Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմարն առաջնորդում է հիմարներին

Նոյեմբեր 02,2014 10:00

Թողեք նրանց, կույրեր են կույրերի առաջնորդ: Եթե կույրը մեկ ուրիշ կույրի է առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում: Մատթեոս 15,14

«Խելացի մարդիկ նրանք են, ովքեր իրենց շրջապատում են իրենցից խելացի մարդկանցով», – ասում է ամերիկացի գործարար Ռոբերտ Կիյոսակին: Տարբեր ձեւակերպումներով նույն բանն են ասում տասնյակ այլ բիզնեսմեններ, որոնք իրենց կյանքում տպավորիչ հաջողությունների հասել: Ճիշտ կլինի նաեւ հակառակ աֆորիզմը՝ հիմար մարդիկ իրնեց շրջապատում են իրենցից ավելի հիմարներով՝ նրանց մեջ որպես սիրամարգ երեւալու նպատակով:

Ասույթը ճիշտ է ոչ միայն բիզնեսի, այլեւ ցանկացած ոլորտի համար՝ կոլեկտիվներում, հիմնարկներում, կուսակցություններում եւ այլն:  Գործը լճանում է այն դեպքում, երբ «շեֆը» հավաքում է իրե՛ն, ոչ թե գործին ծառայող թիմ, երբեւէ հրապարակավ չի ընդունում, որ սխալվել է, թիմի անդամներն էլ չեն կարող դրա մասին խոսել: Եթե վախենում են, դա դեռ ոչինչ՝ ավելի վատ է, երբ նրանց խելքը չի հասնում առաջադրված խնդիրների մասին ինքնուրույն մտածելու: Երբ նրանք ասում են՝ «շեֆն ասում է, ուրեմն մի բան գիտի», դա նշանակում է, որ նրանք գիտեն ավելի քիչ եւ չեն էլ ձգտում համալրել իրենց գիտելիքները:

Հպարտությամբ կարող եմ ասել, որ «Առավոտում» աշխատում են ինձնից լավ լրագրողներ (խոսքն, իհարկե, փորձառու, կայացած մասնագետների մասին է), եւ իմ խնդիրը ոչ թե նրանց մեջ որպես ամենալավը ինքնահաստավելն է, այլ՝ համադրել «ինձնից լավերի» ջանքերը: Ցավոք, Հայաստանում բոլոր մակարդակների ղեկավարների մեծ մասը իր գործը դիտարկում է որպես անձնական (առաջին հերթին. իհարկե, նյութական) հավակնությունների բավարարման միջոց: Դա նշանակում է, որ նրանք ոչ միայն հիմար են, այլեւ իրենց գործը չեն սիրում:  Եվ իրենց աշխատողներին էլ չեն սիրում: Իսկ թե ում են սիրում, դրա մասին «Առավոտի» էջերում գրում է ազգագրագետ Արմեն Պետրոսյանը: Ի դեպ, դարձյալ՝ ինձնից լավ:

Արամ Աբրահամյան

Լուսանկարում պատկերված է Պիտեր Բրեյգելի «Առակ կույրերի մասին» կտավը

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ձեր նշած կանոնը միայն քաղաքական դաշտում է գործում: Բիզնեսում հիմար շեֆը եթե իրեն շրջապատի ավելի հիմարներով, շատ արագ տակ կտա: Իհարկե այդպես էլ է լինում: Այդ փողը վերջիվերջո ստեղծել է պետք: Նույնիսկ եթե վերևում մեջք ունես և քեզ տվել են ինչ որ մի մենաշնորհ, միևնույն է դա դեռ պետք է սարքել փող: Իսկ լուրջ բիզնեսում շեֆերը ոչ միայն հիմարների չեն ընդունում, այլև խելոքների շատ լուրջ թիմեր են հավաքագրում: Այդ թիմը առաջարկներ է անում բիզնեսը լավացնելու ուղղությամբ, իրագործում է դրանք և ամեն խումբը պատասխան է տալիս իր մասով: Կա նաև վերահսկող խումբ, որը գիտելիքներով չի փայլում, բայց գիտի թե ինչ պետք է անեն և ինչ չանեն աշխատողները: Շեֆերը շփվում են միայն վերահսկողների և մի խումբ լավ վարձատրվող մենեջերների հետ, որոնց շրջապատում նրանք սիրամարգ են երևում ոչ թե գիտելիքներով, այլ նրանով, որ ուրիշ տեղ այդքան փող ոչ ոք չի ստանում:
    Իսկ եթե Դուք հիմար ասելով նկատի ունեք տգետ և թերուս մարդկանց, ապա բիզնեսի շեֆերի մեջ իհարկե այդպիսիք կան: Բայց հիմարներ այդտեղ հաստատ չկան:
    Քաղաքականության մեջ լրիվ այլ է: Այստեղ հիմարները պահաջված են, քանի որ նրանց շատ ավելի հեշտ է ներշնչել, որ ինքը բացառիկ հնարավորություն է ստացել բարձրյալից՝ երկիրը փրկելու….

  2. Gibindus says:

    Լիսկայի վերանշանակումը հանճարեղ քայլ էր`ընդմիշտ (գոնե 50 տարով) փակեց կադրային քաղաքականության հարցը Հայաստանում: Անիմաստ է որևէ նշանակում (կամայական մակարդակում) քննարկել: Այդ իսկ պատճառով մնում է տխուր զբաղմունք`փիլիսոփայել ընդհանուր թեմայով, օրինակներ Մատթեոս-ից և այլն: Տխուր է այս ամենը, եթե չասենք զզվելի:

  3. Լավատես says:

    Անծանոթի մակարդակը արագ որոշելու համար ինձ հիմար անհասկացողի տեղ եմ դնում, եթե անծանոթս հաճույքով ինձ այդպես էլ ընկալում է, նա հաստատ բարդույթներ ունի, ինձնից հիմար ու անհասկացող է, իսկ ինձնից խելոքին ոչ մի կերպ չի լինում դրանում համոզել, նա նույնիսկ նեղանում է իմ կեղծավորությունից:
    Եթե մենք այնքան խելոք լինեինք, որ Ճանաչեինք մեզնից խելոքին ու պաշտպանեինք նրան անխելքներից, համոզված եմ, մենք ամենախելոք ու ամենաերջանիկ ազգը կդառնանք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930