Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարքերի ազատության իմաստասիրությունը

Նոյեմբեր 03,2014 11:34

Խիստ բարքերով արևելյան և հարավային երկրներում ազատություն չկա, մարդկանց արգելված է դուրս գալ հասարակության կողմից սահմանված բարքերի կանոնների սահմաններից և անել իրենց ուզածը: Իսկ արևմտյան և հյուսիսային՝ եվրոպական, ամերիկյան երկրներում և մեր երկրում այդ առումով ազատություն է: Ամեն ոք կարող է անել իր ուզածը. հագնել ինչ ուզի, դեմքի և մարմնի հետ վարվել ինչպես ուզի, հասարակության մեջ իրեն պահել ինչպես ուզի: Աղջիկները և ջահել կանայք կարող են ներկապնակի բոլոր գույներով ներկել շուրթերը, այտերը, մազերը, կոպերը, թարթիչները և դեմքի վրա եղած ամեն ինչը ինչպես որ ուզեն, ընդունել գույնզգույն թութակների բոլոր գունավորումները, որտեղ որ ուզեն ներկել մարմինները զանազան զզվելի կենդանիների նկարների դաջվածքներով, փետել հոնքերը ինչպես ուզեն, սափրել ճակատի մազերը ինչպես ուզեն, համապատասխան հագուստներով ցույց տալ մարմնի որ մասերն ուզեն, նույնիսկ սեռական: Կարող են նույնիսկ մի քանի համարով փոքր չափսի հագուստով ցույց տալ մարմնի ամբողջ մերկությունը, ընդամենը փոխելով մաշկի գույնը հագուստի կտորի գույնով: Որովհետև չափազանց բարակ և ձգվող կտորից կարված նեղ շորերի մեջ կինը ամբողջովին մերկ է երևում: Ըստ որում, այդպես վարվում են և՛ նրանք, ովքեր համարում են, թե իրենց մարմինները սլացիկ ու գեղեցիկ են, և՛ նույնիսկ նրանք, որոնց մարմինները այլանդակ տեսք ունեն: Այնինչ, նույնիսկ գեղեցիկ ոտքերի մերկությունը չի կարելի ցուցադրել բոլորին, որովհետև մերկությունը պետք է սրբորեն պահպանվի միայն ամուսնական առագաստի տակ ցուցադրելու համար:

heloin_2
Փոխվել են արժեհամակարգերը, անցյալի հասարակական՝ զսպողական համակարգին փոխարինելու է եկել ներկայի անհատական՝ ազատ համակարգը: Ազատության շնորհիվ, թե պատճառով, ջահել աղջիկների ծնողները նույնիսկ կարող են թույլ տալ իրենց չափահաս դուստրերին հագնել մանկությունից մնացած, վարտիքից էլ կարճ ու փոքր, իբր թե կարճ շալվար կոչվող խայտառակ հագուստը: Աղջիկների մոտ տարածված են նաև այնպիսի շորեր, որոնք առաջներում միայն ծաղրածուներն էին հագնում մարդկանց ծիծաղեցնելու համար: Աղջիկների միջոցով պատառոտված ջինսե ցնցոտիներով ման գալու տգեղությունն էլ է տարածվում մեր հասարակության կյանքի մեջ, առանց հաշվի առնելու, որ ջինսը՝ ինքն արդե՛ն բանվորական հագուստ է, ուստի էլ ի՞նչ գեղագիտական արժեք կմնա նրանից, եթե այն հա՛մ էլ պատռված ու ծակ լինի: Կմնա միայն աղբանոց նետելու արժեքը:

Ընդհանրապես, հագուստի նշանակությունը մարմնի մերկության, անբարեմասնությունների, թերությունների, տգեղ, ինչպես նաև գեղեցիկ, բայց գաղտնի բարեմասնությունների՝ սրբազան մասերի ծածկման գործին ծառայելն է: Բայց դրա փոխարեն այն արդեն ծառայում է որպես դրանց ցուցադրման և շեշտադրման գործիք: Դրան, իհարկե, նպաստում են Եվրոպայից և այլ արտասահմանից ներմուծվող, մարդուն խայտառակ անող հագուստների տեսակները, որոնք ցուցադրում են կանանց ոչ միայն ոտքերը, այլև պորտը, կուրծքը, հետույքի ծալքերը, մազերն ու այլ մանրամասերը, հատակի կառուցվածքն ու չափագրումները, ներքնազգեստի բոլոր մանրամասնությունները: Դրանց մեջ գտնվող կնոջ ոչ մի գաղտնիք չի պահպանվում, բոլորը բացահայտվում են: Մինչդեռ պետք էր, ավելի ճիշտ՝ լավ կլիներ միշտ տեղ թողնել տղամարդու մտքում կամ ենթագիտակցությունում հնչող հարցին այն գաղտնիքի վերաբերյալ, թե ի՞նչ կա զգեստի այս կամ այն ծալքի ետևում: Որպեսզի աղջկա խորհրդավորության նաև այդ կողմը ձգեր բախտով որոշված տղային: Իսկ ամեն ինչը ցուցադրելով կինը կորցնում է իր այդ առավելությունը, ձգող կողմերից մեկը, գրավչությունը: Այդպիսով մարդկային մարմնի գաղտնի մասերը դառնում են բացահայտ մասեր, սրբազան մասերը դառնում են հասարակ և առօրեական, ուստի և անհետաքրքիր, այլևս չհուզող մասեր, արդեն անտարբերության արժանացող մասեր: Տղամարդկանց մոտ կորչում է ակնկալիքը նման աղջիկներից և կանանցից, կորչում է գաղտնիի, սրբության, սրբազան սիրո, միայն իր՝ միակ ու անկրկնելի տղամարդու համար պահված սիրո, դրախտային երանության ակնկալիքը: Որովհետև այդպիսի կինը իր այդ մասերով արդեն դառնում է հասարակական սեփականություն:
Քիչ թե շատ զարգացած ճաշակով կանայք համեմատաբար քիչ են փետում հոնքերը, քիչ են տգեղացնում իրենց, միջինները ավելի են տգեղացնում դեմքերը փետած հոնքերով, իսկ առավել անճաշակներն այնպես են մերկացնում հոնքերի մազերի տակ մնալու համար նախատեսված մսերը, այլանդակում են հոնքերը բառի բուն իմաստով այնպես, որ նույնիսկ դեմքերին նայել չի լինում, նայողի հայացքը ակամա հեռանում է ուրիշ կողմ: Իսկ ամենաանխիղճներն էլ լրիվ հանում են հոնքերի մազերը և տեղում արհեստական հոնքեր նկարում:

Ինչպիսի՜ արհամարհանք բնության, մարդ արարածի և իր դեմքին նայողների նկատմամբ: Սակայն դա դեռ ի՜նչ է այն բանի համեմատությամբ, որը նոր է սպասվում: Արտասահմանից աստիճանաբար ներմուծվում և սկսում է տարածվել դեմքի բոլոր մասերի վրա ականջoղեր կախելու ազատությունը, ինչը զզվելի է մինչև նույնիսկ սրտխառնոցի աստիճան: Սակայն պարզ է, որ այդպես վարվողների ազատությունն այնքա՜ն մեծ է, որ նրանք արհամարհած ունեն հասարակության կարծիքը և զգացմունքները, նրանց միայն հետաքրքրում է իրենց երևակայության խենթություններին բավարարություն տալու անմտության դրսևորման ազատության իրավունքից օգտվելը, ամենատարբեր ցանկությունների բավարարման ազատությունից օգտվելը, տգեղագիտական կրքերի բավարարման ազատության իրականացումը: Իսկ հասարակությունը, ըստ նրանց, թող ինքը իր գլխի ճարը տեսնի, ինքը փրկի իրեն նման երևույթներից ինչպես որ կարող է, թեկուզ նայի, տեսնի և գայթակղվի մերկ մարմնից, գայթակղվի և տառապի, թեկուզ վատ զգա մարմնի զզվելի կամ արհեստականորեն զզվելիացրած մասերից, թեկուզ տանջվի ինչ-որ բան փոխելու անզորությունից:

Ամեն մարդ ազատ է խենթանալու իր իմացած ձևով, որքան որ կհուշի իրեն իր սեփական երևակայությունը: Ամեն մարդ ազատ է փչացնելու իր դեմքը ըստ իր ճաշակի փչացածության աստիճանի: Եթե մարդու ներքինը, հոգին, երևակայությունը տգեղ եղավ, ապա այն ձգտելու է ներսից դուրս հանել իր ամբողջ տգեղությունը: Ցավո՜ք, տգեղությունն ավելի է աչքի զարնում, որովհետև եթե մարդու ներքինը գեղեցիկ է, ապա այն ձգտում է աչքի չընկնել, այլ պահպանել բնականը, բնական տեսքը, հասարակության կողմից ընդունված հագուստը, վարքը, բարքը, համեստությունը: Այդ պատճառով, եթե ինչ-որ մեկն ուզում է աչքի ընկնել, նա կարողանում է հասնել դրան միայն բացասական կողմով, տգեղ հագուստով, տգեղ դիմա և մարմնահարդարանքով, և այլ անբնական տեսքերով: Տգեղն աչքի է ընկնում իսկույն, քանի որ խախտում է բնական օրինաչափությունը: Իսկ հայտնի է, որ բնականից ավելի գեղեցիկ ոչինչ չի կարող լինել: Մարդը չի կարող ավելի գեղեցիկ մարդ կամ մարդու դեմք ստեղծել, քան բնությունն է ստեղծել: Չներկված և չփետված դեմքով մարդը նման է բնական մարդու, իսկ ներկված ու փետված դեմքովը՝ արհեստական մարդու: Իսկ արհեստական մարդը այլ անվանում էլ ունի. խրտվիլակ: Եթե նույնիսկ մարդը վիրահատությամբ փոխում է մարմնի ինչ-որ մասը, որը, ըստ նրա, բնությունը ստեղծել է տգեղ, իսկ ինքը գեղեցկացնում է այն, ապա նա սխալվում է չարաչար: Նախ, ստեղծել է ոչ թե բնությունը, այլ ինքը՝ մարդը իր նախորդ կյանքերի արդյունքով:

Երկրորդ, եթե մարդը դեմ է գնում իր բնությանը, ապա հատուցումն անխուսափելի է, նա անպայման պատասխան է տալու դրա համար: Նա ավելի է վատացնում իր վիճակը, որովհետև պարտք է մնում բնությանը: Ուստի դեմքը գեղեցկացնելու համար կարիք չկա դիմելու արհեստական միջոցների, այլ պետք է ապրել կյանքը ճիշտ և առաքինի, և հաջորդ կյանքում այն ավելի գեղեցիկ կլինի: Չէ՞ որ գեղեցիկները հենց այնպես չեն ստացել իրենց գեղեցկությունը, որովհետև հենց այնպես ոչինչ չի լինում, այլ նրանք վաստակել են դրա իրավունքը, նրանք գեղեցիկ կյանքով են գեղեցկացրել իրենց դեմքը,: Իսկ արհեստական միջամտությունը միայն ու միայն տգեղացնում է դեմքը, շատ դեպքերում էլ այլանդակում, որովհետև մարդկանց մեծամասնությունը, մանավանդ աղջիկների, իր երիտասարդ տարիքի պատճառով պատկերացում չունի գեղեցկության մասին:
Ի դեպ, ջահելներին մեղադրել չի լինի դրա համար, քանի որ տարիքի պատճառով նրանք դեռ չեն կարողանում կամ դժվարանում են տարբերել ճիշտը սխալից, գեղեցիկը տգեղից, բարին չարից, բարոյականը անբարոյականից և այլն: Այդ պատճառով էլ բնության և հասարակության կողմից նախատեսված է, որ նրանք մեծերի՝ ծնողների և այլ դաստիարակների հսկողության տակ լինեն: Մինչև որ մեծանալով իրենք սովորեն տարբերել հակադրությունները:

Այդ պատճառով պատմականորեն կանայք միշտ տղամարդկանց հսկողության տակ են եղել. փոքր տարիքում՝ հոր, մեծ տարիքում՝ ամուսնու, իսկ ամուսնու բացակայության դեպքում՝ որդու: Տղամարդիկ ավելի պահպանողական են, կանայք՝ ավելի հեղափոխական: Իսկ ինչպես հայտնի է համաշխարհային պատմությունից, դեռ ոչ մի հեղափոխություն դրական արդյունքներ չի տվել, դրանց պտուղները միշտ դառն են եղել, բացասական: Ներկա փուլի բացասական հեղափոխություններից ընդամենը մեկի օրինակ է այն, որ ավելի ու ավելի շատ կանայք են սկսում տգեղացնել իրենց ծխելու չարիքով, այն դեպքում, երբ ավելի ու ավելի շատ տղամարդիկ են սկսում իմաստնանալ և թողնել ծխելու, բոլոր առումներով վատ, սովորությունը: Կանայք այնքան հեղափոխական են, որ կարող են իրենց թույլ տալ տղամարդու շոր հագնել, իսկ տղամարդիկ այնքան պահպանողական են, որ չեն կարող իրենց թույլ տալ կնոջ շոր հագնել: Հետաքրքիր է, թե կանանց դուր կգա՞ր, եթե տղամարդիկ էլ իրենց թույլ տային հագնել հակառակ սեռի հագուստ՝ կնոջ շորեր, ինչպես որ կանայք են իրենց թույլ տալիս տղամարդու շոր հագնել:

Սակայն կանայք ոչ թե պարզապես տղամարդու հագուստ են հագնում, այլ հագնում են դրա վատթարացրած, տգեղացրած տարբերակները: Օրինակ, հագնում են շատ նեղ կարված և շատ բարակ կտորից կարված անդրավարտիքներ: Ընդհանրապես, չափազանց նեղ շորեր հագնելը ճիշտ չէ, որովհետև գեղեցիկ չէ ցանկացած մարմնական կազմվածքի դեպքում: Ահա թե ինչու տղամարդիկ չեն հագնում չափազանց նեղ շորեր: Իսկ կանայք, չգիտես ինչու, իրենց թույլ են տալիս հագնել այդպիսիք: Սա ինչ է նշանակում, մի՞թե տղամարդկանց մոտ գեղեցիկի զգացումն ավելի ուժեղ է: Այնինչ հակառակը պետք է լիներ. կանայք գեղեցիկի ավելի ուժեղ զգացողություն պիտի ունենային: Տղամարդիկ ավելի համեստ են հագնվում, կանայք՝ ավելի անհամեստ, ճչացող, աչքին խփող: Կանայք չգիտեն, որ ըստ տղամարդկանց տեսակետի, կանայք անդրավարտիքով տգեղացնում են իրենց, որովհետև դարձնում են ավելի տղամարդկային: Նաև ձմռանը երկարաճիտ կոշիկներով են իրենց տղամարդու, զինվորի տեսք տալիս: Որոշներն էլ հագնում են միջնադարյան բանակների սպաների երկարաճիտ կոշիկներից, որոնց ճտքերը հասնում են մինչև ոտքերի ամենավերին մասը՝ մարմնի իրանի հատակը, այդպիսով իրենք իրենց դարձնելով զինվորական, այն էլ միջնադարյան: Այնինչ բնական չէ, ուստի և գեղեցիկ չէ, երբ կինը տղամարդկային է, իսկ տղամարդը կանացի: Կնոջ մեջ կանացիությունն է ավելի գեղեցիկ, արժեքավոր և գնահատելի, այլ ոչ թե տղամարդկությունը: Ընդհանրապես, մարմնի մասերը, մանավանդ անհամամասնությունները անդրավարտիքի միջոցով ցուցադրելը պատիվ չի բերում կնոջը, մանավանդ տարիքով կանանց, որոնց մոտ, կյանքի բնական ընթացքով պայմանավորված, ավելի են արտահայտվում մարմնի մասերի անհամաչափությունները:

Հիմա կանայք դուրս են եկել տղամարդկանց, հետևաբար և հասարակության, հսկողության տակից և լիակատար ազատություն են ստացել: Իսկ ո՞րն է այդ ազատության իմաստը, եթե փորձենք հիմնավորել, իմաստ տալ ազատությանը, որպես ելման դրություն ընդունելով այն մոտեցումը, որ եթե դա է մեզ մոտ, ուրեմն դրա՛ն պիտի հարմարվենք:
Ինչպես ամեն ինչը, այնպես էլ ազատությունն ու անազատությունը ունեն իրենց դրական և բացասական կողմերը, առավելություններն ու թերությունները: Անազատության դրական կողմն այն է, որ հասարակությունն ազատվում է տգեղ երևույթները տեսնելու տհաճությունից, իսկ բացասականը անհատի իղձերի անբավարարվածությունն է: Ազատության դրական կողմը անհատին սեփական կյանքի փորձի հնարավորության ընձեռումն է, իսկ բացասականը շրջապատի մարդկանց գեղագիտական տհաճության պարտադրումն է: Այդպիսով, անազատության մեջ շահում է հասարակությունը, բայց կորուստ է ունենում անհատը, իսկ ազատության մեջ շահում է անհատը, բայց տուժում է հասարակությունը:

Եվ, քանի որ երկուսն էլ ունեն առավելություններ ու թերություններ, մնում է միայն ընտրել թե որ տարբերակի առավելություններն են ավելի մեծ, իսկ թերությունները ավելի փոքր: Հասարակությունը կազմված է անհատներից, եթե շահեց հասարակությունը, իսկ տուժեց անհատը, ապա հասարակությունն էլ առաջընթաց չի ապրի կամ այն կլինի դանդաղընթաց: Այս տեսակետից, թեկուզ իր թերություններով հանդերձ, ավելի ձեռնտու է ազատության տարբերակը, քանի որ մարդը սովորում է սեփական սխալներով, սայթաքումներով, վայր ընկնելով և դրանից ցավ զգալով, և դրանից հետևություն անելով, որ մյուս անգամ այդ վայրում ինքը պետք է ավելի զգույշ լինի, որպեսզի ոտքը քարին դեմ չառնի: Ե՛վ մարմնական, և՛ հոգևոր ցավերն են սովորեցնում մարդկանց, թե ինչն է վատ և ինչից է պետք խուսափել կյանքում: Իսկ մարմնական և հոգևոր գեղեցկությունն ու հաճույքը սովորեցնում են մարդկանց, թե ինչն է լավ և ինչի է պետք ձգտել կյանքում: Ազատ հասարակությունում գոնե մարդը բավարարված կլինի իր ազատությունով, դժգոհ չի մնա կյանքից և իր դժբախտությունների մեղքը ուրիշների վրա գցելու ավելի քիչ հիմնավորում կունենա: Որովհետև երբ մարդուն ասում են, թե այսինչ բանը լավ է, իսկ այնինչը վատ, նա չի հավատում ասողին: Նա ուզում է ստուգել դա, ինքը փորձել և իր կյանքի փորձով ճանաչել լավն ու վատը: Իսկ եթե նրան արգելում են դա, ապա նրա ձգտումները մնում են չբավարարված, դա էլ բերում է կյանքից անբավարարվածության:

Ճիշտ է, անազատ հասարակություններում էլ է հնարավոր զարգացումը, բայց ավելի դանդաղ, քանի որ այնտեղ առանձին, փոքրաթիվ մարդիկ են զարգանում, դառնում քաղաքական, հասարակական, մշակութային վերնախավ, օրենքներ և կանոններ սահմանող, որոնց պարտավոր են հետևել հասարակության մյուս անդամները: Դրա առավելությունն էլ այն է, որ փոքրաթիվ մարդիկ ավելի զարգացած են, քան ազատ հասարակության զանգվածները միասին վերցրած: Նրանց իրոք, իրապես, ազնվորեն հետևելով ավելի արագ կարելի է անցնել այն ուղին, որը ինքնուրույն անցնելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի: Սակայն կատարելությունը տեսնելու և նրան հետևելու համար պատրաստված գիտակցություն է պետք, որը կարող են ունենալ նույնպես փոքրաթիվ առաջանցիկ հոգիները միայն, բայց ոչ զանգվածները: Զանգվածներին ազատություն է պետք, որպեսզի խելագարվեն իրենց ուզած ձևով և դրա միջոցով հասկանան, որ խելագարությունը վատ երևույթ է:

Նաև պետք է հաշվի առնել, որ հասարակության մեջ կան ցանկացած մակարդակի գիտակցության տեր մարդիկ, այդ թվում և շատ ցածր: Կարող են լինել պայմանականորեն մեկից մինչև հարյուր տոկոսանոց գեղեցկության զգացումով գիտակցությունների բոլոր աստիճանները: Իսկ, օրինակ, ի՞նչ կարելի է սպասել պայմանականորեն մեկ տոկոսանոց գեղեցիկի ճանաչողություն և ճաշակ ունեցող աղջկանից: Միայն այն, որ նա իր դեմքի և մարմնի հետ կվարվի ինչպես իր թշնամու դեմքի և մարմնի հետ, կհագնի ամենատգեղ, ամենախայտառակող շորերը և կայլանդակի դեմքն ու մարմինը ամենավատ ու ամենաաներևակայելի միջոցներով ու ձևերով: Բայց, քանի որ ազատություն է, նա էլ իրավունք ունի անելու դա: Ըստ որում, ոչ միայն իրավաբանական իրավունք, այլև արդեն ունի հասարակության կողմից ստացած բարոյական ազատության իրավունքը: Բարքերի ազատության հասարակությունում մարդկանց մոտ դրանց դեմ հանդիման մնում է միայն խղճի իրավունքը, որը միայնակ պետք է դիմադրի այդ երկու իրավունքների ազատությունների ճնշմանը: Միայն խղճի սահմանափակումները պիտի փորձեն հակակշիռ ստեղծել իրավական և բարոյական ազատություններին: Իսկ եթե մարդու մոտ խիղճն էլ բացակայի, ապա ազատությունները իշխելու են միայնակ, առանց կաշկանդման, խղճի խայթի ու ամոթի: Վաղուց հայտնի է, որ արևմտյան հասարակություններում ամոթին անվանում են «բարդույթ» (կոմպլեքս) բառով և բացասական իմաստ են դնում դրա մեջ, որպեսզի այն լրիվ արմատախիլ անեն մարդկանց միջից: Իսկ ամոթից, խղճից զուրկ մարդը անբարոյական մարդ է:

Ուստի մեծահասակներին, քանի որ նրանց գիտակցություններն ավելի խելահաս են, քան անչափահասներինը և երիտասարդներինը, և, մանավանդ, ծնողներին հարկավոր է ճիշտ հետևություններ անել և որոշել. այս ասպարեզի հակադրությունների պայքարում մնալ անտարբեր դիտորդի կարգավիճակո՞ւմ, թե՞ ուժերի ներածի չափով մասնակցություն ունենալ սերունդների մոտ ամոթի զգացողության դաստիարակմանը, որպեսզի այն էլ իր հերթին ճիշտ ուղիով առաջնորդի հոգիներում և գիտակցություններում իրեն կրողներին: Կյանքի հակադրություններից մեկը տղամարդիկ և կանայք են: Կարևոր է, թե նրանց վերոհիշյալ կենսակերպերից որինը կհաղթի մյուսին, տղամարդի՞կ կդառնան հեղափոխական, թե՞ կանայք պահպանողական: Եթե հաղթանակի կանանցը, ապա մեր հասարակության ապագայի մասին կարելի է պատկերացում կազմել ներկայի Եվրոպայի օրինակով, որտեղ, ինչպես հայտնի է, տղամարդկանց ավելի ու ավելի հոծ զանգվածներ են սկսում կանացիանալ, ապրել կնոջ կյանքով: Իսկ համասեռամոլությունը հակաբնական, հետևաբար՝ անբարոյական երևույթ է: Ի հակադրություն Արևմուտքի, որտեղ տղամարդիկ են դարձել կին, մեզ մոտ կանայք են դարձել և շարունակում են դառնալ տղամարդու նման՝ կարճ մազերով, անդրավարտիքով, զինվորական կոշիկներով, ծխող, մեքենա վարող: Համատարած անդրավարտիքայնացում է տեղի ունեցել, համարյա բոլոր աղջիկներն ու երիտասարդ կանայք անդրավարտիքով են շրջում, այն էլ ջինսե՝ բանվորագյուղացիական, ցածր խավի հագուստով: Այսինքն` նրանց մեծ մասը դարձել է տղամարդ և բանվոր: Մի՞թե մեզ էլ է սպասում Արևմուտքի ճակատագիրը, որտեղ կանայք դառնում են տղամարդու նման, իսկ տղամարդիկ՝ կնոջ:

Ինչ-որ բան խախտվել է իր բնական ընթացքից, շեղվել է ուղեծրից: Մի՞թե դրա պատճառը բարքերի ազատությունն է, որից, առայժմ, ամենաշատը օգտվում են հեղափոխական կանայք: Ըստ երևույթին՝ այո: Ուստի, եթե կանայք չեն ուզում, որպեսզի իրենց տղամարդիկ դառնան կին, եթե չեն ուզում, որպեսզի հասարակության բարքերի ազատությունը դառնա նրա կործանման ազատություն, ապա ճիշտ կլինի, որ կանայք, տիրապետելով ազատության իրավունքին, այնուամենայնիվ գիտակցության և կամքի ուժով տղամարդկանցից ընդօրինակեն նրանց պահպանողական կենսակերպը, պարկեշտ հագուստի ոճը, բարոյական վարքը, առաքինի բարքը, լինեն հայկական ավանդույթների կրողներ ու հետևողներ: Կրեն կանացի հագուստ, ունենան բնական դեմք, համեստ շարժուձև, մաքուր ու գեղեցիկ խոսք, ախտերից ու արատավոր սովորություններից հեռու վարք, բարձր բարոյականություն, հավատարմություն և նվիրվածություն ազգային արժեհամակարգին, հասարակական գիտակցությունում սիրուն ու սիրելի կերպար: Եվ, այսպես ապրող կնոջ մոտ գեղեցիկ կլինի ամեն ինչը, ոչ միայն դեմքը, որովհետև բոլոր կանանց դեմքերն էլ բնականից գեղեցիկ են յուրովի:

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Հա էլի, այդ արևմտյան հասարակությունները վառել է պետք, տղամարդիկ համասեռամոլ են, կանայք` անբարոյական: Թարսի պես, հենց այդ փչացած հասարակություններն են կարողանում ավելի բարեկեցիկ ապրել, մեր հայրենակիցներն էլ, օրինակ, փոխանակ իրենց հիվանդություններով տառապեն, գնում են Եվրոպա ու բուժվում են համասեռամոլ բժիշկների մոտ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930