Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայկական խոհանոցի շաբաթ կանցկացվի

Նոյեմբեր 01,2014 13:48

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության անդամները նախագահ Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ վերջերս հայկական խոհանոցն ու ավանդույթները ներկայացրել են Թուրքմենիայում, Արգենտինայում և Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Շուտով սպասվում է այց Թուրքիա, որտեղ ռեստորաններից մեկում հայկական խոհանոցի շաբաթ կլինի: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու կազմակերպության այլ անդամներ լրագրողներին «համեղ զրույցի» էին հրավիրել՝ ներկայացնելու ճամփորդությունից ստացած տպավորություններն ու Թուրքիայում կայանալիք հանդիպման մանրամասները: Անդրադառնալով երեք երկրներում կայացած հանդիպումներին, պարոն Մամուլյանը նշեց. «Մենք ունեցանք հրավեր Թուրքմենիայից, որտեղ 2017 թվականին պետք է անցկացվեն «Азиады 2017» անունը կրող օլիմպիական խաղերը:Մարդիկ երեք-չորս տարի առաջ արդեն իսկ ուսումնասիրում ու որոշում են՝ ինչ խոհանոց պետք է ներկայացվի տվյալ միջոցառմանը: 64 երկրների ցանկում կլինի նաև Հայաստանը:

Հաջորդ ուղղությունը Արգետինան էր, որտեղ ևս հաջողությամբ ներկայացրինք մեր ազգային խոհանոցը: Հրավերը բարեգործական էր. ճաշկերույթի ամբողջ հասույթը մենք տրամադրեցինք երիտասարդներին ու երեխաներին, որպեսզի այցելեն հայրենիք, ծանոթանան և կապ պահեն Հայաստանի հետ: Այցելության շրջանակում Արգենտինայում 120 հոգու համար կազմակերպվեց վարպետության դաս, հայկական խոհանոցի մեծ հյուրասիրություն, և նաև հնարավորություն ունեցանք տեղի համապետական ալիքով ներկայացնել մեր խոհանոցը՝ մասնավորապես հայկական տոլման: Իսկ Մոսկվայում մեր խոհանոցը ներկայացվեց ռուսական Ուղղափառ եկեղեցուն կից ռեստորանում: Նրանք նպատակ ունեին միասին ներկայացնել քրիստոնեական խոհանոցները: Արդյունքները և՛ մեզ, և՛ հյուրընկալող կողմերին բավարարում են»:

Կրկին խոսելով «Азиад-2017» փառատոնի մասին, հ/կ անդամ Ռուբեն Պողոսյանը մեր մասնակցությունը կարևորել է նաև այն փաստով, որ մասնակիցների կազմում տեղ գտած Ադրբեջանը կանխավ անհաջող փորձ է ձեռնարկել արցախյան խոհանոցը միաձուլել ադրբեջանականին: Բանավեճից հետո «Ղարաբաղ» ցուցանակը հանվել է Բաքվի տաղավարից ու մեր խոհարարների հարցին ի պատասխան, ադրբեջանցի խոհարարը նշել է, որ իրենց պետությունը 9.000.000 եվրո ներդրում է անում այս ոլորտում՝ ազգային խոհանոցը պրոպագանդելու և ներկայացնելու համար: Խոհարարներն «եփում» են այն, ինչ իրենց հանձնարարվում է: Անդրադառնալով Թուրքիայում կայանալիք հանդիպմանը, Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նոյեմբերի 6-ին հ/կ խորհրդի անդամ Գրիշա Անտինյանը պետք է գործուղվի Թուրքիա՝ Ստամբուլ, որտեղ ռեստորաններից մեկում հայկական խոհանոցի փառատոն-շաբաթ կլինի: Հ/կ նախագահը հավելեց, որ սա ևս մեկ լավ առիթ է թուրքերին փաստելու, որ շատ ուտեստներ, որոնք հաճախ ներկայացվում են որպես թուրքական, իրականում մերն են թե՛ բաղադրատոմսով, և թե՛ նույնիսկ անվանման բառարմատով:

Սյունե ՍԵւԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930