Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանի պատասխանը Տեր-Պետրոսյանի քննադատությանը

Նոյեմբեր 01,2014 17:00

«Ինձ համար ընդունելի չէ սեւի-սպիտակի հարթության վրա պարզապես կույր վեճը: Վեճը պետք է լինի առարկայական, դրանում պետք է լինեն փաստարկներ, որոնց հիման վրա պետք է հանգեն եզրակացությունների»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ սպասվող քաղաքական քննարկումներին եւ խորհրդարանական քաղաքական ուժերի որդեգրած կեցվածքին՝ ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նա դրական է գնահատում այն քաղաքական ուժերի մոտեցումը, որոնք հայտարարում են, որ երկրում չպետք է փնտրել թշնամիներ, այլ հակված են բանավեճերի ու խոսակցությունների միջոցով սխալները բացահայտելու: Գագիկ Հարությունյանը համոզված է` մեր հավաքական իմաստնությունը կբերի նրան, որ ռացիոնալ զարգացումների ճանապարհ կգտնվի:

Վերջին տարիների քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ իր գնահատականներում եւ քննադատություններում ամենառադիկալը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Նրա քաղաքագիտական վերլուծություններում քննադատությունների մի հսկա բաժին նաեւ Գագիկ Հարությունյանին հասավ:

«Առավոտի» հարցին` ինչպե՞ս եք գնահատում եւ ընդունում դրանք, Գագիկ Հարությունյանն ասաց, որ ցանկացած քննադատություն ինքը «փշերի վրա» չի ընդունում: «Ինքն իր փաստարկներն ունի. հնարավոր է՝ դրանց հիմքում դրված են ոչ լիարժեք տեղեկատվություն, սուբյեկտիվ գնահատականներ… ոչ թե դրանից պետք է նեղացվածության կամ ինչ-որ հետեւություններ անել, այլ պետք է գտնել` ինչո՞ւ է այդպիսի հարցադրումներ կատարվում, ինչի՞ն է ուղղված քննադատությունը: Միգուցե նաեւ օբյեկտիվ պատճառներ կա՞ն»,- պատասխանեց մեր զրուցակիցը` հավելելով, որ եթե մոտեցումը սխալ է, ինքը ջանում է գործով ապացուցել դրա սխալականությունը:

«Այս պարագայում նույնպես առաջին նախագահն առաջ է քաշում խնդիրներ, որոնց զգալի մասն ամենաընդհանրական ձեւով եւ սահմանադրագիտական մոտեցումների տեսանկյունից արտացոլված են այս հայեցակարգում: Շատ մարդիկ նույնիսկ հայեցակարգը կարդալուց հետո ասում են` սա ընդդիմությո՞ւնն է գրել, թե՞ իշխանությունների կողմից է պատրաստված, որովհետեւ օբյեկտիվ ախտորոշման արդյունքում արվել են եզրահանգումներ, որոնք բավականին դառը հաբեր են ցանկացած մեկի, նաեւ իշխանությունների համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930