Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին առողջապահության ոլորտում 2015-ի բյուջեի նախագծով հաշվարկված եկամուտներն եւ ծախսերը:
Ֆինանսների նախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ առողջապահության նախարարության բյուջեն կազմելու է 83 մլրդ 468 մլն դրամ: 3.3 տոկոս աճ կա՝ նախորդ տարվա համեմատ:
Նա ասաց, որ ընթացիկ ծախսերը 2014-ի համեմատ ավելացել են 12 տոկոսով:
Կապիտալ ծախսերն են նվազել, որը պայմանավորված ՀԲ-ի կողմից եւ այլ կազմակերպությունների կողմից տրվող գումարների նվազեցմամբ:
1,5 մլրդ-ով ավելացել են հանրային առողջապահության գծով ծախսերը: 364 մլն դրամով ավելացել են պետական ապարատի պահպանման ծախսերը: Դա պայմանավորված է նրանով, որ 2015-ի բյուջեի ընդգծված առանձնահատկություններից մեկն այն է, որ աշխատավարձի գծով ծախսերն եւ էներգետիկայի ծախսերը վերանայվել են: Այս սկզբունքը պահպանվել է բոլոր նախարարությունների համար, այդ թվում նաեւ առողջապահության նախարարության:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը մի քանի առաջարկ ուներ: Նա ասաց, որ այն ընտանիքները, որոնք սոցիալապես անապահովության համակարգում են, լիարժեք առողջապահության ծառայություններից են օգտվել 2014-ին. «Բայց մենք ունեինք բացթողումներ: Լավ չէինք հաշվարկել ստոմատոլոգիական ծառայությունները: Առաջարկում ենք դրա համար նախատեսել 50 մլն դրամ: Դժվարամատչելի բուժօգնության ծառայության մեջ եկել հասել ենք բացառիկ արդյունքների, բայց մենք ունենք նորածնային եւ պերինատալ մահացության խնդիր: 50 մլն-ի չափով պետք է ավելացնել նաեւ այս ծրագրով»:
Արա Բաբլոյանը մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների համար էլ առաջարկեց մոտ 12 մլն նախատեսել. «Առաջարկում եք մարդասիրական օգնության ծրագրին էլ անդրադառնալ: Շարունակվում է Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ից եկող օգնությունը եւ Եվրոպայից եկող օգնությունը, բայց որոշ ծառայությունների ՝ գազի թանկացման հետ կապված այս խնդիրը չենք կարողանում լուծել»:
Պավել Սաֆարյանն ասաց, որ այդ առաջարկները առողջապահության նախարարության հետ կքննարկեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ