Կամքը թող ձերը լինի, եղբայրնե՛ր ու քույրեր, այսօր կարծես թե ոչ մի ասելիք չունեի. մտածում էի՝ չէ՞ որ ամեն ինչ վաղուց արդեն ասված է, եւ հետո՝ ո՞ւմ եւ ի՞նչ պիտի ասես հիմա, որ տեղահանի կարդացողի սիրտը, անհանգստացնի նրան, բայց տարօրինակ մի բան. աշնանային իրիկվա մեջ մի գավաթ տաք սուրճի պատկերը շեղեց միտքս:
Եվ ես պարզ տեսա Միկենե աշխարհի ճերմակ մարմարե անպարիսպ քաղաքները, որոնց՝ դեպի բաց ծով իջնող ողորկ աստիճաններն ամեն օր լվանում էին Միջերկրականի ջրերը:
Եվ քանի որ մեր օրերի իրատես միտքը շարունակ փորձում է քննել հնագույն քաղաքակրթությունների թնջուկ-հանելուկը, այն պեղեց, քննեց ու շփոթվեց, թե ինչո՞ւ այդ շքեղ քաղաքները, ժամանակների հաստատված կարգին հակառակ, չունեին պաշտպանական պարիսպներ: Եվ միայն շատ ավելի ուշ հասկացան, որ դրանք քաղաք միջնաբերդեր էին, քանի որ նրանց պարիսպները ծովն էր, իսկ ծովը մեծ էր ու այնքան ամբողջական, որ չէր ճանաչում ոչ մի պարիսպ:
Եվ վերջապես՝ ոչ մի պարիսպ եւ ոչ մի ծով չի կարող փրկել քաղաք կամ պետություն, եթե ներսում ապրողներից ամեն մեկն իր մեջ չհասկանա, որ արտաքին հարեւանն ու բարեկամը կամ պարիսպն արտաքին կայուն կմնան, քանի դեռ կա ամբողջական ցեղի միջնաբերդը հաստատուն:
Եվ այդ պարզ իմաստության փնտրտուքի ճանապարհին նույնիսկ հրեաները թափառական հավաքվեցին մի օր իրենց րաբբիի մոտ եւ հարցրին.
– Ինչո՞ւ մենք չունենք հայրենիք, ինչո՞ւ ենք մենք թափառական:
Ծեր, իմաստուն րաբբին լսեց նրանց ու ասաց.
– Վաղը բոլորդ եկեք Սինագոգ ու ամենքդ ձեզ հետ բերեք մեկ շիշ օղի, եւ ես կպատասխանեմ ձեր հարցին:
Հաջորդ օրը բոլորը հավաքվեցին Սինագոգում, որտեղ րաբբին մի մեծ չան էր դրել: Եվ նա ասաց,
– Լցրե՛ք ձեր բերած օղիները այս չանի մեջ:
Բոլորը դատարկեցին իրենց շշերը: Րաբբին վերցրեց արծաթե թասը, չանից օղի լցրեց ու տվեց մոտիկ կանգնածին, ասաց.
– Խմի՛ր:
Հրեան խմեց ու բացականչեց.
– Բայց սա օղի չէ, ջո՛ւր է:
– Ա՛յ, դրա համար էլ դուք հայրենիք չունեք ու թափառական եք,- ասաց րաբբին,- քանի որ մտածել եք, թե ձեր բերած մի շիշ ջուրը չի նկատվի ուրիշների բերած օղիների մեջ, բայց ողբերգությունն այն է, որ բոլորդ եք այդպես մտածել…
Միկենեի չքնաղ քաղաքներն, իհարկե, կործանվեցին, քանի որ եսակենտրոն անձնապաստանությունը խաթարել էր նրանց միջնաբերդը, եւ նույնիսկ ծովը մեծ զորու չեղավ փրկելու նրանց…
Կարդացեք նաև
Կամքը դարձյալ ձերը լինի, քույրե՛ր եւ եղբայրնե՛ր, քանզի հավերժության գաղտնիքը մեր մեջ միջնաբերդը որպես կամք ունենալն է եւ մեզ աշխարհի մեջ ճանաչելու պատկերացումը՝ նույնպես:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2014