Գործ տվող բատրակների աջակցությամբ կուլակների աշխատասեր
զանգվածը մասամբ ոչնչացվեց, կենդանի մնացածները Սիբիր քշվեցին
Ինչպես սպասվում էր, նոր վարչապետի գործունեությունը սկսվեց տնտեսական բարեփոխումներով: Ավանդույթների համաձայն, այդ «բարեփոխումները» ընթացք են ստանում առանց հետադարձ հայացքի, առանց նախորդների գործունեության արդյունքների հիմնավոր վերլուծության, թերությունների ու դրանց ծնող պատճառների բացահայտման, փոքր եւ միջին ձեռնարկատիրության՝ բարեփոխումների ենթակա սուբյեկտների վերլուծության: Առայժմ արձանագրված արդյունքները խղճուկ են, երկրում աղքատության մակարդակը հետեւողականորեն մոտեցվել է 50%-անոց շեմին, «ջղաձգվողների կրիտիկական զանգվածը նվազեցնելու» պատճառաբանությամբ խթանում ենք արտագաղթը, մնացողների մեծամասնությունը գործազուրկ է, իսկ աշխատատեղ ունեցողները օրավարձով աշխատելով՝ զրկված են կենսաթոշակային կենսագրություն ձեւավորելու հնարավորությունից կամ իրավազուրկ են, ինչպես «Ոսկու շուկայի» տիրոջ մոտ:
Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ բարեփոխումների հիմնական վճռորոշ դերակատարները բանկային եւ հարկային համակարգերն են, որոնք իրենց տոկոսադրույքներով կարող էին աջակցել ու խթանել տնտեսվարողների գործունեությունը, ապահովել տնտեսության առաջընթացը: Սակայն համակարգի սերիալային դերակատարների կարծրացած նույնաբովանդակ մոտեցումներով դժվար թե նպաստավոր իրադրություն ձեւավորվի:
Բարեփոխումների նոր շրջափուլը՝ առանց բանկային «տոկոսավաճառության» դրույքաչափերը վերանայելու, առանց երկրում կարծրացած «ստվերի» ակունքները ուսումնասիրելու, դատապարտված է հերթական հետընթացի: Եվ ահա վարչապետին մատուցում են հերթական սցենարը՝ եզի տակ հորթ փնտրելու անհեթեթ բովանդակությամբ, երբ «խոշոր» գործարարների, նրանց հովանավորների ստեղծած անարգել գործող ստվերի պատասխանատուն դառնում են փոքր եւ միջին ձեռնարկությունները, իրենց հաշվետվություններով, պարտադրելով վերջիններիս իրենց սուղ միջոցներն ու չունեցած եկամուտներն ուղղել հաշվապահի եւ ինչու չէ՝ փաստաբանի հաստիքներ ապահովելուն, որպեսզի դիմակայեն ՍԴ նախագահի հայտնաբերած գիշատիչների ասպատակություններին: ԱԺ-ում զսպող նոր օրենքները բացառվում են, հապճեպ ընդունվում է 1%-անոց խայծով շրջանառության հարկի օրենքը՝ տնտեսության մեջ առկա ստվերը բացահայտելու պատասխանատվությունը փոխանցելով փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ վարչապետի թամադայությամբ:
Կարդացեք նաև
Այսպիսով հարթակում դեմ հանդիման հայտնվել են երկու անձնազոհության պատրաստ կողմեր՝ վարչապետը, որը զոհելով իր բարեկեցիկ կյանքը վայելելու հնարավորությունը, ստանձնել է երկիրը տնտեսական անբարենպաստ վիճակից հանելու առաքելությունը եւ երկրորդ կողմը՝ բազմահազար մանր եւ միջին ձեռնարկատերերը, որոնք հրաժարվելով այլ երկրներում բարեկեցիկ կյանք ստեղծելու գայթակղությունից, ֆինանսական եւ նյութական միջոցներ չունենալով, փորձում են բարձր տոկոսներով վարկերով վտանգել իրենց համեստ սեփականությունը, գործունեություն ծավալել, ընտանիք պահել, աշխատավարձ ու հարկեր վճարելով երկիրը երկիր դարձնել: Եվ ահա այս վերջիններից պահանջում են խոշոր հարկատուների ու կառավարող համակարգի համատեղ ջանքերով ստեղծված անխափան գործող «ստվերի» դեմ արդյունավետ պայքար, որի գաղափարը տասնյակ տարիների վաղեմություն ունի, երբ գործ տվող բատրակների աջակցությամբ կուլակների աշխատասեր զանգվածը մասամբ ոչնչացվեց, կենդանի մնացածները Սիբիր քշվեցին: Այսօր մխիթարությունը Սիբիր մուտք չունենալն է, իսկ արդարացումը հարկային համակարգի գլխավոր քուրմերի ներկայացմամբ՝ ընդամենն այդ համակարգին աջակցելու հայրենանվեր գործ է՝ աջակցությունից հրաժարվողներին սպասվող քառաստիճան պատժամիջոցներով:
Առաջարկի անհեթեթությունը նրանում է, որ հեղինակները ի սկզբանե անկեղծ չեն առկա թնջուկի իրական պատկերը ներկայացնելուց եւ անընդհատ կրկնում են բերանացի արած «խոշորները փաստաթղթեր տալիս են, իսկ փոքր եւ միջին ձեռնարկատերերը չեն ուզում» ապատեղեկատվությունը՝ քողարկելով ամենաառանցքային հարցը՝ ի՞նչ փաստաթղթեր են առաջարկում խոշորները: Իրականում նրանք շրջանցելով շուկայական ողջամտության բոլոր կանոնները, իրենց ներկրած, «մաքսազերծված» ու «հարկազերծված» ապրանքները առաջարկում են ներքին շուկայում գործող 5-10 անգամ ավելի ցածր գներով: Միայն մեկ օրինակ. մեծահոգաբար ընդառաջելով՝ ներկի 1 բալոնի համար ստացած 5700 դրամի փոխարեն առաջարկել են 550 դրամի փաստաթուղթ, ինչը հիմք էր տալիս ենթադրելու, որ այդ թանկարժեք ներկը երկիր է մուտք գործել 500 դրամի ձեւակերպումով, իսկ 50 դրամը ընդամենը շահույթի իմիտացիա է:
Եթե առաջարկվող փաստաթղթում նշված գինը իրական է, ստացվում է, որ ներկրողը այն իրացնում է 10 անգամ գերազանցող գնով, ինչը հակասում է շուկայական պարզագույն օրինաչափություններին կամ համաձայնեցված է ներկրողների համքարության շրջանակներում եւ հաստատված «տնտեսական մրցակցության» օրինաչափությունն ապահովող ատյանի կողմից, իսկ ներկրման այդպիսի գների արհեստածին լինելը հնարավոր է կամ պատկան ատյանների բարյացակամ աչքաթողության, կամ շահեկան փոխհամաձայնության պայմաններում: Խեղված շուկայական բնապատկերի ու «ստվերի» ձեւավորմանը նպաստում է նաեւ այն, որ ապրանքաշրջանառության մոտ 80%-ը ներկրվում է արտերկրից՝ մի դեպքում թանկարժեք ապրանքը էժանի, մի այլ դեպքում՝ վերջնական ապրանքը հումքի կամ կիսաֆաբրիկատի, կարագը՝ սփրեդի, սննդամթերքը՝ խտանյութի, ոսկեղենը՝ բիժուտերիայի անվան տակ կամ էլ ֆիրմային թանկարժեք հագուստեղենը եւ այլ ապրանքատեսականի է ներկրվում կիլոգրամներով՝ տարատեսակ արտոնյալ կազմակերպությունների միջոցով:
Մինչդեռ իրականում կլինի ստվերի դեմ պայքարի իմիտացիա, որը հարկային գործակալների ստվար բանակին կապահովի աշխատատեղեր ու ասպատակությունների անծայրածիր դաշտ, իսկ փոքր եւ միջին ձեռնարկատերերի հարկային պարտավորությունների թեթեւացումը հղի է հարկային համակարգի ոչ միայն ներքին օղակների աշխատատեղերի կրճատմամբ, այլ նաեւ բարձրաստիճան գեներալների անգործությամբ: Փոքր եւ միջին ձեռնարկությունները հարկային համակարգի համար առանձնակի հետաքրքիր են ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց կողմից կատարվող գործարքների մեծաքանակությամբ: ՓՄՁ-ները ընդամենը 1000 դրամ շահույթ ստանալու համար նվազագույնը 5 գործարք պետք է իրականացնեն, հետեւաբար օրվա ակնկալիք նվազագույն շահույթը կպահանջի ավելի քան 100 գործարք, իրենց հնարավոր թերացումներով, ինչը հարկային գործակալների կողմից «պատշաճ» կերպով ներկայացնելու եւ ուռճացնելու միջոցով՝ սոված, նրբագեղ լորտու հիշեցնող սուբյեկտին ուղտի տեսքով կարող են ներկայացնել, արդյունքում՝ իրենց անձնական, երբեմն էլ պետական բյուջեն համալրել:
ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Փոքր ձեռնարկատեր, Թոշակառուների հայկական միավորման հ/կ նախագահ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2014