Այսօր առավոտյան Կապան քաղաքում մարզկենտրոնը սնուցող Գեղիի ջրատարի վրա խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով ջրազրկվել է Կապան քաղաքի մի մասը: Մայր ջրագծից դուրս ժայթքած ջրի շիթի ուժեղ հարվածից վնասվել են մոտակա շենքի բնակարանների ապակիները, ջրով ողողվել են տները, նաեւ այդ տարածքում գտնվող մանկապարտեզին է վնաս հասցվել: Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից` մարդկային տուժածներ, բարեբախտաբար, չկան: Ահազանգ ստացել են առավոտյան ժամը 08.35-ի սահմաններում,
դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ տեղի է ունեցել մայր ջրագծի վթար, ինչի հետևանքով խողովակից դուրս մղված ջրի շիթը (մոտ 20 մետր բարձրությամբ) կոտրել է 5 հարկանի շենքի առաջին հարկում տեղակայված թիվ 5 մանկապարտեզի ապակիները, ինչից մասնակի ջրալցվել են մանկապարտեզի սենյակները, վնասվել են նաև մոտ 15 բնակարանների պատուհաններ. ողողված տարածքը կազմում է մոտ 6000 քմ»,- տեղեկացնում են ԱԻՆ-ից: Կապանի մասնաճյուղի աշխատակիցների ուժերով դադարեցվել է խողովակաշարից դուրս եկող ջրի արտահոսքը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը դեպքի վայրից մեզ տեղեկացրեց, որ քիչ առաջ արդեն ամբողջովին վերացրել են վթարը: «Վթարը վերացրել ենք, թաղամասերին այսօր երեկոյան ժամը 18-ին ջուր ենք մատակարարելու, ջրամբարներում ջուր ունենք պաշարած, առանց ջրի չեն մնալու բաժանորդները» ,- տեղեկացրեց Հովհաննես Գեւորգյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Ալեքսան Գրիգորյանի
Տեսնենք կլինի մեկը . որ կբարձրաձայնի որ Հայջրմուղկոյուղին պետք է պատասխանատվությւոն կրի , կամ փոխհատուցում տա, կամ հետաքրքիր է արդյոք կաշխատի թափանցիկ և պատասխանատվություն կկրի , խիստ եմ կասկածում , մնացածն էլ թողնենք առանց մեկնաբանության ………….
Կարծես Բուրկինա-Ֆասոն լինի:
Դա նրանից է,որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը ԴԱՏԻ չեք տվել/տալիս՝ փոխհատուցում պահանջելով: Միա՛յն դատի տալն է զգաստացնելու «Հայջրմուղկոյուղի» ՓԲ կոչված այս ՎԱՏ ու անպատասխանատու ԱՇԽԱՏՈՂ ձեռնարկությանը: