«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում այսօր կայացան ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպած զանգվածային լրատվամիջոցների 2-րդ մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի մրցումները:
Մասնակցության հայտ ներկայացրել էին 21 լրատվամիջոցների 49 աշխատակիցներ, որոնք պայքարեցին մրցանակային 1-ից 4-րդ տեղերն զբաղեցնելու համար: Կանանց մրցակցությունում ըստ հաջորդականության լավագույն քառյակը կազմեցին Մարինե Կարապետյանը («Երկիր Մեդիա»), Կարինե Աբելյանը («Հայոց Աշխարհ»), Անահիտ Ակմակժյանը («Առավոտ»), Բիայնա Ստեփանյանը («Երկիր Մեդիա»): Տղամարդկանց պայքարում մրցանակային տեղերը զբաղեցրին Արտեմ Մինասյանը («Կրթություն»), Սամվել Ջինանյանը («Երկիր Մեդիա»), Աշոտ Հակոբյանը («Առավոտ») եւ Մենուա Մեհրաբյանը (Հանրային հեռուստաընկերություն):
Բոլոր մրցանակակիրներն արժանացան ՀԱՕԿ-ի սահմանած մրցանակներին եւ «Առավոտ» օրաթերթի դիպլոմներին:
«Առավոտ» օրաթերթը հատուկ պատվոգրեր հանձնեց ՀԱՕԿ-ին՝ առողջ ապրելակերպը նաեւ լրատվական դաշտում արմատավորելու եւ օլիմպիական գաղափարները տարածելու ուղղությամբ կատարվող աշխատանքի համար, ինչպես նաեւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանին՝ մարզական խաղերի սեղանի թենիսի մրցավարությունը բարձր մակարդակով ապահովելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ