Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակից ադրբեջանական անեկդոտներ էր պատմում

Նոյեմբեր 01,2014 16:00

Լարիսա Ալավերդյանը վրդովված է, թե մի սահման կա,
որից ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չպետք է անցներ

Եռյակի` հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Ընդդիմության ընդդիմությունը Սերժ Սարգսյանի բարեկամն է»: Այս հայտարարությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, բացառեց ՀՀ ներքաղաքական դաշտում երրորդ ուժի դերակատարությունը՝ խնդիրները դիտարկելով «սեւի» եւ «սպիտակի» հարթությունում: Եռյակի գործունեությունը բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ քննադատում են, մյուսները, եթե չեն էլ քննադատում, ապա լուրջ սպասելիքներ չունեն այդ շարժումից:

ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավեդյանը եւս «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, թե «այն ակնկալիքները չունի եռյակի պայքարից, ինչի համար Ազատության հրապարակում են հավաքվում հազարավոր մարդիկ»: Մեկ այլ առիթով տիկին Ալավերդյանը չէր բացառել, որ եռյակը ճանապարհ է հարթում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: Տիկին Ալավերդյանից հետաքրքրվեցինք` ընդդիմանալով եռյակին, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է հայտարարում, ինքն իրեն Սերժ Սարգսյանի բարեկամը համարո՞ւմ է: Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, Լեւոն Տեր-Պետրոսյանի անեկդոտներից հետո հրաժարվում եմ մեկնաբանել առաջին նախագահի որեւէ հայտարարություն: Կա մի սահման, որից մեր նախագահները չպետք է անցնեն»:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ընթացքում հնչեցրած անեկդոտների շարքում էր Սոչիի եւ Ղարաբաղի մասին անեկդոտը: Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում վրդովվեց ու ասաց, թե՝ «անթույլատրելի էր նման բան, ի վերջո՝ սրբություններ պետք է պահպանել», հետո էլ նշեց, որ այդ անեկդոտը լայնորեն շրջանառվել է ադրբեջանական մամուլում:

Արդյոք այս ամենից հիասթափվա՞ծ է տիկին Ալավերդյանը: Նա պատասխանեց` «Ի՞նչ եք ասում», ու շարունակեց. «Կա երկիր, իրապես կան խնդիրներ, եւ կա այն ժողովրդի ուժն ու ներուժը, որը պետք է փոխի այս ամենը դեպի դրականը: Ավելին՝ ասել եմ, որ այս շարժումը առնվազն մեկ խնդիր լուծում է. արթուն պահել ժողովրդին, եւ ի վերջո դա մի հարթակ է, որտեղ ժողովուրդը կարողանում է արտահայտել իր բողոքն ի ցույց իշխանության: Ես ոչ ընդդիմադիր եմ եղել այդ ընդդիմությանը, որ ինձ վրա ընդունեմ այդ արտահայտությունները, ոչ էլ ընդունում եմ սեւի եւ սպիտակի մեջ այդ արտահայտությունը»:

Տիկին Ալավերդյանը կարծում է, որ իշխանությունը եւս զգայուն պիտի լինի նման խնդիրների նկատմամբ, քանի որ ժողովուրդը հենց այնպես չի գալիս հրապարակ: Միեւնույն ժամանակ ՀՀ առաջին օմբուդսմենը վստահեցնում է, որ հարթակում կանգնածների եւ հարթակի ներքեւում գտնվող ժողովրդի խնդիրները տարբեր են: Մեր հարցին՝ փաստորեն ժողովրդի իրավունքները ոտնահարվա՞ծ են, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ցավոք, քաղաքականությունը չի համընկնում զուտ բարոյական խնդիրների կամ իդեալների հետ: Ցանկացած պետությունում ինչ-որ բաների են հասել մարդկային շահերի բախման շնորհիվ, թեկուզ ամեն քաղաքական ուժ իր շահերն է հետապնդել, քանի որ այդ դաշտում է, որ ժողովուրդը կարողանում է քայլ առ քայլ, ժամանակ առ ժամանակ հասնել ինչ-որ խնդիրների լուծման»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930