Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռիսը շատ խելոք կենդանի ա, բան չի օգնի». Քաղաքապետարանից հրահանգվածների պատասխանը

Նոյեմբեր 01,2014 12:37

Երեկ Aravot.am-ը անդրադարձել էր Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի առաջին մուտքի խնդրին, որում աղբատարը առնետների եւ խոշոր չափերի հասնող խավարասերների գոյատեղի է դարձել, որոնք մտնում են վերելակ ու բնակարաններ:

Երեւանի քաղաքապետարանը, որոշել էր գնալ Aravot.am-ի հրապարակման հետքերով, ու խոստացել որ հենց այսօր առավոտյան համապատասխան մարդկանց կուղարկի այնտեղ հարցը կարգավորելու:

Շենքի բնակիչներից փորձեցինք պարզել, արդյոք իրենց մոտ եղել են համապատասխան կառույցի ներկայացուցիչներն ու ուսումնասիրել, զբաղվել խնդրով: Տեղեկացանք՝ մարդկանց մի խումբ է եկել, որոնցից հինգ-վեց հոգին հրահանգ տվողներ են եղել, ապա համատիրությունից մարդիկ են եկել, ու ինչպես ամեն անգամվա բողոքից հետո է լինում, այս անգամ էլ միայն քանդված պատի անցքերն են փակել, փոխանակ հիմնովին վերանորոգեն: Շենքի բնակիչների հարցին, թե մեկ է՝ մեկ ամսից նույն վիճակն է լինելու, ինչու սրան հիմնովին լուծում չեք տալիս, նորմալ չեք վերանորոգում, համատիրությունից ասել են, թե «կռիսը շատ խելոք կենդանի ա, բան չի օգնի»:

Հետո հրահանգվել է, աղբը տարել են, սակայն պատճառաբանել, որ մեկ է, եթե դուռն էլ փակ պահվի, միեւնույն է, նույն աղբը բերելու են կողքի շենքերից լցնեն այս անգամ փակ աղբատարի դռան դիմաց: Սրա պատճառն էլ այն է, որ շենքի բակում հինգ հարկանի շենքեր կան, իսկ նրանք ընդհանուր աղբատարից պետք է օգտվեն, որը նրանց համար հեռու է, բացի այդ՝ խանութներն են այս մուտքի աղբատարին մոտ, դրա հետեւանքով բոլորի աղբը այստեղ է լցվում: Եւ եթե նույնիսկ ամեն օր էլ աղբը տարվում է, միեւնույն է, նույն վիճակն է լինում, առնետներն էլ՝ չեն պակասում:

Բնակիչները նաեւ նշեցին, որ ժամանակին գերմանական ինչ-որ կազմակերպություն եկել, ուսումնասիրել է Երեւանի աղբահանության խնդիրը, նրանք նաեւ ասացին, թե իրենց տեղեկություններով, այդ հարցով զբաղվում են ինչ-որ արաբներ, իսկ այսօրվանից՝ ըստ համատիրության աշխատակիցների, դրսի կազմակերպություն է զբաղվելու Երեւանի աղբահանության հարցով ու ամեն ինչ կարգավորվելու է: Բնակիչները վստահ են, որ անգամ «դրսի» կազմակերպությունը չի կարող այս հարցը լիարժեք լուծել, քանի որ ինչ-որ բան սկսելու համար, առանց գներ բարձրացնելու չի լինի, ներդրումներ են պետք եւ այլն:

Ընդամենը կես ժամանոց աշխատանք կատարելուց հետո, հարցով «անհանգստացնողերը» հեռացել են, իսկ բնակիչների անհանգստությունը չի պակասել, հարցն էլ՝ չի լուծվել: Բնակիչների խոսքով՝ ընդամենը դեղեր են լցնում, որից առնետները սատկում են, հետո էլ՝ մեկ ամիս տառապում են այդ հոտից:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930