Հոկտեմբերի 22-ին Անահիտ Խաչատրյանին է ուղարկվել Արաբկիր
եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանի կայացրած որոշումը՝ նրա բողոքը մերժելու մասին:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի քննիչ Գոհար Գրիգորյանը քաղաքացու բողոքը քննության չի առել, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի Անահիտ Խաչատրյանը դիմի դատարան:
Բողոքաբերը հայտնել էր, որ փետրվարի 10-ին Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանին էր դիմել. «Սեփականության իրավունքով ինձ պատկանող Աղբյուր Սերոբի 52/1 հողատարածքում հարեւանս՝ 52/3 սեփականատեր Վ.Հովնիկյանը կատարել է հողափորման աշխատանքներ, փորել է իրենց տան հիմքին մոտ, վնասել է հիմքը, պատը, շինարարական աղբը լցրել մեր հողատարածքի վրա, հողի մակերեսների խիստ տարբերության հետեւանքով մենք զրկվել ենք մեր սեփական գույքի օգտագործման հնարավորությունից»:
Հարուցվել էր քրեական գործ: Քննությունը տեղափոխվել էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի քննչական բաժնի քննիչ Գոհար Գրիգորյանի վարույթ:
Այս տարվա մայիսի 21-ին ստացվել էր քննիչի որոշումը՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Այդ որոշումը վերացնելու համար Անահիտ Խաչատրյանը դիմել էր քաղաքի դատախազին:
Վերջինի գրությամբ էլ մերժվել էր քաղաքացու բողոքը:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարան դիմելով՝ Ա. Խաչատրյանը բարձրացրել էր քննիչի ոչ պատշաճ վերաբերմունքի հարցը. «Ի սկզբանե Գ.Գրիգորյանը գործին վերաբերվել է պակաս պատասխանատվությամբ: Այդ պատճառով նրա կողմից գործի քննությունը կատարվել է ոչ լիարժեք, թերի ու ոչ օբյեկտիվ, ինչը խոսում է հանցագործի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մասին»:
Քննիչն էլ է ստացել Ա. Խաչատրյանի դիմումները, որում բողոքաբերը նշում է, տեղեկացնում, որ հարեւանի հողօգտագործման աշխատանքների ժամանակ վնասվել է իրենց գույքը, առաջացել է հողամասի տարբեր մակերեսների խիստ տարբերություն, ինչը զրկում է իրենց օգտագործել սեփական գույքը:
Քննիչը գիտեր, որ վնասվել է քաղաքացու տան հիմքը, քանի որ առկա էր նաեւ փորձագիտական եզրակացություն:
Համաձայն այդ փորձագիտական եզրակացության. «Աշխատանքներն իրականացվել են Աղբյուր Սերոբի 52/1 տան երկայնքով, շուրջ հիսուն սանտիմետր հեռավորության վրա, իսկ առանձին հատվածներում տան հիմքերին անմիջապես հարակից հատվածում: Հանված հողի բարձրությունը կազմում է մեկուկես մետր, առաջացնելով հողային շերտի փլուզման վտանգ, որը ենթակա է կանխման»:
Քննիչը, Անահիտ Խաչատրյանի կարծիքով, գործը խորությամբ չի քննել, ցուցաբերել է մակերեսային, անփույթ մոտեցում, անդրադարձել է պատի ճաքին միայն, մինչդեռ իր եւ հարեւանի ցուցմունքներում կան էական հակասություններ, ինչի հետ կապված քննիչը չի կատարել առերեսումներ, մի բան, որ պարտավոր էր կատարել:
Մասնավորապես, հարեւան Վ.Հովնիկյանը տեղեկություն էր տվել այն մասին, որ իր կողմից ցանկապատն ինքնակամ հեռացվել է, եւ իրենց հողի տասներկու քառակուսի մետր տարածքի զավթման մասին: Չնայած Ա. Խաչատրյանն այդ մասին լուսանկարներ, ապացույցներ է ներկայացրել, հանված հարեւանի կադաստրային գործից, սակայն քննիչն այդ ապացույցներն ընդհանրապես չի ուսումնասիրել, հետեւաբար՝ չի գնահատվել:
Հարեւանի բացատրությունները համարել է հավաստի:
Բացի այդ, ըստ Անահիտ Խաչատրյանի, նախաքննությունն իրականացնող մարմինը չի հետաքրքրվել, թե ինչու է հարեւանը խախտել երկու մետր հեռավորության շինարարական նորմը, գործի ոչ լիարժեք քննության պատճառով, իրենց հողատարածքը նախկին տեսքին չի բերվել, քանի որ անգամ նման պարտավորություն չի դրվել հարեւանի վրա:
Քննիչը ծառայողական պարտականությունները կատարել է թերացումներով:
Բացի պատի ճաքից, հարեւանը փորման աշխատանքներ էր կատարել իր հողատարածքում, «հանցավոր ոտնձգություն» կատարել ուրիշի գույքի նկատմամբ, վնասել է շենքի հիմքը:
Փորձագետի եզրակացությանը կից նկարներից երեւում էր այդ ամենը, չնայած եզրակացության մեջ կար այսպիսի եզրահանգում. «հարեւանը ճաքը չի առաջացրել, շենքի հիմքը չնայած վնասվել է»:
Քննիչը դատարանում հայտնել էր, որ բողոքաբերն իր դիմումում անդրադարձ չի կատարել, քանի որ Անահիտ Խաչատրյանը վարչական դատարան էր դիմել՝ հարեւանի կողմից հողը զավթելու մասին, գործը եղել է կասեցված, քանի որ փորձաքննություն է նշանակված եղել, մինչ այդ, եթե չպարզվեր, թե տվյալ հողն ում է պատկանում, այդ մասով ինքը քննություն չէր կարող անցկացնել:
Այդ իսկ պատճառով, ըստ քննիչի, քննվել է պատի ճեղքի, ճաքի հետ կապված խնդիրը: Եզրակացությունը ստանալուց հետո կարող էր անդրադառնալ մյուս հարցերին:
Արաբկիրի դատարանը մերժել է Անահիտ Խաչատրյանի բողոքը, այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, տասնօրյա ժամկետում, ինչը պատրաստվում է անել Անահիտ Խաչատրյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2014