Ընտանիքի տարվան նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ տոհմածառերի ցուցահանդես: Ցուցանմուշները ձեռք էին բերվել Հրազդան քաղաքից և հարակից Քաղսի, Լեռնանիստ և Մեղրաձոր գյուղերից: «Ծառը վերարտադրության խորհրդանշան է, և դարեր շարունակ ազգակցական կապերը ներկայացվել են ծառի տեսքով»,- մեկնաբանեց թանգարանի տնօրեն Աշոտ Գևորգյանը: Նա պատմեց, որ տոհմածառերը հնում ծառայել են որպես սրբապատկեր. դրա մասին են վկայում նմուշների վրա հայտնաբերված մոմի հետքերը: Անդրադառնալով ժամանակի ընթացքում տոհմածառերի նշանների կրած փոփոխություններին՝ պարոն Գևորգյանը մանրամասնեց, որ սկզբնապես ծառի ճյուղերը կրել են ընտանիքի տղամարդկանց անունները: Այնուհետև 19-րդ դարում կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց իգական սեռի ներկայացուցիչներին սկսեցին պատկերել տերևի կամ թռչունի տեսքով:
Ցուցահանդեսին ներկայացված տոհմածառերի շարքում էր նաև 1634թ Լոնդոնում հրատարակված ավետարանում պատկերված ազգի տոհմածառի կրկնօրինակը, որի համաձայն՝ մարդկությունը սկիզբ է առել Հայկական լեռնաշխարհից: Ծառարմատի փոխարեն Մասիս սարն է, որի գագաթին հանգրվանել է Նոյան տապանը:
Բանախոսը մտաբերեց, որ 1990-ականներին միջազգային կազմակերպություններից մեկն առաջարկել էր Երևանում կառուցել աշխարհի տոհմածառը, սակայն ծրագիրն այդպես էլ չիրականացավ: Հայի կյանքում ընտանիքի գերակայության շուրջ այցելուներից շատերը համակարծիք էին: Արմատներով գավառցի, Ամերիկայում բնակվող Արտուշ Աբգարյանը, ով ցանկանում է տուն գնել Հրազդանում և ընտանիքը հայրենիք տեղափոխել, ցավով նշեց, որ Հայաստանում ընտանիքի արժեքն անկում է ապրում, քանի որ շատացել են ամուսնալուծությունները: «Հիշում եմ՝ 70-ականներին բարեկամների, մասնավորապես հարևանների հետ կապը շատ ամուր էր. առիթ էինք փնտրում հանդիպելու և հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելու»,- հավելեց թանգարանի տնօրենը:
Նրա կարծիքով՝ սոցիալ-տնտեսական պայմաններն են մարդկանց անտարբերության պատճառը: Սակայն Հրազդանում դեռ շատ նահապետական ընտանիքներ կան, որտեղ պահպանվում է ամուր և մեծ ընտանիքի գաղափարը:
Կարդացեք նաև
Անի Անտոնյան