիքը բացելու համար»:

Պատմում է, որ մինչեւ «Առավոտում» հայտնվելը ծանոթ էր խմբագրության ջերմ մթնոլորտին. այնտեղ աշխատող շատ ընկերներ ուներ, բացի այդ՝ մամուլի քարտուղարի աշխատանքի բերումով, հաճախ էր լինում «Առավոտում». «Նորությունն ինձ համար Արամ Աբրահամյանի խստապահանջությունն էր, նա իր լրագրողներին վստահում եւ ստեղծագործական բացարձակ ազատություն էր տալիս (չեմ ուզում կրկնվել նրա սահմանած՝ լրագրողի ոսկե կանոնների մասով, դա բոլորիս համար օրենք էր), միաժամանակ շատ խիստ էր կազմակերպչական եւ կարգապահական հարցերում: Այդ տարիներին ես կոնտակտային լինզաներ էի դնում, հիշում եմ, մի օր, երբ էջս տարա ներկայացնելու՝ հենց Արամ Աբրահամյանի դռան մոտ պատահմամբ լինզաս ընկավ, ես ընդամենը 2 րոպե ունեի էջս չուշացնելու համար, խնդրեցի Մարիշին էջս ներկայացնել խմբագրին, մինչ ես լինզան կգտնեմ, նույնիսկ այդ 2 րոպեն ուշացնելու դեպքում ինձ տույժեր էին սպասվում: Մասնագիտական առումով խմբագրի ամենակարեւոր պահանջն էր՝ պատասխանատու լինել ասված, գրված յուրաքանչյուր խոսքի համար»:

Լուսինե Մարգարյանն էլ, ինչպես բոլոր «առավոտցիները», ջերմությամբ է հիշում «Առավոտի» աշխատակազմին, ասում է՝ նախ աշխատում էր խմբագրության մեծ սենյակում. «Բայց այդ ժամանակ այնքան միախառնված էինք, որ, անկեղծ ասած, չէինք էլ տարբերակում, թե որը՝ ում սենյակն է: Շատ-շատ ջերմ մթնոլորտ էր, հիմա չեմ էլ հիշում ինչպես, ինչու, բայց Մարգարիտ Եսայանը մեր մաման էր, Արա Գալոյանը՝ պապան, մենք էլ՝ Հասմիկը Բուդաղյան, Սաթիկը Սեյրանյան, Լիլիթը Ավագյան, Նաիրան Հովհաննիսյան, Արեւհատը Գրիգորյան ու ես՝ նրանց բալիկներն էինք, թեպետ բոլորին է հայտնի, որ «բալիկ ջան» արտահայտության հեղինակային իրավունքը Արամ Աբրահամյանինն է:

Հետո արդեն երկար ժամանակ, ես ու Սաթիկ Սեյրանյանը միեւնույն աշխատասենյակում էինք աշխատում, հետո մեզ միացավ լուսահոգի Նաիրա Մամիկոնյանը»,- պատմում է նա:
Լուսինե Մարգարյանն «Առավոտում» եղել է տնտեսական էջի պատասխանատու, այդ ընթացքում բավական լուրջ եւ աղմուկ բարձրացրած հրապարակումներ է պատրաստել, որոնցից շատերը բանկային ոլորտին էին վերաբերում: «Առավոտում» եթե նույնիսկ ուրիշ հեղինակ անդրադառնում էր բանկային ոլորտին, այն ժամանակվա ԿԲ մամուլի քարտուղարը կարծում էր, թե հոդվածի հեղինակը ես եմ, պարզապես կեղծանունով եմ ներկայացել: Թեպետ, անկեղծության համար ասեմ, որ այդպիսի դեպքեր էլ են եղել»,- պատմում է նա, նշում, որ ամեն դեպքում «Առավոտից» իրեն ավելի շատ հիշում են որպես ժամանցի էջի պատասխանատու: «Երեւի այն պատճառով, որ այդ տարիներին շատ համարձակ քայլ էր օրաթերթում նման թեմաներին անդրադառնալը: Երբ փոխխմբագիր Վասակ Դարբինյանն ինձ ասաց, որ Արամ Աբրահամյանի հետ մտածել են թերթում ռուսական «Սպիդ-ինֆո» թերթի նման էջ բացել ու ինձ էլ պատասխանատու նշանակել՝ ես շոկի մեջ էի: Չգիտեմ, հիմա տարիների հեռվից կարծում եմ՝ դա այն տարիների համար իրոք համարձակ քայլ էր»,- պատմում է Լուսինե Մարգարյանը: Ապա հիշատակում իր մի հրապարակումը. «Անձամբ ես շատ սիրում եմ դեսպանների եւ միջազգային կառույցների ղեկավարների հետ արված «Առանց փողկապի հարցազրույցների» շարքը: Բայց հիշել այդ տարիները ու չհիշել այն ժամանակվա ֆինանսների նախարարի մասին գրածս հոդվածը, կարծում եմ՝ ինձ չի ներվի: Արամ Աբրահամյանը ինձ ինչ-որ բախտագուշակի մասին հայտարարություն տվեց ու հանձնարարեց հոդված գրել: Աստված իմ, մտածում էի՝ ի՞նչ գրեմ, որ հետաքրքիր լինի, մտածեցի ու գտա: Ես մի տեւական ժամանակ հարցազրույց էի խնդրում ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանից ու անընդհատ հետաձգվում էր: Ես էլ որոշեցի Էդվարդ Սանդոյանի լուսանկարով գնալ բախտագուշակի մոտ՝ պարզելու, թե երբ ֆինանսների նախարարը ինձ հարցազրույց կտա: Դե, բախտագուշակը չգիտի, որ ես լրագրող եմ, լուսանկարի տղամարդն էլ՝ ֆինանսների նախարար: Բախտագուշակը մտածեց հերթական աղջիկն է՝ երիտասարդ տղամարդու հետ չկայացած սիրո պատմությամբ, ու ամբողջ «գուշակությունները» այդ ուղղությամբ տարավ:

Բախտագուշակի ասածներին ավելացրել էի իմ լրագրողական մեկնաբանությունները ու «Փոփոխություններ են սպասվում «Առավոտի» թղթակցի եւ ֆինանսների նախարարի կյանքում» վերնագրով հոդված տպագրեցի: Բում էր: Բառացիորեն բոլորը խոսում էին այդ մասին: Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարը երկար ժամանակ պահանջում էր հերքում տպագրել, բայց հետո պարզվեց, որ Էդվարդ Սանդոյանը հումորի մեծ զգացողություն ունեցող մարդ է ու հումորս հասկացավ (ժպտում է-հեղինակ)»:

«Առավոտի» ավանդույթներից Լուսինե Մարգարյանի համար էլ հիշարժանը խնջույքներն էին: «Ցանկացած խնջույքի ժամանակ, ես, Սաթիկը եւ լուսահոգի Ժենյան երգում էինք, մի տարբերությամբ, որ ես երգերի բառերը գիտեի, իսկ Սաթն ու Ժենյան միայն «լյա-լյավ» էին երգում, շատ զվարճալի տրիո էր ստացվում: Պակաս հումորով չէին նաեւ մեր տեխնիկական կազմի աշխատակիցները, հիշում եմ՝ ամեն անգամ քաղաքից դուրս կազմակերպված խնջույքների ժամանակ իմ սիրելի Անժիկը մի «օյին» սարքում էր՝ գոնե մեր շատ սիրելի տնօրեն Պետյայի գլխին: Կուզենայի ավելացնել, որ որպես իսկական ընտանիք, «Առավոտում» կիսում են նաեւ մեկմեկու ցավն ու վիշտը, ապրում իրար ուրախություններով ու դժվարություններով: Ինձ շատ հաճախ են այլ լրատվամիջոցների լրագրողներ անկեղծորեն խոստովանել, որ նախանձում են «Առավոտի» «սպայկային», -ասում է Լուսինե Մարգարյանը, համարում, որ խմբագրությունն իր համար հայրական տուն է, նշում է, որ հենց այս արտահայտության «հեղինակային իրավունքներն» իրեն են պատկանում:

Պատմում է, որ «Առավոտից» հետո հիմնականում PR աշխատանքով է զբաղվել, կարծում է, որ բոլոր «առավոտցիների» համար օրաթերթում աշխատանքը բեկումնային է եղել, այցեքարտ՝ իսկական լրագրողի: Ինքն աշխատել է որպես ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի, ՄԱԶԾ ծրագրերից մեկի, «Կոնվերս բանկի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու, եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի մամլո քարտուղար, այս տարիներին հասցրել է նույնիսկ PR ասպիրանտական կրթություն ստանալ Սանկտ Պետերբուրգում: «Այս պահին, սակայն, գործազուրկ եմ, վստահ եմ՝ ժամանակավոր, ու ով գիտի, գուցե դարձյալ հայրական տունս՝ այս հարցազրույցի միջոցով ինձ օգնի ու մի լավ աշխատանքի առաջարկ ստանամ»,- ասում է նա, ժպտում:

Այժմ Լուսինեն «Առավոտը» ձեռքն է վերցնում որպես ընթերցող, ասում է՝ պարտադիր կարդում է Արամ Աբրահամյանի խմբագրականները. «Ինչպես միշտ, դիպուկ, օրվա ռիթմին համարժեք, հավասարակշիռ, իր պարզությամբ՝ համեմված սուր համեմատականներով: Անշուշտ, հիմա լրագրության պահանջները փոխվել են. ավելի շատ օպերատիվության, արագության վրա են աշխատում: Երբ առցանց «Առավոտը» գործարկվեց, զարմացա, որ ուղնուծուծով լրագրող Աննա Իսրայելյանը կարող է հրաժարվել գրելուց ու միայն խմբագրել, բայց պարզվեց, որ այստեղ էլ ինքն իրեն չզիջեց: «Առավոտն» այսօր էլ պահում է իր հիմքում դրված բարձր նշաձողը»,- ասում է Լուսինե Մարգարյանը: 20-ամյա «Առավոտին» ուղղված ցանկությունն էլ մեկն է. «Ուզում եմ, որ բոլոր առավոտները «Առավոտով» բացվեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930