Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տղամարդկանց եւ կանանց հավասարությունը

Նոյեմբեր 01,2014 17:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը եւ բլոգեր Տիգրան Քոչարյանը:

Արամ Աբրահամյան.– Մեզ պե՞տք է, որ լինի գենդերային հավասարություն, գուցե պետք էլ չի դրա համար պայքարել:

Զարուհի Հովհաննիսյան.- Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է, որ լինի, որովհետեւ հասարակությունը պիտի հասնի ի վերջո հարմոնիայի երկու սեռերի միջեւ, ազգերի միջեւ եւ ընդhանրապես՝ համակեցության կանոնների, որոնք դեռեւս չեն պահպանվում: Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կինը համարվում է թույլ սեռ եւ ճնշվում է ցանկացած կերպով՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ աշխարհում: Եթե ընդհանրապես ճնշված չլիներ, ՄԱԿ-ը այդքան բանաձեւեր ստիպված չէր լինի ընդունել հենց կանանց իրավունքների մասին:

Ուրեմն՝ ի սկզբանե կնոջ մոտ դարերից ի վեր եղել է ճնշվածության եւ հետեւողականորեն ստորադասման ամբողջ գործընթաց, դրա համար հիմա առաջադեմ մարդկությունը փորձում է պայքարել գենդերային հավասարության համար, որը Հայաստանում դեռեւս չկա:

Ա. Ա.- Ըստ Ձեզ՝ պե՞տք չի, դա Արեւմուտքի հնարած հիմարությո՞ւնն է:
Տիգրան Քոչարյան.- Մի քիչ հեռվից գամ՝ Զարուհին շատ ճիշտ խոսեց՝ որպես հայ կին, ծնող: Ուրիշ ժամանակ մենք ասում ենք՝ ինչու մենք հայեցի չենք խոսում, ի՞նչ է նշանակում «գենդեր», եկեք սեռերի հավասարությունից խոսենք, կնոջ, տղամարդու հավասարությունից, այո, խնդիր չկա, այստեղ համաձայն եմ 100 տոկոսով: Թե ինչու ենք ներմուծում «գենդեր» բառը՝ անհասկանալի է:

Զ. Հ.- Այսինքն՝ տերմինի թարգմանության խնդիր ունե՞նք:

Տ. Ք.- «Գենդեր» թարգմանությունը ոչ միայն սեռն է, որ մենք պատկերացնում ենք, այլեւ «գենդերը» սոցիալական ձեռքբերովի վարքն է:

Ա. Ա.– Տղամարդիկ եւ կանայք պե՞տք է հավասար լինեն:

Տ. Ք.– Այսպես ասեմ՝ 5 մատն էլ իրար հավասար չի: Կինը իր հավասար տեղն ունի, տղամարդն՝ իր, ինձ համար տհաճ է, երբ կինը ծանրաձող է բարձրացնում, ֆուտբոլ խաղում եւ այն:

Զ. Հ.- Դա ձեր անձնական զգացմունքների դաշտն է:

Տ. Ք.- Ոչ, կինը չպետք է ամեն ինչում կապվի տղամարդուն, եւ տղամարդն էլ ամեն ինչում կապվի կնոջը:

Զ. Հ.- Դուք այս դեպքում դեմ եք սիրուն, որովհետեւ եթե մարդը սիրում է բարձրացնել ծանրաձող, նրան չպետք է սահմանափակել:

Տ. Ք.- Իմ ասածն այն է, որ կինը առանձին աշխարհ է, տղամարդն՝ առանձին, այդ երկու աշխարհը իրար հավասար են, բայց նմանեցնել՝ կնոջը տղամարդ դարձնել, տղամարդուն՝ կին, իմ կարծիքով՝ շատ սխալ է: Ի վերջո ես չեմ կարող երեխա լույս աշխարհ բերել, իսկ դուք չեք կարող մեծ ծանրություններ բարձրացնել զուտ ֆիզիոլոգիապես: Եկեք չխառնենք, որովհետեւ կինը միշտ գեղեցկության հետ է համեմատվել:

Ա. Ա.– Այսինքն՝ Դուք, այնուամենայնիվ, ունեք ինչ-որ կարծրատիպեր, որ կինը սա է, տղամարդը՝ սա:

Տ. Ք.– Թե կինը, թե տղամարդը Աստծո կողմից տրված էակներ են, իրար հավասար ամեն ինչով, բայց իրար հավասար են որպես էակներ, բայց տղամարդն ունի իր ֆունկցիաները, կինը՝ իր, բնությամբ է այդպես տրված, պետք չի, որ տղամարդը կանացի գործի, կինը՝ տղամարդավարի: Տղամարդը պետք է հարգի, սիրի որպես կնոջ, նույնն էլ կինը: Տղամարդն էլ պետք է այնպես անի՝ տղամարդն իրեն տղամարդ զգա, եւ նույնը նաեւ հակառակը:

Զ. Հ.– Ես նորից ուզում եմ վերադառնալ սոցիալական դերակատարմանը, դուք խոսում եք ամբողջովին ֆիզիոլոգիայի, կենսաբանության մասին, դա չի քննարկվում:

Տ. Ք.– Հոգեկան աշխարհի մասին եմ խոսում:

Զ. Հ.- Քննարկվում է միայն իրավահավասարության եւ սոցիալական ներկայացվածության խնդիրը, գենդերը հենց դա է: Հակառակ դեպքում էլ, օրինակ, մեր բակի տղաներին էլ դուր չի գալիս, որ մեր հարեւանը ջութակ է նվագում, ասում են՝ դա ինչ տղամարդու գործ է, սպորտսմեն եղիր եւ այլն: Իմիջիայլոց, եթե անդրադառնանք գենդերային խնդիրներին, բոլոր ճնշումները, որոնք կատարվում են բանակում, դրանք գենդերային խնդրին են առնչվում, որովհետեւ այնտեղ էլի սկսվում է՝ ես ավելի ուժեղ տղամարդ եմ, ավելի տղամարդկային եմ, դու ավելի ստորադաս ես, ավելի թույլ ես եւ այլն:

Տ. Ք.– Դա գենդերային չի, դա տղամարդկային աշխարհի, բնական ինստինգների, բնությունից եկած պատկերն է, դա լիդերության, ամեն տեղ ոհմակի առաջնորդ դառնալու տղամարդկությունն է:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930