Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական կրթությունը «սրերով» ընդունած ուսուցիչները այսօր այդ երեխաներով հպարտանում են

Նոյեմբեր 01,2014 15:30

Դպրոց ոտք դնելուն պես՝ կես ժամ հետո ամբողջ դպրոցն Էդմոնդին ճանաչել է: Հիպերակտիվ վարքով այս երեխան, ինչպես ուսուցիչներն են պատմում, նույնիսկ հինգ րոպե դպրոցական նստարանին չի կարողացել հանգիստ նստել եւ անընդհատ շարժման մեջ է եղել: Այսօր Էդմոնդը սովորում է 8-րդ դասարանում, բոլոր դասերին պարտաճանաչ հաճախում է, բոլորի հետ հավասար դաս է անում:

Էդմոնդն այսօր ուսուցիչների պարծանքն է. դպրոցում առաջատարներից է, նախաձեռնող եւ լիդեր: Պատմում են, որ լուսանկարչական սուր աչք ունի, եւ ուսուցիչները վստահ են, որ դպրոցն ավարտելուց հետո Էդմոնդը շատ հաշմանդամություն ունեցող  մարդկանց պես չի փակվելու 4 պատի արանքում, այլ իր «հացը» վաստակելու է:

«Նա աշխատելու է եւ իր ընտանիքը պահելու է, այլ ոչ թե ընտանիքն է աշխատելու, որ Էդմոնդին պահի: Էդմոնդն այսօր ինքնուրույն կարող է հոգալ իր խնդիրները»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը: Նրա խոսքերով՝ ներառական կրթությունը այս դպրոցում ներդրվել է մեծ ջանքերի արդյունքում:

Nerarakan-3

Չնայած նրան, որ 4 տարի առաջ մեր երկիրը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որի 24-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունները պարտավոր են ապահովել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք չմեկուսացվեն համընդհանուր կրթության համակարգից, սակայն մեզ մոտ այսօր քիչ դպրոցներ կան, որտեղ ներառական կրթությունը հաջողված է: Դպրոցներում դեռեւս չունենք այդ երեխաների հետ աշխատող մասնագետներ, շենքերն ու հասարակական տրանսպորտը հարմարեցված չեն եւ այլն, ինչի հետեւանքով էլ հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաներ մնում են տանը փակված կամ էլ հաճախում են հատուկ դպրոցներ:

Մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում մոտեցումները վաղուց այլ են. հանրակրթական դպրոցներում պետք է ստեղծվեն հավասար պայմաններ բոլոր երեխաների համար, իսկ հատուկ դպրոցները խտրական եւ կողմնակալ վերաբերմունքի արդյունք են։
Ներկայումս թիվ 20 դպրոցում ներառական կրթություն են ստանում 54 հատուկ կարիքներով երեխաներ: Հնարավոր է՝ այս երեխաներից ոչ բոլորը կարող են կոտորակ հաշվել, բայց, ինչպես ուսուցիչներն են վստահեցնում, այդ երեխաներն այսօր հասարակության մեջ իրենց լիարժեք անդամ են զգում: Նշենք, որ ներառական կրթությունը թիվ 20 դպրոց է մտել 8 տարի առաջ: Այսօր արդեն թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար այն ապրելակերպ է, աշխատանք: Դպրոցում մեծից փոքր զայրանում են, երբ դրսից որեւէ մեկը այս երեխաների համար «անկարող» տերմինն է օգտագործում: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեցին հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները՝ այստեղ իրենց երեխաները մասնակցում են բոլոր միջդպրոցական միջոցառումներին՝ մրցույթներին, ցերեկույթներին, էքսկուրսիաներին:

«Առավոտի» հետ զրույցում կրտսեր դպրոցի ուսմասվար Լարիսա Մովսեսյանն ասում է, որ իրենց դպրոցում ներառական կրթության զարգացմանն օժանդակում են ուսուցիչները, ծնողները, առհասարակ բոլոր նրանք, ում միջամտությունը կարող է այս կամ այն կերպ օգտակար լինել: Տարիների փորձից տիկին Մովսեսյանը հասկացել է, որ ի սկզբանե էլ երեխաները դեմ չեն իրենց կողքին հաշմանդամություն ունեցող երեխա տեսնելու, եւ կարծրատիպերն ավելի շատ ծնողների մոտ են:

nerarakan

Լարիսա Մովսեսյանը խոստովանում է, որ ներառական կրթությանը դեմ են եղել նաեւ իրենց դպրոցի որոշ ուսուցիչներ եւս, սակայն այսօր այդ նույն ուսուցիչները հպարտանում են այդ երեխաներով. «Շատ էինք վախենում՝ ծնողներն ինչպես կընկալեն, երեխաներն ինչպես կընկալեն, երբ որոշ երեխաների բերեցին, նրանց տեսնելով՝ սարսափեցինք, որ մենք անուժ ենք նրանց հետ աշխատելու, ուսուցիչները դժվար ընդունեցին, որովհետեւ շատ պատասխանատու գործ էր, չէինք պատկերացնում՝ ինչպես կընթանա այդ գործընթացը: Հատուկ գիտելիքներ չունեինք, հատուկ մասնագիտական հնարքների չէինք տիրապետում, մեթոդները չգիտեինք եւ այլն: Սակայն երեխաները միանգամից ընդունեցին, միանգամից ընկալեցին, ընդամենը առաջին օրը մի քանի դասղեկների, դասվարների ասացինք, որ այսպիսի երեխա է գալու ձեր դասարան եւ վերջ: Իսկ այն դասարանում, որտեղ ինչ-որ բան այնպես չի եղել, ուրեմն դասատուն է թերացել: Մենք ունեցել ենք այդպիսի դեպքեր, սուր ռեակցիաներ եւ շատ խիստ ենք խոսել ուսուցչի հետ. եթե ուսուցիչը չի ուզում աշխատել նման երեխաների հետ, ուրեմն ավելի շուտ ինքը կգնա դպրոցից, քան այդ երեխաները, քանի որ դա շատ մեծ շանս է այդ երեխաներին ինտեգրելու հասարակություն: Այդ տարիներին մենք ընդունել ենք երեխաների, որոնք լրիվ հուսահատ էին, այսօր մենք նրանցով հպարտանում ենք»:

nerarakan-2

7-ամյա Էրիկի մայրը՝ Դիանա Մեհրաբյանը, տղային դպրոց է տանում եւ, ինչպես ինքն է ասում՝ հանգիստ խղճով հեռանում: Դասընկերները, նույնիսկ բարձր դասարանցիները Էրիկին ամեն հարցով օգնում են: Էրիկը հենաշարժողական, լսողական եւ խոսքի խնդիրներ ունի, սակայն դպրոց հաճախելուց հետո մայրը երեխայի մեջ մեծ փոփոխություններ է նկատել. «Էրիկն այսօր պարապմունքներին էլ մեծ հաճույքով է գնում: Սիրել եւ ընդունել է ուսուցիչներին, մթնոլորտը նրան շատ հոգեհարազատ է դարձել: Քանի որ ընդհանուր առմամբ բոլոր ուսուցիչները, կոլեկտիվը խնդիրներ ունեցող երեխաներին առանձնապես չեն առանձնացնում, բայց մյուս կողմից՝ մեծ ուշադրություն են դարձնում, մյուսներն էլ չեն կարող այլ կերպ վարվել: Ինչ վերաբերում է մեր դասարանին, ապա երեխաները Էրիկին յուրահատուկ ձեւով օգնում են, դպրոցն այնպես է հարմարեցված, որ իմ մնալու կարիքը չի էլ լինում: Երբ դպրոց եկավ, սկսեց շատ բաներ հասկանալ, նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ լրիվ փոխվեց»:

Այս երեխաների հետ աշխատող լոգոպեդ Նաիրա Մխիթարյանի խոսքերով՝ Էրիկի մոտ առաջընթացն ավելի մեծ կլիներ, եթե պետությունը լուծեր նրա լսողական ապարատի խնդիրը. «Ճիշտ է, ամեն ինչ արվում է ե՛ւ դպրոցի, ե՛ւ թիմի, ե՛ւ աշակերտների կողմից, բայց երեխան չի լսում, որովհետեւ նրա լսողական ապարատը լավը չէ: Մեր ուսուցիչները, երեխաները ամեն ինչ անում են, որ այդ երեխան ամենակարեւորը՝ մտավոր հետ չգնա, որովհետեւ եթե մարդը չի խոսում, նրա մտավորը հետ է գնում: Մեզ մոտ ժեստեր չեն օգտագործվում ընդհանրապես, մենք հաղորդակցվում ենք նրանց հետ: Նա ամեն ինչ ընկալում է, նրա պասիվ բառապաշարը համապատասխանում է ճիշտ տարիքային զարգացմանը, Էրիկը չի խոսում, բայց նրա մտավորը հետ չի գնում: Պետությունը պետք է ֆինանսապես աջակցի նման երեխաներին: Մենք հաշմանդամ բառը նրանց համար չենք օգտագործում, որովհետեւ մենք չենք համարում նրանց հաշմանդամ»:

Դպրոցում հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատում է բազմամասնագիտական թիմը: Ամեն դասարանում 2-3 հաշմանդամություն ունեցող երեխա է սովորում: Թիմն է որոշում, թե ո՛ր երեխան ո՛ր ուսուցչի մոտ պետք է սովորի: Հատուկ մանկավարժ Արմինե Բաբայանն ասում է, որ ծնողը նույնպես համարվում է թիմի անդամ. «Մենք դպրոցում ինչ անում ենք՝ չի կարող այստեղով սահմանափակվել, ծնողը պարտավոր է տանը աշխատել, եթե չաշխատի, մենք արդյունքի չենք հասնի, եւ սա այն դեպքն է, երբ պետք է ծնողի աջակցությունը: Երբ գրում ենք երեխայի անհատական ուսումնական պլանը, ծնողը բոլորի հետ նստած է սեղանի շուրջը: Քննարկում ենք սպասվելիք առաջխաղացումները, զարգացման ուժեղ ու թույլ կողմերը, առանց որի մենք չենք կարողանա տեսնել, թե ինչի կարող ենք հասնել: Որ դեպքում ծնողը մեզ հետ է՝ արդյունքները շատ արագ են լինում, որ դեպքում ծնողը աչքաթող է անում՝ երեխայի մոտ վատ արդյունքներ են արձանագրվում»:
Մինչ երեխայի դասարան մտնելը՝ թիմի անդամները՝ հոգեբանը, հատուկ մանկավարժը, սոցիալական աշխատողը ուսուցիչներին եւ դասարանի երեխաներին, այսպես ասած, պատրաստում են:

Թիվ 20 դպորցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն էլ իր հերթին է երեխաներին դպրոց ընդունելու բերած ծնողներին տեղեկացնում, որ դպրոցում ներդրված է ներառական կրթություն, եւ հնարավոր է, որ դասարանում լինեն հատուկ կարիքներով երեխաներ:
Սոֆյա Հովսեփյանի խոսքերով՝ պատահել է, երբ ծնողը, շատ լավ տեղյակ լինելով ներառական կրթությանը, հրաժարվել է իր երեխային բերել այս դպրոց՝ պատճառաբանելով, թե ինքը տեսնելով այդ երեխաներին՝ հուզվում է եւ չի ուզենա, որ իր երեխան էլ ունենա այդ հուզմունքը. «Բայց նրա երեխան իր կյանքում ապահովագրված չէ, որ մի օր չի տեսնի այդպիսի երեխաների, տարիքային մի փուլում պիտի հանդիպի: Իսկ մեր դպրոցի երեխաների համար չկա տարբերություն. երբ այդ հարցը նրանց տալիս ես՝ վիրավորվում են»:

Հոգեբանի հավաստմամբ՝ այդ երեխաներն այնքան են ներառվել, որ անգամ դպրոցի ներառական կրթությունը ստուգելու եկած տեսուչները չեն կարողացել տարբերել, թե որ երեխան է ներառված, որը՝ ոչ. «Առանց մեր գիտության տեսուչը՝ ասելով, թե դուրս է գալիս մաքուր օդի, մտել էր մի դասարան, որտեղ հաշմանդամություն ունեցող  երեխաներ են սովորում: Եկավ մի թուղթ ձեռքին՝ անուններ գրված: Ասաց՝ այս երեխայի մոտ աուտիզմ է, այս երեխայի մոտ՝ մտավոր հետամնացություն, այս երեխայի մոտ վարքային խնդիրներ են, նայում եմ ու տեսնում, որ այդ 3 երեխան էլ ներառված չեն, բայց այդ դասարանում իսկապես կային աուտիզմով, վարքային խնդրով երեխաներ, բայց տեսուչը ոչ մեկին չէր նկատել, այնքան ներառված վիճակ էր, եւ միայն մի երեխայի էր կարողացել տարբերել, որն էլ, սակայն, ակնհայտ ֆիզիկական հաշմանդամություն ուներ: Տեսուչն ասաց՝ ես էլ չեմ ուզում ձեր թղթերը ստուգել, ստուգումները կիսատ թողեց, ասաց՝ ես ձեր մոտ անելու բան չունեմ»:

Այս դպրոցում ներառական կրթությանը դեմ ուսուցիչներից մեկը մաթեմատիկայի ուսուցչուհի Նաիրա Ավետիսյանն է եղել, սակայն այսօր տիկին Մաթեւոսյանը ոչ թե պարտականություն է կատարում, այլ մեծ պատասխանատվությամբ ու սիրով է այդ երեխաներին կրթում. «Այնպես չէ, որ գրեցինք, ստացանք ինչ-որ բան ու վերջ, ոչ՝ մենք դրան պիտի անդրադարձ անենք, տեսնենք՝ արդյոք մենք հաղթահարե՞լ ենք այդ խնդիրը, թե՞ ոչ:

Երբ այդ երեխաները ոտք դրեցին մեր դպրոց, ես գաղափար չունեի նրանց խնդիրների մասին: Բայց հիմա ես գիտեմ՝ որի առաջ ինչ խնդիր պետք է դնել, ու ես պետք է տեսնեմ՝ կկարողանա՞մ հասնել դրան: Թիմը սարի պես մեր թիկունքին կանգնած է, եւ ինչ հարցում որ դժվարանում ենք, նրանց ենք դիմում»:

Դպրոցում սոցիալ-հոգեբանական մթնոլորտի մասին խոսելիս մեր զրուցակիցները բերում են արդեն դպրոցն ավարտած Ռուզաննայի օրինակը: Ռուզաննան այժմ սովորում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:

«Ռուզաննան հաշմանդամություն ունեցող մեր երեխաներից էր: Դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո՝ մարտի 8-ին, նրա դասընկերները՝ ձեռքներին ծաղիկներ, եկել էին ուսուցիչներին շնորհավորելու, ամբողջ դասարանը բերում էր այդ ծաղիկները, իսկ Ռուզաննան վերցնում եւ մեկ-մեկ նվիրում էր, այսինքն՝ այս տեսարանը ներառված լինելու շատ վառ օրինակ էր: Կարող էին չէ՞, դպրոցն ավարտելուց հետո Ռուզանին չներգրավել, բայց ընդհակառակը՝ գլխավոր դերում նա էր»,- մեզ հետ զրույցում պատմում է Սոֆյա Հովսեփյանը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների, նրանց ծնողների հետ ամենօրյա աշխատանքի մեջ է նաեւ սոցիալական աշխատող Սյուզաննա Ղանդիլյանը: Եթե մի երեխա այդ օրը դպրոց չի հաճախում, տիկին Ղանդիլյանն անպայման ճշտում է նրա բացակայության պատճառը, նույնիսկ տուն է այցելում:

«Վերջերս մի երեխա 4 օր դպրոց չէր հաճախել, ես գիտեի, որ նրանց տանը ընտանեկան խնդիրներ կային: Սոցաշխատողը պարտադիր հատկապես նոր դպրոց հաճախող աշակերտներին տուն այցեր է կատարում, որպեսզի տեղյակ լինի՝ երեխան ինչ պայմաններում եւ ում հետ է ապրում, եւ քանի որ այդ երեխան արդեն 4 օր բացակայել էր, մայրն էլ ասում էր՝ երեխայի նշիկներն են լցվել, որոշեցի առանց զգուշացնելու նրանց տուն գնալ՝ համոզվելու, որ իսկապես այդպես է: Եվ որքան մեծ էր իմ ուրախությունը, երբ տեսա երեխային գրասեղանի մոտ, կոկորդը կապած ու դպրոցի հանձնարարությունները կատարելիս: Մայրն ասաց, որ ամեն երեկո զանգում են, դասերի տեղը ճշտում, որպեսզի երեխան այդքան էլ հետ չմնա: Այսինքն՝ ծնողի համագործակցությունը շատ կարեւոր է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930