Եվ, մասնավորաբար, իշխանության վարքագծում
«Հոկտեմբերի 24-ի հանրահավաքն ավելի մարդաշատ էր, քան հոկտեմբերի 10-ինը, եւ դա ինքնին արդեն ցուցանիշ է»,- սա մթնոլորտի փոփոխության չափելիության գլխավոր ցուցանիշն է, որն «Առավոտի» հետ զրույցում մատնանշեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը` պատասխանելով հարցին` վերջին հանրահավաքից հետո արդյոք չափելի՞ է մթնոլորտի փոփոխությունը, ինչո՞վ է դա արտահայտվել: Բանն այն է, որ երեկ տված հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի համաձայնել դիտարկմանը, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքն ավարտվեց, կյանքը մտավ բնականոն հուն՝ նույն խնդիրներով, նույն մթնոլորտում: «Հոկտեմբերի 24-ից հետո մթնոլորտը փոխվել է»,- ասել է պարոն Ծառուկյանը: Վահան Բաբայանը նկատում է, որ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ մի գործընթաց, որը տարբեր խոսակցությունների առիթ տվեց. «Իրոք փոփոխություն կա մեր հասարակության մեջ: Դա հետեւյալն է` մարդիկ հասկանում են, որ մենք հաշվարկված եւ սառնասիրտ քայլերով գնում ենք դեպի իշխանափոխություն, որ երկրում կուտակված խնդիրների լուծումը մեկ օրում հնարավոր չէ տալ»: Իբրեւ հաջորդ փաստարկ՝ մեր զրուցակիցը ներկայացնում է, որ «հասարակության տարբեր շերտերից ավելի լայն զանգվածներ են միավորվում համաժողովրդական շարժմանը»: Ու նկատում է, որ հենց այդ պատճառով է եռյակի առջեւ դրված հանրապետությունով մեկ միասնական շտաբներ ձեւավորելու հանգամանքը: Վահան Բաբայանն ասում է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո արձագանքներ են եղել նույնիսկ սփյուռքից, ու պնդում է, որ տարբեր երկրներում գտնվող մեր հայրենակիցներն իսկապես ոգեւորված են նրանից, որ եռյակն իշխանափոխության համար սառնասիրտ եւ առանց ցնցումների ճանապարհն է ընտրել:
Դիտարկմանը` նույն տրամաբանությամբ իշխանության որեւէ ներկայացուցիչ կարո՞ղ է հայտարարել, որ կառավարության փոփոխությունից հետո իրենց համար երկրում մթնոլորտ է փոխվել: Այլընտրանք քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորն ասաց, որ, համենայնդեպս, իրենք սպասելիքներ ունեն ամբողջական իշխանափոխությունից: Մինչդեռ նախօրեին իր կուսակից ընկեր Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ եռյակի գերխնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Վահան Բաբայանն ասում է, որ համակարգային փոփոխությունների, մասնավորաբար՝ քաղաքական եւ տնտեսական մենաշնորհի վերացումից հետո ոչ իշխանական ուժերը մթնոլորտի փոփոխություն կարձանագրեն: Հիշեցրինք, որ իր նշանակման առաջին իսկ օրից վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, որ իր կառավարության թիրախում խոշոր բիզնեսն է լինելու:
Օրերս 2015-ի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ էլ վարչապետը վերահաստատեց իր տրամադրությունները: Քանի դեռ որեւէ խոշոր գործարար հարկային դաշտում չի հայտնվել, քանի դեռ փորձ է արվում մանր ու միջին բիզնեսի միջոցով խոշորներին «նեղել», ինչպես եղավ շրջանառության հարկի նվազեցման կիրառման տարբերակում, ոչ իշխանականների կասկածները չեն փարատվի:
Կարդացեք նաև
«Վստահ եմ՝ իշխանությունները տեսան դժգոհության ալիքը, եւ հուսով եմ՝ հասկացան, որ հին մեթոդներն ու քայլերն իրենց արագորեն տանելու են փակուղի»,- իր հարցազրույցում ասել է ԲՀԿ առաջնորդը: Ի՞նչն է նրան հիմք տվել վստահություն ունենալու, որ իշխանություններն անհրաժեշտ եզրակացությունն են արել, ամսի 24-ից հետո ի՞նչ փոփոխություններ են նկատվում իշխանության վարքագծում՝ «Առավոտի» հարցերին ԲՀԿ-ական պատգամավորը ծեծված, թերեւս մի քիչ էլ ժամանակավրեպ պատասխան տվեց. «Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կարծիք չհայտնելը, ավելի ճիշտ՝ այն տեղափոխելը փետրվար-մարտ ամիսներին խոսում է նրա մասին, որ իշխանությունը մտահոգված է այս ամեն ինչով եւ լավ հասկանում է, որ չի կարելի այս պահին սահմանադրական բարեփոխումների հարց դնել»: Նկատենք, սակայն, որ իշխանության ներկայացուցիչները նախագահի այդ որոշման համար այլ պատասխան ունեն` սահմանադրական բարեփոխումների քաղաքական քննարկումների համար ժամանակ է պետք: Ի դեպ, ոչ ամսի 10-ի, ոչ 24-ի հանրահավաքից հետո իշխանական շրջանակներում բարեփոխումներին ուղղված կամ ընդդիմությանն ընդառաջ գնալու քայլեր ավելին, քանի մինչ հանրահավաքներն էին արվում, չկան: Ավելին՝ իշխանական շրջանակներում կարծես բավական հանգիստ եւ առանց ջղաձգումների են ընդունում եռյակի հանրահավաքները: Այնքան հանգիստ, որ նույնիսկ չեն էլ խոչընդոտում:
Վահան Բաբայանը նաեւ հավելեց. «Ես լիարժեքորեն կիսում եմ պարոն Ծառուկյանի կարծիքը, ինքը շատ ավելի լավ ու լիարժեքորեն է տիրապետում իրավիճակին, քան մենք յուրաքանչյուրս: Ինքը մեր կուսակցության առաջնորդն է, ես վստահում եմ իր կարծիքին ու այն թեզերին, որոնցով մենք շարժվում ենք»:
Գագիկ Ծառուկյանը եւս մեկ հետաքրքրաշարժ դիտարկում է արել` ասելով. «Մարդիկ ուզում են նոր քաղաքական դեմքերով եւ նոր քաղաքական ուժերով իշխանություն»: Հատկապես ամսի 24-ի հանրահավաքից հետո քաղաքական դաշտում քիչ չէին նաեւ վերլուծություններն այն մասին, որ հասարակությունը նոր դեմքեր է ուզում տեսնել նաեւ ոչ իշխանական, ընդդիմադիր ճակատներում, մարդիկ բոլորից են հոգնել, քանի որ այս կամ այն ճամբար հայտնվելով, իշխանությունից այլընտրանք կամ ընդդիմություն դառնալով՝ մարդիկ իրականում չեն փոխվում, ընդամենը բառապաշարն է փոխվում: ԲՀԿ-ական պատգամավորը, բնականաբար, դա որակում է «սուբյեկտիվ դիրքորոշում»: «Մենք ունենք այն, ինչ ունենք` նոր մարդիկ էլ կան, փորձառու մարդիկ էլ կան, երիտասարդ գործիչներ էլ կան. այդ ամենի համախմբումը ներկայացնում է այն քաղաքական թիմն ու ֆորմատը, որն այսօր ունենք, եւ որի համար ես հպարտ եմ: Կլինեն խնդիրներ, կլինեն տարակարծություններ, տարբեր մոտեցումներ, բայց դա գործի ընթացքն ու իրերի դասավորվածությունը չի փոխում: Ունենք երեք ուժերի միավորված եւ ուժեղացող ֆորմատ, ունենք հասարակության աջակցությունը, որը երեւաց եւ ամսի 10-ին, եւ 24-ին: Իշխանափոխության օրերը մոտենում են, մնացածը` ընթացքում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2014