Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը լավատեսորեն է տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների հարցում։ «Ռուսաստանը մնում է մեր մեծագույն դաշնակիցը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները ֆինանսական օգնությունները, զենքը…աղոթենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը համընկել են»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի Հայաստանում ռուսաց լեզվի կիրառության եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին` ասաց բանաստեղծը։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հարցին` ինչո՞ւ ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել, պատասխանել էր. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնվել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք և արդյոք մե՞նք մեղավոր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային»,-նշել էր Ռիժկովը։
«Թե ինչ կասի Ռիժկովը, ոչինչ, եթե նա տարակուսանք է հայտնում Ղրիմի եւ Ղարաբաղի վերաբերյալ, ոչինչ սխալվել է»։ Այնուհետեւ երկար բանավիճելուց հետո մի փոքր փոխեց իր տեսակետը. «Ղալաթ է արել Ռիժկովը, որ այդպիսի բան է ասել, բայց վիթխարի օվկիանոսում Ռուսաստանը այն ուժն է, որ Թուրքիային չի թողնում, որ մտնի Ղրիմ»,-նշեց բանաստեղծը։
Անդրադառնալով Ռիժկովի այն հայտարարությանը, որ այն ժամանակները չեն, որ չխոսեն Հայաստանում ռուսաց լեզվով, ասաց, որ հայոց լեզվի վրա ոչ ոք «վրա տալ» չի կարող. «Ինչո՞ւ են շատանում անգլիական թեքումով դպրոցները, ես գտնում եմ, որ ռուսական դպրոցները պիտի շատանան, մեզնից յուրաքանչյուրը պիտի ռուսերեն իմանա»,-ասաց պրն Հարությունյանը։
Գրականագետ Դավիթ Գասպարյանը թեմայի վերաբերյալ այլ կարծիք ունի եւ կողմ է ազգային կրթությանը. «Արդեն վիրավորական է, երբ դրսից մեզ դիտողություններ են անում»։
Ռիժկովի՝ Արցախի եւ Ղրիմի վերաբերյալ հայտնած տեսակետի մասին, նա ունի հետեւյալ կարծիքը. «Այստեղ շահեկան դիրքում է Ղարաբաղը, քանի որ Ղարաբաղը պատմականորեն հայկական հող է, իսկ Ղրիմը ցարական ժամանակներից նվաճված եւ բազմիցս վերանվաճված հող է։ Ղարաբաղը իր տեղում է՝ Հայաստան եղել է եւ Հայաստան էլ կմնա»։
Կարդացեք նաև
«Չեմ կարծում, որ ռուսը այդպես կխոսի Ադրբեջանում, նշանակում է մենք հեշտությամբ մեր ազատությունը մատուցեցինք մեր վաղեմի բարեկամին, մենք այդ բարեկամությանը կողմ ենք, սակայն այդ բարեկամությունը միակողմանի չպիտի լինի»,-մտահոգություն հայտնեց գրականագետը։
Ասուլիսի մեկ այլ բանախոս երգիչ, երգահան Արտավազդ Բայադյանն էլ
Ռիժկովի հայտարարությունը համարում է, որ այն Ռուսաստանի կողմից ամենաապահով սուտն է, որ երբեւէ մեզ կերակրում են. «Միշտ ասում են Ղարաբաղը ուրիշ հարց է։ Մենք մեր վերաբերմունքը չենք արտահայտում, մենք անում ենք այն, ինչ մեզ ասում են, եւ սա ցույց է տալիս, որ մենք մեր անկախությունը լավ չենք գիտակցում։ Մենք այնքան նեղացրեցինք մեր ազդեցության շրջանակը՝ ամեն ինչ վաճառելով, որ մեր պետությունն այլեւս ոչինչ չունի, դրա համար մեզ ինչ կուզեն կթելադրեն։ Նրանց վերաբերմունքը այնպես է, կարծես Երեւանսկի գուբերնիային են վերաբերվում»,-ասաց Արտավազդ Բայադյանը։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ