Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Մկրտչյանը հիշում է, թե ինչպես էին Վենետիկի բոլոր մայթերում սուլում Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը

Նոյեմբեր 01,2014 22:14

Այսօր Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կենտրոնի դահլիճում նշվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակը: Հոբելյանական երեկոն կազմակերպել էր «Շիրակ» հայրենակցական միությունը, և հրավիրվել էին Գյումրիի ու Արթիկի ներկա ու նախկին պաշտոնյաները, այդ թվում նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորները:

Կոմպոզիտորը վերհիշեց Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում, այնուհետ Արթիկում անցկացրած իր մանկությունը, Գյումրիի «Կարա Մուրզայի» անվան երաժշտական ուսումնարանում իր սովորած տարիները: Արթիկի ավագանու որոշմամբ Արթիկի մշակույթի կենտրոնը անվանակոչեցին Տիգրան Մանսուրյանի անվամբ:Մանսուրյան

Երեկոյի ընթացքում հնչեցին կատարումներ Տիգրան Մանսուրյանի երաժշտությունից, նրա ընկերները հետաքրքիր դրվագներ պատմեցին կոմպոզիտորի կյանքից: Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը հիշեց, թե ինչպես «Մեր մանկության տանգոն» ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատոնում ցուցադրելուց հետո, Իտալիայի այս քաղաքի մայթերում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ սուլելով փորձել են վերծանել Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը, նույնիսկ բառեր էին հորինել կոմպոզիտորի երաժշտության համար:

«Հավատացեք ինձ, Ֆիլմի ցուցադրությունից հետո, երբ որ դուրս էինք գալիս, մայթերով սուլում էին Տիգրանի երաժշտությունը, ով անցնում էր փողոցներով, բերանին էդ երաժշտությունն էր, էնտեղ ինչ ազգ ասես կար: Համոզված եմ, որ այդ երաժշտության տակ իտալական պարեր են հնարել, նախադասություններ են հնարել, սկսել են երգել, երգել ու երգել…», -ասաց Ալբերտ Մկրտչյանը:

Իսկ Մոսկվան, ըստ ֆիլմի ռեժիսորի, Սովետական միության բոլոր ֆիլմերից Վենետիկի միջազգային կինոփառատոն ուղարկելու համար ընտրել էր միայն «Մեր Մանկության տանգոն»: Հայ կինոյի պատմության մեջ, ըստ Ալբերտ Մկրտչյանի, ընդամենը երկու ֆիլմ են մասնակցել Վենետիկ հեղինակավոր կինոփառատոնին. Բեկնազարովի «Պեպոն» և «Մեր մանկության տանգոն»: Ալբերտ Մկրտչյանի ներկայացմամբ, Վենետիկում ոչ միայն «փայլատակել են»` Ֆրունզիկ Մկրտչյան-Գալյա Նովենց-Տիգրան Մանսուրյան «ապշելու եռյակը», այլ նաև ֆիլմի օպերատորները: Գայլա Նովենցն էլ մրցանակ է շահել որպես լավագույն կնոջ դերակատար:

Այս պատմությունը վերհիշելով` Ալբերտ Մկրտչյանը Տիգրան Մանսուրյանին հորդորեց. « Դու վաղուց ես հրաժարվել ֆիլմի համար երաժշտություն գրելուց, բայց ես կպնելու եմ յախից, որ այս նոր ֆիլմը, որ ես սկսել եմ նկարել , վաղամեռիկ Սոս Սարգսյանի վիպակն է, ես արդեն սկսել եմ դերասաններ ընտրել, եթե այդ ֆիլմի երաժշտությունը դու չգրեցիր, ես քեզ կատեմ մինչև վերջ…»:

Հետաքրքիրն այն է, որ իր ելույթի վերջում Ալբերտ Մկրտչյանը խայթեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` ասելով. «Պարոն Բալասանյան, էլ դրսից չկանչեք ձեր կաբինետ, ուղղակի հրավիրեք»: Ռեժիսորն ամենայն հավանականությամբ ի նկատի ուներ այն, որ մայրաքաղաքից կադրեր բերելու կարիք չկա, Տիգրան Մանսուրյան մեծացրած Շիրակի հողը բազմաթիվ տաղանդավոր մարդիկ ունի, որոնց ուղղակի պետք է հրավիրել աշխատանքի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930