Նոր մանրամասներ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
(Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատարի անվան շուրջ պտտվող սկանդալի մասին:
Այս օրերին հանրային հնչեղություն է ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի ֆեյսբուքյան էջը կոտրելու ու այդտեղից վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելու թեման, քննչական կոմիտեից էլ «Առավոտին» հաստատել են, որ Պոլիտեխնիկի երկու աշխատակիցների բնակարաններ են խուզարկվել գործի շրջանակներում: «Առավոտը» բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանից (լուսանկարում) հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ դասախոս է բուհի Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը, որը Պոլիտեխնիկում իր քեռու՝ Աշոտ Խաչատրյանի ղեկավարած ֆիզիկայի ամբիոնում է աշխատում: Ի դեպ, Աշոտ Խաչատրյանը նաեւ պրոռեկտոր է:
Պարոն Աղբալյանը նշեց, որ Խոյեցյանը ֆիզիկայի ամբիոնում 0,25 հաստիքով աշխատում է որպես ասիստենտ, եւ հիմնականում լաբորատոր դասերն է վարում:
Պրոռեկտորը տեղեկացրեց, որ իրենց ստուգայցերի արդյունքում պարզվել է, որ Խոյեցյանը քանիցս բացակայել է դասերից եւ նրան փոխարինել են ամբիոնի լաբորանտներ Լուսինե Թադեւոսյանը, Նարինե Դավթյանը եւ Ռայա Խլոպուզյանը. «Եթե դասախոսը չի ներկայանում, ապա նրան պետք է փոխարինի դասախոս, ամբիոնի վարիչի կողմից նշանակված, ոչ թե լաբորանտ: Պարոն Խոյեցյանի կողմից ինձ տրված տեղեկատվության համաձայն՝ ինքն այդ դասերից բացակայել է, որովհետեւ կանչել են քննչական ինչ-ինչ հարցեր պարզաբանելու»:
Մեր հարցին՝ իր տպավորությամբ ո՞ւմ էր ձեռնտու այս սկանդալը, հնարավո՞ր է Պոլիտեխնիկում այս ամենի հետեւում մարդիկ լինեն կանգնած, Սուրեն Աղբալյանը պատասխանեց. «Չեմ կարող գուշակել… բայց մեզ անհրաժեշտ է, որ բուհում լինի կարգուկանոն, դասախոսը ժամանակին մտնի լսարան, տա այն նյութը, որը ուսումնական ծրագրով նախատեսված է, որպեսզի կարողանանք ապահովել որակյալ կրթություն: Միգուցե կան այդպիսի մարդիկ, որ ցանկանում են իրավիճակը սրել, ես որպես ուսումնական գծով պրոռեկտոր՝ աշխատում եմ, եւ իմ գործն է այնպես անել, որ ուսումնական գործընթացը չտուժի: Ուստի ստիպված եմ եղել դիմել ռեկտորին, որպեսզի իրականացնենք տարբեր տեսակի ստուգումներ: Իմիջիայլոց, մեզ մետ դասապրոցեսի ստուգումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, արդյունքները դեկանատների կողմից անմիջապես մտցվում են էլեկտրոնային համակարգ: Ես ցանկացած պահի կարող եմ համակարգիչը բացել եւ նայել՝ ովքեր են բացակայում»:
Կարդացեք նաև
«Առավոտի» հարցին՝ իր տպավորությամբ բուհում վստահո՞ւմ են ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին: «Եթե չվստահեին, աշխատանքը չէր ստացվի: Անձամբ ես վստահում եմ, որովհետեւ իրականացնում եմ այն ծրագիրը, որը ռեկտորը ներկայացրել է, իսկ եթե կան մարդիկ, որ չեն վստահում, դա իրենց խնդիրն է»:
Դիտարկմանը, որ մի ժամանակ բուհում նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ գործող «խումբ» կար, հիմա էլ կարծես նման մի «խումբ» Հովհաննես Թոքմաջյանի դեմ է գործում, արդյոք ձեռագրերը նման չե՞ն, Սուրեն Աղբալյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այն դեմոկրատիան, որ այսօր կա մեր երկրում, մի քիչ շատ է դեմոկրատացվել, ամեն ինչ կարելի է ասել, բայց պետք է իրական փաստեր հրապարակել: Նախորդ ռեկտորի հետ կապված էլ եղավ նման գործընթաց, ես այն ժամանակ էլ ուսումնական գծով պրոռեկտոր էի, այն հարցերը, որոնք իրենք բարձրացնում էին, ֆինանսական հարցեր էին, իսկ ուսումնական գործընթացի հետ կապված միջադեպ չեմ հիշում, որովհետեւ Արա Ավետիսյանն ուսումնական գործընթացի լավ մասնագետ էր: Այսօր այդ մարդիկ, որ բողոքում են, ֆինանսականի հետ կապված բան չունեն ասելու, ուսումնականն էլ լավ ենք տանում, հիմա էլ ուրիշ բան են մտածել: Ձեռագրի նմանություն կարծես կա»:
Օրերս «Նոյյան տապան» գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում Վլադիմիր Խոյեցյանն ու նրա տեղակալը դժգոհել էին բուհի աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանից, ասել՝ թե նա ոստիկանության նախկին աշխատակից է, ոչ բարեկիրթ մարդ: Պոլիտեխնիկի ուսումնական գծով պրոռեկտորը, սակայն, համաձայն չէ այդ կարծիքի հետ: Նա բավական ժամանակ աշխատանքի բերումով շփվում է Զատիկյանի հետ եւ դրական տպավորություն է ստացել. «Ինչպես կարող է ոստիկանության երիտասարդ գնդապետը, որ 42 տարեկան է, նման պահվածք ունենա: Նորմալ անձնավորություն է, շատ հարգալից էլ աշխատում ենք: Մարդը ի պաշտոնե պարտավոր է վերահսկել համալսարանը՝ սկսած ջրախնայողությունից, վերջացրած կարգուկանոնով, կարծում եմ՝ դրա մեջ որեւէ վատ բան չկա»:
«Առավոտը» երեկ Վլադիմիր Խոյեցյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում իր եւ իր տեղակալ Վահե Կիրակոսյանի բնակարաններում օրերս կատարված խուզարկությանը, որը հաստատել էր նաեւ քննչական կոմիտեն: Պարոն Խոյեցյանն ասաց, որ մեկնաբանելը ճիշտ չի լինի նախաքննական գործընթացի փուլում, նաեւ հավելեց, թե ըմբռնումով է վերաբերվում այդ խուզարկությանը, որը հաճելի չէր: Շրջանառվող վարկածի մասին, որ ինքը իր պրոռեկտոր քեռու՝ Աշոտ Խաչատրյանի կողմից է ուղղորդվում, որովհետեւ վերջինս Պոլիտեխնիկում Թոքմաջյանի պաշտոնանկության մասին լուրեր տարածողներից մեկն է եւ մեծ ցանկություն ունի ռեկտոր դառնալու, Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետը պատասխանեց, թե իր համար նշանակություն չունի՝ ով է իր քեռին կամ հայրը, եւ դա չէր կարող իրեն կաշկանդել՝ գիշերով իր աշխատասենյակ մտնելու մասին ասուլիսում բարձրաձայնելուն:
Իր կարծիքով՝ կապ կա՞ իր հանդեպ իրականացված կարգապահական տույժերի ու սեքս-սկանդալի հետ:
«Չէ, չեմ կարծում, ուրիշ հարց է, որ կարգապահական նկատողությունների իրավական հիմնավորումների հետ համաձայն չեմ, ինչի առիթով դիմել եմ վարչական դատարան»,- ասաց Խոյեցյանը: Իսկ ռեկտորի էջը կոտրելը եւ այնտեղից վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելը նա որակեց ստորության ամենացածր աստիճան: Խոյեցյանը նաեւ նշեց, թե կասկածներ չունի՝ ով կարող է դա կատարած լինել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2014